ՆՎԻՐՎԱԾ Է ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ

ՆՎԻՐՎԱԾ Է ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ

1442

  Այս  տարի  Երևանի  պետական  համալսարանը  տոնում  է իր հիմնադրման  հարյուրայակը: Հոբելյանական տարվա ընթացքում  նախատեսված միջոցառումները  բազմաթիվ և բազմաբնույթ են:

  Մայր բուհի տարեդարձին նվիրված ձեռնարկումներից մեկն էլ  «Երևանի պետական համալսարանի պատմությունից»  գիրք-ալբոմի հրատարակությունն է:

Արտաքին տեսքով ալբոմի ձևաչափ ունեցող յուրօրինակ  այս գիրքը ներկայացնում է համալսարանի անցյալ ու ներկա ուղու համառոտ, սակայն ընդհանրական պատմությունը:  Գրքում  ներկայացված հետաքրքիր  նյութերին և տվյալներին  զուգահեռ զետեղված են  համապատասխան պատկերներ և լուսանկարներ: Գրքի առաջին էջերում համալսարանի երևանյան առաջին`հին «սև շենքի» և ներկայիս կենտրոնական մասնաշենքի լուսանկարներն են , այնուհետև` մայր բուհի  խորհրդանիշները  և օրհներգը: Գիրք-ալբոմը սկսվում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի և  ՀՀ  ԳԱԱ նախագահ Ռուդիկ Մարտիրոսյանի` համալսարանի առաջընթացի և ձեռքբերումների մասին խոսքերով:

  Գրքի մասին զրուցեցինք ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանի հետ, ում ջանքերով էլ ստեղծվել է այն: «Համալսարանի հարյուրամյակին նվիրված գիրք-ալբոմի գաղափարը վաղուց էր ծնվել, դեռ տարիներ առաջ: Նպատակ ունեինք ստեղծել մի ալբոմ, որի մեջ ներկայացված կլիներ համալսարանը` հիմնադրումից մինչև այսօր»,- պատմեց տիկին Գասպարյանը:

Նա նաև ներկայացրեց  գրքի կառուցվածքը:  Տարբեր բաժիններում` համապատասխան խորագրերի ներքո, զետեղված են համալսարանի հիմնադրման վերաբերյալ կարևոր փաստաթղթեր,   ուշագրավ տեղեկություններ բուհի գործունեության տարբեր շրջանների, ֆակուլտետների, մասնագիտությունների,  դասախոսների և ուսանողների մասին և այլն: Անդրադարձ է կատարվել ստալինյան բռնաճնշումների ենթարկված համալսարանականներին, Հայրենական մեծ պատերազմի տարիներին համալսարանի ունեցած դերին, 1988թ. ազգային զարթոնքին և Արցախյան գոյամարտին համալսարանականների մասնակցությանը, համալսարանական ներկա կյանքին,  ձեռքբերումներին: Առանձին բաժնում ներկայացված են ԵՊՀ բոլոր ռեկտորները` լուսանկարով և համառոտ  կենսագրությամբ: Ուշագրավ  են նաև «ԵՊՀ պարգևներ» խորագրի ներքո զետեղված մեդալների և հուշամեդալների, ԵՊՀ այցելած անվանի հյուրերի, ԵՊՀ  պատվավոր  դոկտորների մասին պատմող լուսանկարներն ու տեղեկությունները:

  «Գրքի ստեղծման աշխատանքը տևել է շուրջ 5 տարի, օգտվել եմ Հայաստանի ազգային  արխիվից, ԵՊՀ  արխիվից, թանգարանի ֆոնդերից  և  համագործակցել բոլոր ֆակուլտետների դեկանների հետ:  Գրքի ստեղծման ընթացքում շատ մեծ դեր ունեցավ Պատմության թանգարանը.  այստեղ պահվող ամեն մի նկարի,  իրի նայելիս  ծնվում էր նոր գաղափար»,- նշեց տիկին Գասպարյանը: Նա նաև տեղեկացրեց, որ գիրք-ալբոմը տպագրվել է 300  օրինակով և կտրամադրվի համալսարանի բոլոր ֆակուլտետներին, առանձին ստորաբաժանումների, ինչպես նաև համալսարանի պատվավոր հյուրերին:

Սաթենիկ Խեբոյան

4-րդ կուրս

Կիսվել