3 ամիս ժամկետով դադարեցվել է USAID գործակալության աշխատանքները

3 ամիս ժամկետով դադարեցվել է USAID գործակալության աշխատանքները

31

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Միջազգային զարգացման գործակալությունը փակելու մասին։ Սպիտակ տան ղեկավարը մտադիր է ԱՄՆ արտաքին օգնությունը համապատասխանեցնել առաջին հերթին՝ ամերիկյան քաղաքականությանը: Թրամփը պնդում է՝ ամերիկացիների հարկերը պետք է ծառայեն երկրի ազգային շահերին։

Թրամփի վարչակազմը մեղադրել է USAID-ին անարդյունավետության և կոռուպցիայի մեջ: «Արտաքին օգնության ծախսերը ամբողջությամբ կասեցվում են։ Բացառություն կլինեն հումանիտար պարենային օգնությանը և պետական պաշտոնյաների՝ իրենց հիմնական աշխատավայրեր վերադառնալու ծախսերը: Ինքներդ տեսեք այն բոլոր խարդախությունները, որոնք Իլոն Մասկը գտել է գործակալության աշխատանքում»,- նշել է նախագահ Թրամփը:

 Թրամփի որոշումից անմիջապես հետո USAID-ից արձագանքել են՝ «Օգնության ֆինանսավորման կտրուկ դադարեցումը աննախադեպ է կազմակերպության 79-ամյա պատմության մեջ. սա ծանր հետևանքներ կունենա ամբողջ աշխարհում»։

ԱՄՆ-ը ծրագրում է այն միավորել ԱՄՆ Պետդեպարտամենտին` վերածելով մասնաճյուղի: Կոնգրեսի հետազոտական ​​ծառայության տվյալներով՝  կազմակերպությունում աշխատում է մոտ 10,000 մարդ, որոնց երկու երրորդն աշխատում է արտասահմանում, ինչպես նաև  բազաներ ունի ավելի քան 60 երկրներում:

Միացյալ Նահանգներում Թրամփի որոշումը ոչ միանշանակ է ընդունվել: Մի շարք օրենսդիրներ օրինագիծ են ներկայացրել՝ պահանջելով չլուծարել Միջազգային զարգացման գործակալությունը: Ըստ օրինագծի՝ միայն Կոնգրեսը կարող է լուծարել USAID-ը՝ որպես անկախ գործակալություն, և կանխել նախագահի կողմից իր լիազորությունների չարաշահումը: 

«Թրամփը չի կարող ուղղակիորեն վերացնել USAID-ը՝ ստորագրելով գործադիր հրաման, և դրա ցանկացած փորձ չի հաջողվելու»,-նշում են ընդդիմադիրները:

Reuters-ը գրում է, որ Թրամփի վարչակազմի որոշումը տագնապ է առաջացրել մարդասիրական կազմակերպությունների և ՄԱԿ մի շարք գործակալությունների շրջանում: 2024 թվականի ընթացքում Ջո Բայդենի վարչակազմը շուրջ 13,9 միլիարդ դոլար է ներդրել USAID-ի ծրագրերում, իսկ  2023-ին 68 միլիարդ դոլար է ծախսել միջազգային օգնության վրա: Այդ ընդհանուր գումարը բաշխված է մի քանի գերատեսչությունների և գործակալությունների վրա: USAID-ի գումարների ճնշող մեծամասնությունը ծախսվում է Ասիայում,  Աֆրիկայում և Եվրոպայում՝ հիմնականում Ուկրաինայում մարդասիրական օգնությունների վրա:

Սպիտակ տունը հրապարակել է USAID-ի ծրագրերի ցանկը, որոնք, ըստ նրա, վկայում են  չարաշահումների մասին, ներառյալ 1,5 միլիոն դոլարի դրամաշնորհ ԼԳԲՏՔ խմբին Սերբիայում, 2,5 միլիոն դոլար՝ էլեկտրական մեքենաների համար Վիետնամում և 6 միլիոն դոլար՝ Եգիպտոսում՝ զբոսաշրջության համար:

Ըստ Associated Press-ի՝ Թրամփի գործողությունների հետևանքով առաջացած խառնաշփոթը ստիպում է համաշխարհային առաջնորդներին վերանայել իրենց դիվանագիտական ռազմավարությունը Միացյալ Նահանգների նկատմամբ: Գործակալությունը նշում է, որ այն տարիներ շարունակ աջակցություն է տրամադրել փախստականներին, պայքարել համաճարակների ու սովի դեմ:

Իսպանական «Էլ Պաի» թերթն էլ հաղորդել է, որ USAID-ի փակման հետևանքով հազարավոր պաշտոնյաներ վերադարձել են Միացյալ Նահանգներ, ինչը խնդիրներ է առաջացնում հումանիտար աջակցության բաշխման գործընթացում: Օրինակ՝ կարող են տուժել Սոմալին և նմանօրինակ աղքատ այլ երկրներ:

ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն պնդում է, որ կազմակերպության կողմից իրականացվող մի շարք գործառույթներ կշարունակվեն, բայց ծախսերը պետք է համահունչ լինեն երկրի ներքին շահերին: Այն բանից հետո, երբ հայտարարվեց արտասահմանյան ծախսերի 90-օրյա սառեցման մասին, Ռուբիոն ասաց, որ «յուրաքանչյուր դոլարը» պետք է «արդարացվի»  ապացույցներով, որ այն դարձնում է ԱՄՆ-ն ավելի անվտանգ և ուժեղ:

Ստեղծված իրավիճակի հետ կապված մտահոգ են նաև միջազգային բարեգործական մի շարք կազմակերպություններ: Վատիկանի մի քանի բարեգործական կազմակերպություններ քննադատել են օտարերկրյա օգնության կրճատումները՝ հայտարարելով, որ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորման դադարեցումն աղետալի ազդեցություն կունենա զարգացող աշխարհի վրա։ Նրանք «անխիղճ ու քաոսային» են որակել Սպիտակ տան որոշումը, զգուշացրել՝ դա սպառնում է միլիոնավոր մարդկանց կյանքին ու արժանապատվությանը։ 

Փախստականների հարցերով նորվեգական խորհուրդն էլ հայտնել է, որ Վաշինգտոնի դիրքորոշման պատճառով դադարեցնում է մարդասիրական աշխատանքները շուրջ 20 երկրում: 

Ըստ Թրամփի վարած քաղաքականության ընդդիմախոսների՝ USAID-ի գործունեության սահմանափակումը կարող է թուլացնել աշխարհում ԱՄՆ-ի ազդեցությունը և բացասաբար ազդել միլիոնավոր մարդկանց վրա:

ԱՄՆ ՄԶԳ-ի վերացումը, ամենայն հավանականությամբ, կվայելի ժողովրդական աջակցությունը՝ համաձայն ԱՄՆ-ի հարցումների տվյալների, որոնք  ցույց են տալիս լայն աջակցություն՝ արտաքին օգնության ծախսերի կրճատմանը:

Լիանա Քարամյան

4-րդ կուրս

Կիսվել