ԱՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՐՁԸ

ԱՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՓՈՐՁԸ

1121

Նարեկը օրեր առաջ է վերադարձել Ամերիկայի միացյալ նահանգներից, որտեղ գտնվում էր ուսումնառության նպատակով։ 4 ամիս ԱՄՆ-ում ապրելուց ու Հայաստան վերադառնալուց հետո Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողի խոսքերով ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ շոկից: Նարեկը ԱՄՆ մեկնել էր «Global UGRAD» ծրագրի միջոցով և սովորել Վինսկոնսին նահանգի սուրբ Նորբերտ քոլեջում:

Պատառիկներ ԱՄՆ-ում սովորած հայ երիտասարդի օրագրից

Նարեկը դիմել  և պատահականությամբ է  ընտրվել  Վինսկոնսինի համալսարանում ուսանելու համար, ու թեև համալսարանը տեղի փոքրերից է համարվում, այն մի քանի անգամ ավելի մեծ է եղել նրա հայաստանյան բուհից: Առօրյա ծախսերի համար տղային ամսական 300 դոլար է տրվել, իսկ սնունդը համալսարանում անվճար է եղել․ ի դեպ այդ համալսարանի ճաշարանը ողջ ԱՄՆ-ում զբաղեցում է 9-րդ տեղը և համարվում լավագույններից մեկը։

Նարեկը պատմում է, որ սկզբում իրեն հատկապես խորթ էր տեղի մարդկանց մարդամոտությունը․ հաճախ էին անծանոթ մարդիկ իրեն բարևում ու որպիսությունը հարցնում, սկզբում մտածում էր, թե դա կեղծ է, հետո ընտելացավ ու հասկացավ, որ դա նրանց էությունն է: Հայտնվելով Վինսկոնսինում՝ հայ ուսանողը լսել էր, որ այն Միացյալ նահանգների ամենապահպանողական տեղերից է, բայց հասնելով այնտեղ՝ այդպես էլ չի հասկացել՝ խոսքը ինչի մասին է, իր խոսքերով 4 ամիս էնտեղ է ապրել ու ոչ մի անգամ, չնայած տեղի խիստ բազմազանությանը, նույնիսկ ամենափոքր խտրականության դեպքի  ականատես չի եղել:  Իրենց համալսարանում 10-15 տարբեր երկրներից ուսանողներ են եղել՝ տարբեր բարքերով ու կրոնական հայացքներով, ու երբևէ, որևէ խնդիր չի եղել, ոչ էլ երբևէ իրենց օտար են զգացել էնտեղ:  «Համալսարանում միջազգային ուսանողների ակումբ ունեինք․ ամեն շաբաթ հավաքվում էինք ու ինչ-որ երկրի ազգային ուտեստ պատրաստում․ ճիշտն ասած, հայկական կերակուր էդպես էլ չպատրաստեցինք,- անկեղծանում է Նարեկը,- մտածում էի՝ կարելի էր փախլավա սարքել, հետո հիշեցի, որ ինքս նորմալ պատրաստել չեմ կարող, էլ ուր մնաց մյուսներին սովորեցնեմ: Թվում է՝ փոքր բաներ են, բայց մարդկանց ճանաչելու լավագույն ձևերն են»,- նկատում է զրուցակիցս և հավելում, որ հենց ազգի ներսում պարփակվելու և այլ ազգերի, մշակույթների հետ շատ չշփվելու հետևանքով է, որ մեր հասարակությունը շատ հաճախ իրենից այն կողմ ոչ մի բան ո´չ տեսնում է, ո´չ էլ ուզում ընդունել, իսկ ինքը ափսոսում է, որ հնարավոր է՝ էլ երբեք առիթ չունենա եթովպական խոհանոցը  կրկին փորձելու:

