«Կյանքը ինքնին լուսավոր է շատ, ուղղակի մենք ենք այն մի քիչ գորշ...

«Կյանքը ինքնին լուսավոր է շատ, ուղղակի մենք ենք այն մի քիչ գորշ տեսնում». Հովհաննես Իշխանյան

15

Մասնագիտությամբ օպերատոր Հովհաննես Իշխանյանն առաջին հայացքից կարող է առանձնանալ իր լուսավոր տեսակով և պայծառ անհատականությամբ, մինչդեռ սեփական հիասթափությունների էջերը թերթելով և մշտապես սեփական ձախողումներից դասեր քաղելով, նա այսօր դարձել է այնպիսի մարդ, ով, հետադարձ հայացք գցելով իր անցած ճանապարհին, նշում է. «Այսօր ես հպարտ եմ, իմ անցած ճանապարհի համար` երբեմն քարքարոտ, որով անցել եմ հասնելով այս կետին»։

Դեռ մանուկ հասակում, իր (Motorola V3) հեռախոսով փոքրիկ Հովհաննեսը առաջին վիդեոներն էր նկարում` իր սրտում պահելով օպերատոր դառնալու ցանկությունը։ Իհարկե, նպատակին հասնելու ճանապարհները միշտ չէ, որ հեշտությամբ են հաջողվում: «Մարդ իր կյանքում նպատակին հասնելու համար ոչ մի բանի չպիտի ուշադրություն դարձնի..շատ խոչնդոտներ են եղել, հիասթափություններ, նաև ասում էին` դու չես դառնա օպերատոր, բայց այդ ամենն ինձ չխանգարեց, ավելի մոտիվացրեց, ու ես առաջ շարժվեցի` ոչ մի բան իմ սրտին մոտ չընդունելով: Եթե մարդ ուզում է կյանքում մի կետի հասնել, չպետք է կոտրվի ու հիասթափվի. կյանքը լի է հիասթափություններով, ուղղակի պետք է ոտնակոխ անել ու շարժվել առաջ»։

2014թ.-ին Հովհաննեսը ընդունվեց Երևանի հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի օպերատորության բաժին և երկու ամիս անց ստացավ իր առաջին առաջարկը Շանթ hեռուստատեսու­թյունում։ Ինչպես հիշում է ինքը` իր առաջին քայլերը մեծ ոգևորությամբ էր անում: Իհարկե, միշտ չէ, որ մարդկային խոսքերը ոգևորող են եղել, բայց դրանք երբեք պատճառ չեն եղել նրա համար կոտրվելու…. «Ձախողումների շնորհիվ է, որ մարդը դասեր է քաղում ու շարժվում առաջ, դրանք օգնում են կայանալ կյանքում ու վստահաբար անել հաջորդիվ քայլերը»։

Այսօր Հովհաննեսը աշխատում է Հանրային երկրորդ հեռուստա­ընկերու­թյու­նում։ Այն հարցին, թե ամենից շատ ինչ է իրեն ոգեշընչում, Հովհաննեսը նշում է.

«Առաջին հերթին Աստծո ներկայությունն իմ կյանքում, հետո նոր իմ հաջողությունների և ձեռքբերումների շարանը»։

Բախվելով այս կյանքի անարդարություններին՝ նրա համոզմունքը մեկն է, որ կարևոր է չչարանալ և չկորցնել ինքդ քեզ: Իսկ, թե ինչպես է հաջողվում մշտապես լուսավորը պահել իր մեջ, Հովհաննեսը պատասխանում է. «Ամեն մարդ իր ներսում պետք է վառ կանթեղ ունենա` լուսավորելով իրեն ու իր շրջապա­տող­ներին։ Կյանքը ինքնին լուսավոր է շատ, ուղղակի մենք ենք այն մի քիչ գորշ տեսնում»։

Այդուհանդերձ, հարցին, թե արդյոք կան բաներ, որոնք ի զորու չէ ներել երբևէ նա մեզ հետ զրույցի ժամանակ նշեց. «Կյանքում չեմ ների սուտը, դավաճանությունը և սուտ ու փուչ խոստումներ տվող մարդկանց»:

Իսկ մարդկանց կյանքի բարդագույն իրավիճակներում Հովհաննեսի խորհուրդը մեկն է` աղոթք առ Աստված։

Գրետա Այվազյան

5-րդ կուրս

Կիսվել