««ԽԵԼԱՑԻ» ԿԱՆԳԱՌԻ ՓՈԽԱՐԵՆ ԹՈՂ ՏՈՒՆ ՏԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ»

««ԽԵԼԱՑԻ» ԿԱՆԳԱՌԻ ՓՈԽԱՐԵՆ ԹՈՂ ՏՈՒՆ ՏԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ»

1355

Էջմիածնեցի ուսանողուհի Աստղիկը արդեն թեյ խմելով է սպասում իր երթուղայինի ժամանմանը: Էջմիածնում տեղադրված «խելացի»  կանգառը տալիս է այդ հնարավորությունը: «Խելացի» կանգառի մասին ոչ բոլորն ունեն հստակ պատկերացումներ․  ի՞նչ է այն, ի՞նչ առավելություններ ունի, ինչո՞վ է տարբերվում: Այս ամենը փորձեցինք պարզել «Խելացի կանգառ» ՍՊԸ-ի հանրային կապերի պատասխանատու Զառա Մանուչարյանից: Նա ասաց, որ Էջմիածնում մեկ տարվա ընթացքում կառուցվելու է 6-8 «խելացի»  կանգառ: Կանգառը կառուցելուց առաջ ուսումնասիրել են լավագույն օրինակները՝ Սինգապուրի, Բարսելոնայի կանգառները: Փորձել են համադրել այն բոլոր օրինակները, որոնք եղել են այդ կանգառներում: Այս «խելացի» կանգառում բոլոր հնարավորությունները մեկտեղված են՝ վենդորային (վաճառող) սարքեր սուրճի և թեյի համար, տերմինալ, բանկոմատ: Առկա է բազմաֆունկցիոնալ վահանակ: Այն նախատեսված է առաջին անգամ քաղաք եկող մարդկանց համար: Նրանք իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները կարող են ստանալ այս վահանակի միջոցով. որտեղի՞ց գնումներ կատարել, որտե՞ղ է ամենամոտ հիվանդանոցը, դեղատունը, բանկը, ի՞նչ թանգարաններ կան տարածքում և այլն:

Կանգառի տարածքում առկա է օդափոխման և ջեռուցման համակարգ, անվճար WiFi, գովազդային վահանակներ, տեղեկատվական էկրան, որի միջոցով մարդիկ կարող են տեղեկանալ, թե որ տրանսպորտը քանի րոպեից կմոտենա: Հնարավորություն կա էլեկտրոնային սարքերը, հեռախոսները  լիցքավորման դնելու:

Մենք փորձեցինք պարզել նաև էջմիածնեցիների կարծիքը կանգառի տեղակայման վայրի, առավելությունների մասին և հետաքրքրվեցինք՝ ինչ առաջարկներ ունեն նրանք կանգառի հետ կապված: Մեր առցանց հարցման տասնյակ մասնակիցներից ոմանց համար միևնույն է կանգառի տեղակայման վայրը․ ոմանք այն համարեցին «անիմաստ բան», ոմանք էլ առաջարկեցին այսպիսի կանգառ տեղակայել ոչ միայն Էջմիածնի կենտրոնում, այլև քաղաքի մյուս մասերում և գյուղերում: Առցանց հարցման ընթացքում պարզ դարձավ, որ էջմիածնեցիները օգտվում են կանգառի գրեթե բոլոր առավելություններից՝ ավտոբուսի ժամանման մասին տեղեկատվությունից, տերմինալից, սմարթֆոնների՝ լիցքավորման դնելու հնարավորությունից:

Հարցման մասնակիցներից մեկն էլ պատասխանեց. «Ոչ մի առավելությունից էլ չեմ օգտվում․ դրա փոխարեն թող տուն տան մարդկանց»:

Էջմիածնեցիները ասացին, որ լավ կլիներ՝ փակվող դռներ լինեին ցուրտ եղանակների համար, և ցանկալի կլիներ՝ քարտեզի վրա նշվեր ավտոբուսի շարժման ընթացքը:

Նշենք, որ Էջմիածնում արդեն սկսվել են երկրորդ «խելացի» կանգառի շինարարական աշխատանքները:

Հասմիկ Անդրեասյան

2-րդ կուրս       

Կիսվել