ՄՏՔԻ ՈՒ ՄԱՐՄՆԻ ՌՈԲՈՏԱՑՈՒՄԸ ԶԼՄ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ

ՄՏՔԻ ՈՒ ՄԱՐՄՆԻ ՌՈԲՈՏԱՑՈՒՄԸ ԶԼՄ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ

1172

ԶԼՄ նշանակությունն ու ներազդեցությունն այնքան ահռելի է, որ վերջինս դարձել է բոլորի առօրյայի անբաժան մասնիկը: Լրատվադաշտն ազդում է նաև հանրության զարգացվածության մակարդակի վրա՝ վերջինիս բարձրացման և, ցավոք, երբեմն էլ անգամ անկման պատճառ հանդիսանալով: ԶԼՄ ազդեցությունն անհատի արժեհամակարգի ձևավորման վրա սկսվում է դեռևս մանկուց՝ շարունակվելով ողջ կյանքի ընթացքում:

Երիտասարդները հանրային լսարանի այն խումբն են, որն ուզում է ամեն բան իմանալ՝ առաջինը լինելով դեպքերի կիզակետում: Նրանք չափազանց հետաքրքրասեր են, և հետաքրքրվում են ոչ միայն իրենց բնակավայրի, այլև ողջ աշխարհի նորություններով: Հաճախ ցանկանում են հենց իրենք դառնալ որևէ փոփոխության պատճառն ու իրագործողը, փոխել կամ գոնե մասնակից լինել դեպքերի ընթացքին: Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված չափազանց կարևոր է, որ մարդիկ, առավել ևս երիտասարդությունը, հնարավորություն ունենան ձեռք բերելու օբյեկտիվ տեղեկատվություն:

Լսարանի կարծիքը ձևավորվում է տարբեր ֆակտորների ազդեցությամբ: Մասնավորապես գաղափարախոսության և պրոպագանդայի տարածումը լրատվադաշտի միջոցով շատ է ազդում մարդկանց աշխարհայացքի և, և համաձայն դրա էլ, նրանց գործունեության վրա:

Զուր չէ այն համոզմունքը, որ ԶԼՄ-ը համարվում են  «չորրորդ իշխանություն»: Անգլիական գիտական կենտրոնում կատարված հետազոտությունները բերել են այն համոզման, որ լուրեր հաղորդող լրատվամիջոցները մարդկանց մոտ առաջացնում են անհանգստություն, վախ, հիասթափություն… Գիտնականների կարծիքով, հեռուստատեսությանը կամ համացանցին երկար ժամանակ տրամադրող մարդը, հատկապես երիտասարդը, դառնում է անտարբեր ու ագրեսիվ շրջապատի նկատմամբ՝ չհաշված ձեռք բերված լսողական ու տեսողական խնդիրները: Օրինակ, եթե, սիրելի երգում առկա է սպանության կոչ, ալկոհոլ, թմրանյութ, ծխախոտ և այլ վնասակար սովորույթներ, երիտասարդի համար տվյալ երաժշտությունն ուղղորդող դեր է ունենում: Նա փորձում է կրկնօրինակել երաժշտին, տեսահոլովակի հերոսի գործողություններն ու վարքը: Ահա, թե որքան մեծ ազդեցություն կարող են ունենալ հեռուստատեսությունն ու համացանցը մարդու վրա: Այդ իսկ պատճառով էլ, մեծ է ուսուցանող, մշակութային հաղորդումների ստեղծման անհրաժեշտությունը:

 Նոր ժամանակաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաները թույլ են տալիս, այսպես ասած, դաստիարակչական աշխատանքներ տանել երիտասարդների շրջանում: Հարցին, թե արդյո՞ք դիտում են հեռուստացույց, դպրոցականների ցածր տարիքային խումբը տալիս է դրական պատասխան, իսկ ավարտական դասարաններում բերվում է բարձագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նպատակով ունեցած ժամանակի սղության պատճառաբանությունը:

Հարցին, թե հաճա՞խ եք հաղորդագրություններ ուղարկում, բոլորը տալիս են դրական պատասխան: Ինչի՞ է հանգեցնում սա: Գերադասելով վիրտուալ շփումն իրականից, դպրոցահասակ երեխան, և ոչ միայն, զրկվում է մաքուր օդում զբոսնելուց, միմյանց հետ խոսելիս դեմքի էմոցիաների փոխարեն բավարարվում են սոցցանցի էջում տեղադրված նկարին նայելով:

Իսկ ահա մեկ այլ՝ գիրք կամ ամսագիր կարդալու հետ կապված հարցին, դրական պատասխան է տալիս հարցվածների ընդամենը մի փոքր մասը: Սա, իհարկե, շատ ցավալի է: Վերջինս կարելի է ասել, համացանցի ազդեցության հետևանքն է: Այն գրավել է երիտասարդների միտքն ու ուշադրությունը, որևէ այլ բանի համար նրանք ժամանակ չեն գտնում: Համացանցանցային տիրույթում այսօր կարող ես գտնել քեզ հուզող ցանկացած հարցի պատասխան: Այն կօգնի արագ լուծում գտնել դժվար թվացող հանձնարարություններին, վերջ տալ երկար ժամանակ պահանջող փնտրտուքներին, և, որ ամենակարևորներից է, հնարավորություն տալ առաջինը տեղեկանալու աշխարհում տեղի ունեցածից: Բացի այդ, կարող ես ազատ ժամանակդ տնօրինել ինչպես ցանկանաս: Ահա, այսքանը․ առաջին հայացքից օգտակար ու անվնաս, սակայն իրականում մարդկային մտքի սառեցմանն ու ռոբոտացմանն հանգեցնող երևույթների մասին: Ի վերջո, ամեն բան չափի մեջ է գեղեցիկ:  

Արաքսյա   Սահակյան

5-րդ կուրս 

Կիսվել