Արտասահմանում կթություն ստանալու հայաստանյան հնարավորությունները

Հայաստանյան 25 բուհերի և  ուսումնական հաստատությունների ուսանողների համար արտասահմանում կրթություն ստանալու համար կան բազմաթիվ ծրագրեր, որոնց մասին մի փոքր հետաքրքրվելու դեպքում, գրեթե ցանկացած ուսանող, ըստ իր նախընտրությունների, կարող է գտնել իրեն հարմար ուսումնական հաստատություն: Հայաստանում ամենալայնամասշտաբ կրթական ծրագիրը  «Էրազմուս+»  Եվրոպական միության փոխանակման ծրագիրն է,  որի միջոցով ուսանողները կարող են որոշ ժամանակ սովորել արտասահմանյան բուհերում՝ ստանալով  մագիստրոսի և բակալավրի  որակավորում:  2014 թվականից  մինչ օրս հայ ուսանողների նախընտրելի ուղղութուններն են Լեհաստանը, Իսպանիան և Իտալիան: «Էրազմուս+» ծրագիրը նախատեսված է 2014-2020թթ համար, և այս տարի արդեն ժամկետը լրանում է: ԿԳՍՄ նախարարությունը ևս պարբերաբար հայ ուսանողներին մրցութային կարգով առաջարկում է  ուսումը շարունակել արտասահմանյան բուհերում՝ շնորհիվ կնքված միջպետական պայմանագրերի:

Մի քանի կարևոր հնարք լավ հայտ լրացնելու համար

Հայաստանում Ամերիկայի դեսպանատունը հաճախ հայ ուսանողներին հնարավորություն է ընձեռում  սովորելու ամերիկյան տարբեր համալսարաններում և ծանոթանալու տեղի մշակույթին: Նախորդ տարի՝ դեկտեմբերին, Նարեկը որոշեց դիմել առաջարկվող ծրագրերից մեկին, ու ի վերջո ընտրվեց ՝ դառնալով  ԱՄՆ մեկնող 3 ուսանողներից մեկը: Նա պատմում է, որ ծրագրին մասնակցելու համար ինքն օրեր շարունակ զգուշորեն լրացրել է դիմումը, դասախոսներից իրեն բնութագրող նամակներ է խնդրել, ու առաջին փուլը հաղթահարելով՝ հրավիրվել է հարցազրույցի: Նարեկի խոսքով՝ ամենակարևոր բաներից մեկը դիմում լրացնելն է․ օրինակ՝ շատ կարևոր է ուշադրություն դարձնել մոտիվացիոն նամակին ու այնտեղ  անկեղծորեն նշել դիմելու ձեր դրդապատճառները, ինչպես նաև, ամեն կերպ ցույց տալ, որ ծրագիրը հենց ձե´զ համար է, և որ դուք երկար ժամանակ փնտրել եք նման ծրագիր  և վերջապես եք այն գտել: Ծրագրի ղեկավարների համար շատ կարևոր է կամավորության փորձը, և եթե նույնիսկ ձեզ թվում է,   որ այն շատ փոքր է և չարժի հիշատակել, միևնույնն է՝ անպայման գրեք դրա մասին:

Է՞լ ինչ կա,  որ  չասվեց

Բոլոր դրական կողմերից բացի, Նարեկը որոշ բացասական կողմեր էլ է նշում․ օրինակ՝ սենյակակիցերի հետ հարմարվելու խնդիրը, թեև ինքը չի ունեցել նման խնդիր: Մինչև դասերի սկսվելը սենյակակիցները կիսել են անհրաժեշտ իրերի ցուցակը․ մեկը հեռուստացույց է տարել, մյուսը՝ սառնարան, դե իսկ Նարեկը հարգելի պատճառներով սենյակի կահավորման գործում իր «մեծ ներդրումը» չի ունեցել: Ամենամեծ բացասական կողմը Նարեկը համարում է երկրների միջև եղած ահռելի տարբերությունների պատճառով առաջացած մշակութային շոկը, որն ապրել է թե՛ ԱՄՆ գնալիս և թե՛ Հայաստան վերադառնալիս:  Եվ որպես ամփոփում՝ Նարեկը չի ուզում որևէ մեկին որևէ բան խորհուրդ տալ, պարզապես մտածում է, որ լավ կլիներ, որ  բոլորն էլ գոնե մեկ անգամ երկար ժամանակով հայտնվեին արտասահմանում ու հետո փորձեին որոշ բաներ տեղայնացնել։

Ռիմա Գրիգորյան
3-րդ կուրս

Կիսվել