Հայաստանը՝ հարուստ ջրային պաշարներով, բայց բարձր «ջրային սթրեսով» երկիր

Հայաստանը՝ հարուստ ջրային պաշարներով, բայց բարձր «ջրային սթրեսով» երկիր

13

Հայաստանը համեմատաբար հարուստ է ջրային ռեսուրսներով և համարվում է համեմատաբար ապահովված երկիր։ Միաժամանակ համաշխարհային ռեսուրսների իստիտուտի տվյալներով՝ Հայաստանը բարձր «ջրային սթրես» ունեցող երկիր է։ «Ջրային սթրես» տերմինով բնութագրվում են այն երկրները, որտեղ ջրի պահանջարկը որոշակի ժամանակահատվածի համար ավելի մեծ է քան առկա պաշարները կամ ջրի վատ որակը սահմանափակում է դրա օգտագործումը։ «Ջրային սթրեսը» հանգեցնում է քաղցրահամ ջրի պաշարների քանակի և որակի վատթարացմանը։

Երևանում ջրանջատումները հաճախակի են, պատճառաբանությունը՝ ոչ հիմնավոր

Երևանի մի շարք համայքներում, որոնցից է Էրեբունի վարչական շրջանը, խնդիրն ավելի սուր է, բնակիչների խոսքով` այն ունի երկու ճյուղավորում։ Առաջինը՝ երեկոյան ժամերին լինում են ջրանջատումներ, իսկ երկրորդը՝ ամառվա ամիսներին ծորակից հոսող ջուրը բացարձակապես օգտագործել հնարավոր չէ։

«‎Բազմաթիվ անգամներ կապվել ենք Վիոլիա Ջրի հետ, պարզաբանումը եղել է միայն այն, որ այս տարածաշրջանի համար X քանակի ջուր է հատկացված, և քանի որ այն չի բավարարում երեկոյան ժամերին, այս պատճառով կատարվում են ջրանջատումներ, բայց սա իրապես խնդիր է, քանի որ ստիպված ենք լինում գիշերվա համար ջուր հավաքել, դե իսկ լողանալն անհնարին է»‎,- ասում է Էրեբունի համայնքի բնակիչ Աննա Ազատյանը։

Բացի այդ, ամառվա ամիսներին առկա է խմելու ջրի իսպառ բացակայության խնդիր, բնակիչները փորձում են այլընտրանքային տարբերակներ գտնել:

«‎Ամառվա ամիսներին չենք կարողանում ծորակից ջուր խմել, քանի որ հոսող ջրի համն ահավոր է, անդադար բողոքներից և արդյունք չստանալուց հետո ելքը մեկն է, մենք ունենք ցայտաղբյուր, որից հոսում է այլ ջուր, ամառվա ամիսների գնում ենք «‎Սառը ջուր»‎ կոչված աղբյուրի մոտ և դույլերով խմելու ջուր բերում, սա է մեր գտած ելքը»‎,- ասում է Անահիտ Ղազարյանը։

Վիոլիա ջուր ՓԲԸ-ը հաճախակի ջրանջատումները բացատրել է պլանային և համակարգում հայտնաբերված վթարների վերացման աշխատանքներով։

«Նման ջրանջատումներից խուսափելն անհնար է»,- հայտնել են ընկերությունից՝ մեր հարցմանն ի պատասխան։

Ինչ վերաբերում է խնդրի լուծմանը, ապա «ընկերությունը կատարում է գոտիավորման և վթարաորոնողական աշխատանքներ, որոնց ժամանակ հայտանաբերված այն հատվածներում, որտեղ ջրագծերը, կախված տարբեր գործոններից, ունեցել են վատ վիճակ, կատարվում են անհրաժեշտ վերակառուցման և նորացման աշխատանքներ»։

Գրաֆիկն՝ այստեղ

Խնդիրը մեկ այլ կողմ էլ ունի։ Չնայած «Շրջակա միջավայրի նախարարությունը ջրի կորուստների և ցայտաղբյուրների վերաբերյալ տեղեկատվությանը չի տիրապետում», սակայն Ecolur-ում առկա տեղեկատվության համաձայն՝ Երևանի 2507 ցայտաղբյուրների մեծ մասն հոսում է անդադար, առանց փականների և խնայողության։

Լուսանկարը՝ հեղինակի

«Տպավորությունն այնպիսին է, որ Երևանի ցայտաղբյուրների ջուրն անսպառ է, և քաղաքացին չի վճարում դրա համար, բայց դա այդպես չէ․ ամեն տարի 3 միլիոն դոլար գումար է դուրս գրվում ցայտաղբյուների ջրի սպասարկման համար։ Եվ եթե շարունակենք հետևել պետական տվյալներին, ապա կտեսնենք, որ Հայաստանում ջրի կորուստը կազմում է 64-66%, մինչդեռ կատարված հետազոտությունների արդյունքում պարզ է դառնում, որ ունենք մինչև 79-80% քաղցրահամ ջրի կորուստ, ինչը բացառիկ ցուցանիշ է»-, ասում է «Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը։

