Ամանորին ընդառաջ՝ «Գումի» շուկան մարդաշատ է։ Այս օրերին՝ ըստ շուկայի վաճառողների, մարդիկ, հիմնականում, գնում են չրերը։
Շուկայի վաճառողներից Անուշը մեզ հետ զրույցում պատմեց. «Գալիս են 10-15 օր առաջ չրեղենը առնում, մտածում են, որ էսքան օր շուտ գան, կկարողանան էժանով վերցնել, բայց մենք Նոր տարվա չրերը դեկտեբերի սկզբին ստանում ենք, գինը վրան դնում ու էլ չենք թանկացնում»:
Ծիրան, թուզ, արքայանարինջ, տանձ. ահա այս մրգերից պատրաստված չրերն են ամենաշատը վաճառվում Նոր տարվան ընդառաջ։ Շուկայի վաճառողներն ասում են՝ այս օրերին չրերը ոչ միայն գնում և պահում են Ամանորի սեղանների համար, այլև ուղարկում են Ռուսաստանի Դաշնություն՝ հարազատներին և բարեկամներին, որ իրենք էլ այնտեղ, հայկական չրերով դիմավորեն գալիք տարին: Վաճառողները հավելեցին, որ այս առումով լավ ավանդույթ է ձևավորվել:
Տիկին Նարինեն այսօր Գումի շուկա էր եկել ոչ միայն չրեր, այլ նաև ընդեղեն գնելու համար։ Նա ասաց. «Չրերից առաջ ընդեղենն եմ գնում, որովհետև շուտ չեն փչանում․ կարող եմ մեկ ամիս առաջ գնել և պահել տոների համար, բայց այս տարի, ոնց որ չհասցրի. արդեն թանկացրել են, դե տոներից առաջ միշտ էլ այդպես է լինում»։
Անկախ թանկացումներից, շուկայի վաճառողները վստահ են, որ այս տարվա վերջին օրերը հագեցած և հոջողակ են լինելու։
Լիա Ավագյան
2-րդ կուրս