ԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ` ԿԱՆԱՆՑ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻ ՄԱՍԻՆ

ԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ` ԿԱՆԱՆՑ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻ ՄԱՍԻՆ

3137

Վերջին տասնամյակում Հայաստանում բավականին փոխվել են կանանց հանրային դերակատարության վերաբերյալ պատկերացումները, այնուամենայնիվ, իրավապաշտպանները պնդում են, որ մենք դեռ հեռու ենք տղամարդկանց և կանանց միջև իրական հավասարությունից։ Journalist.am-ը զրուցեց Ազգային Ժողովի կին պատգամավորների հետ՝ պարզելու համար նրանց կարծիքը գենդերային կարծրատիպերի, կանանց հանդիպող դժվարությունների և մարտահրավերների վերաբերյալ։

Արդյո՞ք Հայաստանում փոխվել է «քաղաքականությունը կանանց տեղը չէ» կարծրատիպը։

 Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի կարծիքով՝ այս հարցին պատասխանելու համար սոցիոլոգիական լուրջ հետազոտություն է հարկավոր իրականացնել, ընդ որում անցյալի նմանատիպ հետազոտությունների հետ համադրելի մեթոդաբանությամբ և հարցերով։ «Իմ տպավորությամբ՝ թե՛ նախկինում, թե՛ այժմ Հայաստանում եղել են և կան բազում պատկերացումներ հանրային կյանքում կանանց և տղամարդկանց դերի մասին։ Մեր հանրությունը միատարր չէ, և մեզ պարզապես հարկավոր է կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և մասնակցության մասին դատողությունները դարձնել նորմ»,- ասում է Կարապետյանը։

Կարծրատիպերի մասին խոսելով՝ «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ  պատգամավոր՝  Թագուհի Ղազարյանն  ասաց․ «Գուցե հանրության որոշ շերտերի կամ որոշ խմբերի մոտ կա այդպիսի ընկալում, բայց դա բնութագրական չէ ողջ հայ հասարակության համար։ Դեռևս Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանում կային կին պատգամավորներ՝ Կատարինե Զալյան-Մանուկյանը, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը, Վարվառա (Վարյա) Սահակյանը»։ Նա նաև նշեց, որ կարծրատիպային ընկալումը, ոչ միայն հայ, այլև համաշխարհային հանրությանն է բնորոշ և գալիս է շատ հնուց։

Իսկ այն տեսակետին, որ երբեմն հենց  կանայք են համաձայնում, որ կինը չի կարող լինել քաղաքականության մեջ, պատգամավորը պատասխանում է. «Համաձայն եմ, որ խնդիրը երբեմն այնքան խորը ենթագիտակցական արմատներ ունի, որ հաճախ կանայք ևս վերարտադրում են այդ կարծրատիպերը, սակայն ամեն ինչ այնքան էլ ողբերգական չէ։ Անկախության շրջանում կանանց՝ քաղաքականության մեջ ներգրավվածության համար մենք քվոտայի անհրաժեշտություն ունեցանք, բայց պետք չէ մոռանալ, որ մենք սկսել ենք 5 տոկոսից և այսօր հասել ենք 25-ի։ Մարդկանց աչքը աստիճանաբար սովորել է կին գործիչների տեսնել հանրային տարբեր ոլորտներում, որոշումների կայացման գործընթացում, և այսօր արդեն որևէ մեկի համար տարօրինակ չէ կին պատգամավորի տեսնելը»։

Հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստանում քաղաքական դաշտի գենդերային պատկերը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ կհամաձայնեք, եթե ասեմ, որ գենդերային պատկերն, իհարկե, գոհացուցիչ չէ: Վերջին խորհրդարանական ընտրություններում կանանց ներկայացվածության տոկոսային հարաբերությունը նախորդի համեմատ բարձր է, սակայն գործադիր իշխանությունում գենդերային պատկերը շարունակում է նույնը մնալ: Խոսքը որոշում կայացնող՝ ղեկավար պաշտոններում կանանց ներկայացվածության մասին է, այլապես կառավարման միջին օղակներում, որտեղ, մեծ հաշվով, որոշումներ չեն կայացվում, կանանց թիվը բավական բարձր է»:

Թագուհի Ղազարյանի կարծիքով՝ կանանց նկատմամբ խտրականությունը  Հայաստանում դեռևս արմատախիլ չի եղել, դրա ապացույցն են հաճախ հանդիպող մեկնաբանություններն են, երբ գործչի ոչ թե խոսքերը կամ արարքներն են քննարկման առարկա դառնում, այլ սեռը։ «Սակայն ես տեսնում եմ, որ մենք այսօր այդ խնդիրների հաղթահարման ճանապարհին ենք, և չեմ բացառում, որ շուտով կարող ենք դառնալ նույնիսկ առաջամարտիկ և խրախուսել աշխարհի տարբեր երկրների կանանց նույնպես, մանավանդ, որ Հայաստանը այս տարի նախագահում է ՄԱԿ-ի՝ կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովը»։