Քարտեզն՝ այստեղ

Առանց ջրի մնացած 31 համայնքը

Ինչպես տեղեկանում ենք Ջրի գինը ֆիլմում՝ Արարատյան-Արտեզյան ավազանը Սևանա լճից հետո երկրորդ քաղցրահամ ջրի պաշարն է Հայաստանում՝ Արարատի և Արմավիրի մազերի ջրի հիմնական աղբյուրը։ Ըստ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ արված հետազոտության՝ Արարատյան-Արտեզյան ավազանում ձկնաբուծարանների կողմից ստորգետնյա ավազանի գերշահագործման պատճառով Արտեզյան ավազանի դրական ճնշման գոտին կրճատվել է մոտ 67%-ով, իսկ ստորգետնյա ջրերի մակարդակը իջել է մինչև 15 մետր, արդյունքում՝ 31 համայնք մնացել է առանց խմելու և ոռոգման ջրի։

Գրաֆիկն՝ այստեղ

Ըստ ուսումնասիրությունների՝ վերջին տասնամյակում Արարատյան-Արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի մակարդակի իջեցմանը զգալիորեն նպաստել են ձկնաբուծական տնտեսություններին տրված մեծ թվով թույտվությունները։

Գրաֆիկն՝ այստեղ

2020 թվականից ԱՄՆ զարգացման գործակալության ֆինանսաավորմամբ մեկնարկել է 8,9 մլն դոլար արժողությամբ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագիրը։ 5 ամյա ծրագիրն ունի 5 բաղադրիչ, որոնցից մեկը նախատեսում է ջրային ոլորտի ժամանակակից տեխնելոգիաների և գործիքների ներդրում։

Լանդշաֆտագետ Տիգրան Ենգիբարյանի խոսքով՝ Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարումը վաղուց կենտրոնացված բնույթ չի կրում, այլ իրականացվում է՝ ելնելով կոնկրետ տեղամասերի աշխարհագրական, ջրաքիմիական և այլ առանձնահատկություններից։

«Ջրավազանները, հոսքերը, նաև աստիճանաբար աճող պահանջները խիստ տարբեր են, ինչը պարտադրում է յուրաքանչյուր տարածքի համար ցուցաբերել առանձին մոտեցում: Ջրային ռեսուրսն ինքնին տարբերվում է ռեսուրսների մյուս տեսակներից՝ շարժունությամբ, որակական ու քանակական ցուցանիշների փոփոխականությամբ, և եթե կառավարման որևէ մոտեցում սահմանվում է ենթադրենք Սյունիքի մարզի որևէ համայնքի համար, ապա նույն մոտեցումը չի կարող կիրառելի, արդյունավետ լինել Շիրակի կամ Արարատի մարզի որևէ համայնքի համար:  Ոլորտի համակարգումն իրականում բավական բարդ է՝ հաշվի առնելով նաև ջրօգտագործողների կողմից շատ անգամ ցուցաբերվող անբարեխիղճ վերաբերմունքը, ապօրինի և անխնա շահագործումները, ինչպես նաև հաճախակի դիտվող վթարային իրավիճակները»,- ասում է Տիգրան Ենգիբարյանը։

Միևնույն ժամանակ նա ասում է, որ պետությունն աստիճանաբար ավելի է կանոնակարգում ջրային ռեսուրսների ոլորտը։

Քարտեզն՝ այստեղ

Ջրամիացումները՝ առաջիկա 10 տարում

Շրջակա միջավայրի նախարարության կողմից 2020 թվականին ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի ուսումնասիրությունների համաձայն՝ առաջարկվել է նախարարության կողմից մշակել աշխատանքային քարտեզ մինչև 2030 թվականը, ինչի հիման վրա համայնքներում փուլ առ փուլ կիրականացվեն աշխատանքներ խորքային հորերի շահագործման համար ջրօգտագործման թույտվությունների ստացման, ինչպես նաև խորքային հորերը փականներով և ջրաչափերով կահավորման համար։ Արդյունքում նախատեսել, որ մինչև 2030 թվականը Արարատյան դաշտավայրում չպետք է շահագործվեն ապօրինի խորքային հորեր։ Խորքային հորերը փականներով և ջրաչափերով կահավորման համար խոչընդոտ է համայնքային բյուջեներում անբավարար ֆինանսական միջոցները։ Քանի որ խորքային հորերը համայնքային պատկանելության են, ապա դրանց հետագա շահագործման նպատակահարմարության և ներդրումների չափի որոշման համար պետք է լրացուցիչ աշխատանք իրականացվի համայնքերի հետ միասին։

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության մեզ տրամադրած տվյալների՝ 2023 թվականի ստորերկրյա ջրային ռեսուրսների տոկոսային բաշխվածությամբ առավել շատ ջուր հատկացվել է Գեղարքունի մարզին՝ 186.5015 հազ․ խորանարդ մետր, որից 100%-ը՝ ոռոգման նպատակով։ Ջրաբաշխման տվյալները անհասանելի են Սյունիքի մարզի համար։ Ամբողջական պատկերը արտահայտված է գրաֆիկում՝

Գրաֆիկն՝ այստեղ

Ջրային ռեսուրսների կառավարման մոտեցումների բարելավումը չափազանց կարևոր է Հայաստանի Հանրապետության համար՝ ստեղծելու ջրային ռեսուրսների հասանելիության հնարավորություններ, միաժամանակ ապահովելով բնապահպանական թողքերը և ջրի որակը՝ քաղցրահամ ջրային ռեսուրսների պահպանության նպատակով:

Լաուրա Մանուկյան

4-րդ կուրս

Կիսվել