ՄԱՆԿԱԿԱՆ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԱԹՎԱԾԸ՝ ՈՐՈՇԱԿԻ ԿԵՆՍԱԿԵՐՊ ԹԵԼԱԴՐՈՂ ՎԻՃԱԿ

ՄԱՆԿԱԿԱՆ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԱԹՎԱԾԸ՝ ՈՐՈՇԱԿԻ ԿԵՆՍԱԿԵՐՊ ԹԵԼԱԴՐՈՂ ՎԻՃԱԿ

2292

Լրացուցիչ ախտանշանների հնարում, սեփական հիվանդության մասին համացանցային գիտելիքներ, երևակայություն ու խուճապ․ այս և այլևայլ խանգարող հանգամանքներ բժշկի համար բացակայում են երեխաների դեպքում: Սակայն այս պարագայում էլ բժիշկն աշխատանք է տանում ոչ միայն երեխայի, այլև վերջինիս ծնողների հետ, ովքեր ավելի մեծ սթրես են ապրում, քան երեխան: Մանկական օրթոպեդիան բժշկագիտության ամենալայն ու ընդգրկուն բնագավառներից է: Բարդությունն առաջին հերթին պայմանավորված է երեխաների հետ շփմամբ. վերջիններս չեն կարողանում բացատրել իրենց իսկ գանգատները:

Այս գերպատասխանատու աշխատանքն իր ուսերին է կրում բազում փոքրիկների կողմից սիրված, նրանց լավագույն ընկերը դարձած, բժշկական գիտությունների դոկտոր, օրթոպեդ- վնասվածքաբան Արա Այվազյանն, ով ղեկավարում է Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի գիտական կենտրոնի Մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքն: Ըստ նրա՝ երեխաների հետ աշխատելն առավել հաճելի է, նույնիսկ ծանր դեպքերում: Դժվարություն ներկայացնում է ախտորոշման փուլը: Սակայն, այս խնդրի լուծումն էլ թաքնված է Օրթոպեդիայի և Վնասվածքաբանության գիտական կենտրոնում՝ բժշկական պրոֆեսիոնալ անձնակազմի ու բարձրորակ սարքավորումների շնորհիվ:

Հղիության, ծննդաբերության ընթացքում, երբեմն էլ դրանից հետո, երեխայի ուղեղի որոշակի հատվածում հնարավոր է բակտերիալ ինֆեկցիա, ինչ- ինչ պատճառներով առաջացած բջիջների վնասում: Այս ամենն ամենաբարդ ու ծանր իրավիճակներից մեկի՝ մանկական ուղեղային կաթվածի (ՄՈՒԿ) արտահայտումն է: Վերջինս պարզապես հիվանդություն չէ, այլ հիվանդությունների, ախտանշանների խումբ: Հիվանդության հետևանքով վնասվում են փոքրիկի զարգացվածության մակարդակը, տեսողությունը, լսողությունը և այլն: Խնդրի, վերջինիս առանձնահատկությունների, հետևանքների ու բուժման վերաբերյալ իր տեսակետն է հայտնել օրթոպեդ- վնասվածքաբան Արա  Այվազյանը․ «ՄՈՒԿ-ը ավելի ճիշտ է համարել ոչ միայն հիվանդություն, այլ որոշակի կենսակերպ թելադրող վիճակ: Եվ, քանի որ մինչև այսօր ուղեղի ախտահարված բջիջները փոխարինելու մեթոդ գոյություն չունի, մենք փորձում ենք պայքարել երկրորդային հետևանքների դեմ, ինչպես նաև անել այնպես, որ ուղեղի առողջ հատվածը իր վրա վերցնի ախտահարվածի ֆունկցիան: Ուղեղը մկան է, որը հնարավոր է մարզել: Երկրորդը՝ աշխատում ենք շարժումների սահմանափակումը հնարավորինս վերացնել՝ հավասարակշռության բերելով մկաններն ու ջլերը: Թեթև դեպքերում դրանով կարող են զբաղվել միայն վերականգնողական թերապիայի բժիշկները, ավելի բարդ դեպքերում կարիք կա օրթոպեդի վիրահատական միջամտության: Մանկական ուղեղային կաթվածի ընդամենը 10 % դեպքերն են շատ ծանր, երբ ընդհանրապես ոչինչ հնարավոր չէ անել: Մոտ 20 %–ը միջանկյալ վիճակում են: Պացիենտների 70%-ին հնարավոր է օգնել ու զգալիորեն բարելավել վիճակը»:

Մանկական ուղեղային կաթվածի բուժման մեջ կա մի օրինաչափություն, որն ընդունված է անվանել «մեկ քայլի մոտեցում»: Եթե երեխան չի նստում, հնարավոր է հետևողականորեն այնպես անել, որ քայլի, չի կանգնում՝ կանգնի, և այսպես շարունակ: Ամեն բան կախված է այս մեկ ու, միաժամանակ, չափազանց վճռորոշ քայլից:      

Արաքսյա Սահակյան

4-րդ կուրս

Կիսվել