Չնայած որոշակի փոփոխությունների՝ այսօր ևս քաղաքականություն մուտք գործելիս կանայք բախվում են բազմաթիվ դժվարությունների և հասարակության կարծրատիպային մոտեցումների․ «Ընդհանրապես կանանց հավասարության խնդիրը պետք է դիտարկել հասարակություն-պետություն հարաբերությունների շրջանակներում։ Պետությունը պետք է կարողանա ապահովել իր բոլոր քաղաքացիների մասնակցությունը պետական կյանքին: Մեզ մոտ կանայք ինչ-որ չափով խուսափում են ընտրական պրոցեսներին մասնակցելուց, գուցե մտավախություն ունեն, որ ընտանիքի անդամների կամ հասարակության կողմից չեն ընկալվի»,- ասում է Շաքե Իսայանը:

Պատգամավորի խոսքով՝ գենդերային անհամաչափության խնդիր կա տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում։ Իսկ կանանց քիչ ներգրավվածության պատճառները բազմազան են։

«Համայնքների խոշորացման գործընթացին զուգահեռ կտրուկ իջավ կանանց ներկայացվածությունը ՏԻՄ ավագանիներում: Պատճառները բազմազան են՝ վախ տղամարդ թեկնածուի հետ մրցակցությունից, վախ պարտությունից և այլն: ՏԻՄ մարմինները քաղաքացի-պետություն հարաբերությունների առաջնային օղակն են, և այս առումով նման իրավիճակը կանանց ներկայացվածության մասով իսկական ձախողում է: Ես, իհարկե, չեմ պնդում, որ այդ օղակներում կանանց ներգրավվածությունը լինի ինքնանպատակ, սակայն մարզերում մեծ պոտենցիալով և կրթական բարձր ցենզ ունեցող հարյուրավոր կանայք կան, ովքեր պետության կողմից որաշակի աջակցության դեպքում վստահաբար կհաջողեն ՏԻՄ մարմիններում»,- նշեց Շաքե Իսայանը:

Թագուհի Ղազարյանն էլ պատմում է, որ ակտիվ քաղաքականություն մուտք գործելուց անմիջապես հետո ինքն անձամբ է բախվել կարծրատիպերի թե՛ սեռով և թե ՛ տարիքով պայմանավորված, բայց կարծում է, որ իր նման կանայք են հարթում այն ճանապարհը, որով քայլելու են իրենցից հետո եկող ավելի ուժեղ, ավելի համարձակ, ավելի խելացի, ավելի հավակնոտ և ավելի ինքնաբավ կանայք:

«Երբեմն շատ փոքր, ամենօրյա հարաբերություններում ես նկատում եմ, որ ինձ համար կան խոչընդոտներ, որոնք գուցե չէին լինի տղամարդկանց համար, բայց ես հասկանում եմ, որ այդ խոչընդոտները ես պարտավոր եմ հաղթահարել ոչ միայն ինքս ինձ, այլև ինձանից հետո ճանապարհ ընկած կանանց համար։ Ես լավատես եմ այս հարցում»,- ասում է պատգամավորը։

Մենք հաճախ կարող ենք լսել, որ կին քաղաքական գործիչները «նոր մշակույթ» են ձևավորում․ բայց արդյո՞ք կան որոշակի տարբերություններ, որոնցով կին և տղամարդ պատգամավորները առանձնանում են միմյանցից։ Այս հարցին Մարիա Կարապետյանը պատասխանում է․ «Խնդիրը հենց այն է, որ կին պատգամավորները և տղամարդ պատգամավորները հստակ տարբերակիչ հատկանիշներով միաձույլ խմբեր չեն։ Մենք պետք է հաշտվենք այն մտքի հետ, որ մարդիկ անկախ սեռից տարբեր հատկանիշներ տարբեր չափով են դրսևորում։ Մեկս ավելի համագործակցային է, մյուսս՝ ավելի մրցակցային, մեկս ավելի կենտրոնանում է վերջնարդյունքի և մեծ պատկերի վրա, մյուսս՝ մանրամասների և գործընթացի։ Մեկս ուշադրություն է դարձնում հարցերի զգայական կողմին, մյուսս փորձում է հարցերի զգայական կողմը մղել ետին պլան։ Եվ այդպես շարունակ, եթե մենք ուշադիր զննենք մարդկանց, կտեսնենք, որ նրանք «տղամարդկային» և «կանացի» հատկանիշների փաթեթներ չեն, այլ զանզան մարդկային հատկանիշների տարբեր համադրություններ»։

Իսկ Թագուհի Ղազարյանի կարծիքով` կին քաղաքական գործչին բնորոշ են այն բոլոր հատկանիշները, որոնք անհրաժեշտ են առհասարակ քաղաքականությամբ զբաղվող բոլոր մարդկանց՝ ազնվություն, սկզբունքայնություն, արդարամտություն, կրթվածություն, աշխատասիրություն, պատասխանատվության զգացում, քաղաքական հոտառություն և արագ կողմնորոշվելու կարողություն։

Արև Փանոսյան

4-րդ կուրս

Կիսվել