ԽԱՂԵՐԻ ԵԼՔԵՐԸ ՈՐՈՇՎԱԾ ԷԻՆ ՄԻՆՉ ԴՐԱՆՑ ՍԿՍՎԵԼԸ

ԽԱՂԵՐԻ ԵԼՔԵՐԸ ՈՐՈՇՎԱԾ ԷԻՆ ՄԻՆՉ ԴՐԱՆՑ ՍԿՍՎԵԼԸ

1326

Այո´, Հայաստանի հավաքականի խաղերի արդյունքները պարզ էին՝ դեռ խաղերը չսկսված։ Դա հայտնի դարձավ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսի ժամանակ։ Երկրպագուներն արդեն «մարսել էին», որ Հենրիխ Մխիթարյանը չի խաղալու արդեն պատմության գիրկն անցած հանդիպումներում, սակայն հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը բոլորիս պարզ հասկացրեց, որ դեռևս պլաններ չի մշակել այդ բացը լրացնելու համար։ Նա երկու խաղերից առաջ էլ նշեց, որ խաղադաշտում չի լինի մեր թիմի ուղեղը, գոլահարը, մեր առաջնորդը։ Երբեմնի մոտիվատորը հենց ինքն ուներ մոտիվացիայի կարիք այդ պահին։

Մենք գիտեինք, որ Լիխտենշտայնի հավաքականը  հետ է քաշվելու, ու ավտոբուսը չի հեռացնի՝ քանի գոլ էլ խփես։ Բայց այդ թիմը, ամեն դեպքում, Սան Մարինո չէ, թեև Ջիբրալթարի՝ ուղիղ 1 տարի առաջ տված դասից հետո չպետք է մնացած լինեին մեզ նման մրցակիցներ, որոնց դեմ կարելի է պատրաստվել կիսով չափ։ Իսկ այս դեպքում՝ հենց այդպես էլ կար. Հայաստանի հավաքականը չուներ բանաձև, թե ինչպես է կոտրելու մրցակցի՝ ամբողջ թիմով պաշտպանությունը։
Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ մեր մարզիչը նշեց, որ առաջին խաղակեսում բավականին ակտիվ էին տղաները, պահեր էին ստեղծում։ Սակայն երբ վերլուծում ենք խաղը, հասկանում ենք, որ մարզիչը խոսում էր պահի ազդեցությամբ։ Մեր գոլը եղավ հեռվից, առանց որևէ կոմբինացիայի, իսկ այնուհետև վերջին հարված գրեթե չկար։ Իսկ երկրորդ կեսում, ամոթ է նույնիսկ խոսել Հայաստանի հավաքականի խաղի մասին, եթե դա կարելի է խաղ կոչել։ Առաջին կեսի պասիվությունը պետք է սթափեցներ մեր մարզչին ու հուշեր, որ պետք է արագ փոփոխություններ կատարել, սակայն հակառակ սպասումների՝ մեր մարզչական շտաբը, «խաղալով» բոլորիս նյարդերի հետ, կարևոր փոփոխությունները կատարեց խաղի վերջին րոպեներին։ Անգամ մանկահասակ երեխան կհասկանար, որ այդ կարճ ժամանակում դժվար է ինչ-որ բան փոխել։

Ինչևէ, մեր դառը փորձը ցույց է տալիս, որ վատ հանդիպումներից հետո մենք կերտում ենք փառահեղ հաղթանակներ։ Դրանցից են Ջիբրալթարին պարտվելուց հետո Մակեդոնիայի դեմ տարած ջախջախիչ հաղթանակը, Մալթայում կայացած խայտառակությունից հետո տեղի ունեցած պատմական հաղթանակը Դանիայի նկատմամբ։ Սակայն այս անգամ խախտվեց այդ «վիճակագրությունը» ևս։ Ֆինլանդիայի դեմ խաղում էլ արդեն թիմը հավաքվեց մրցակցի մեկնարկային ճնշումից հետո, բայց նույնքան արագ էլ կոտրվեց, երբ մրցակիցը խփեց իր գոլը։ Կրկին չունեինք ավագ և ֆուտբոլիստ, որն իր հետևից կտանի թիմը։ Դեռ մեկ ամիս առաջ կայացած Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա խաղից էլ պարզ էր, որ եթե պաշտպանվենք ֆինների դեմ նույն կերպ, ապա նրանց առաջատար Պուկկին երեք գոլ կխփի։ Մեր «բախտը բերեց», որ նա ընդամենը երկու գոլ խփեց։ Հայաստանի հավաքականն ապացուցեց, որ ոչինչ է առանց Մխիթարյանի, իսկ Արմեն Գյուլբուդաղյանցը դրեց այս խայտառակ ձախողումների հիմքը։


Միքայել Շախուլյան
2-րդ կուրս

Կիսվել