ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ ԱՐԱԳ ՍՆՆԴԻՑ. ՈԼՈՐՏԻ ԽՆԴԻՐԵՐԸ

ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ ԱՐԱԳ ՍՆՆԴԻՑ. ՈԼՈՐՏԻ ԽՆԴԻՐԵՐԸ

1018

Արագ սննդի կետերից հաճախակի օգտվող ուսանողուհի Աննան պատմում է  հոթ դոգ ուտելուց հետո իր մոտ ախտորոշված թունավորման մասին. «Նախկինում չէի օգտվում արագ սննդի կետերից, բայց երբ դարձա ուսանող, ստիպված սկսեցի սնվել բուֆետներից և դրսում վաճառվող առագ սննդի կետերից։ Սկզբում շատ գոհ էի, ամեն ինչ և՛ մատչելի էր և՛ համեղ։ Սակայն մի օր հոթ-դոգ ուտելուց մոտ մեկ ժամ հետո սկսեցի ինձ շատ վատ զգալ. պարզվեց՝ թունավորվել եմ։ Այդ օրվանից աշխատում եմ շատ քիչ օգտվել նման ուտելիքներից, մյուսներին ևս խորհուրդ կտայի չօգտվել»։

Քաղաքացիների շրջանում հարցումներ անցկացնելուց հետո պարզ դարձավ, որ արագ սննդից ավելի հաճախ օգտվում են երիտասարդները, քանի որ արագ սնունդը հարմար է նրանց գրպանին։ Այնինչ դիետոլորգ Ծովինար Տիգրանյանն ասում է, որ արագ սննդի կետերից հաճախակի օգտվելը վտանգավոր է, մասնավորապես երտասարդների և երեխաների համար. «Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ արագ սնունդն ունի իր բացասական կողմերը, և դրանք, բնականաբար, մեկ օրում նկատելի չեն դառնում։ Արագ սննդի երկրպագուները հիմնականում երեխաներն ու երիտասարդներն են, և ցավալին այն է, որ արագ սնունդը նրանց համար ավելի վտանգավոր է, քանի որ նրանք գտնվում են աճի և զարգացման փուլում»։

Հայաստանում չկա հատուկ վիճակագրություն, թե մարդիկ որքան հաճախ են օգտվում արագ սննդի կետերից, բայց փաստ է, որ այդ թիվը տարեցտարի ավելանում է։ Բժիշկ Արամ Հայրապետյանի կարծիքով՝ արագ սննդից կարելի է օգտվել ամիսը մեկ անգամ, բայց նույնիսկ դա կարող է վտանգավոր լինել. «Արագ սննդի օգտագործումը բացասական ազդեցություն է ունենում մաշկի և մազերի որակի վրա, խաթարում է օրգանիզմի նյութափոխանակությունը։ Այդպիսի կետերում սնվելը մեծ վնաս է հասցնում առողջությանը, անգամ ամիսը մեկ անգամ օգտվելու դեպքում»։

Սննդի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն ասաց, որ եթե սնունդը որակյալ չէ, մարդիկ ունեն բողոքներ, պետք է դիմեն իրենց, որպեսզի խնդրին լուծում տրվի. «Մենք ունենք դիտարկումներ, մշտադիտարկումներ, ստուգումներ։ Դրանք մեր գործիքներն են, որոնցով մենք վերահսկողություն ենք իրականացնում։ Ունենք նաև շրջայցեր, պատասխանատվության ենթարկելու գործիքներ՝ վարչական իրավախախտումների մասին օրենքի համապատասխան, որոնցով և առաջնորդվում ենք մեր գործողությունների ընթացքում։ Իսկ եթե մարդիկ բողոքներ ունեն սննդից, պետք է դիմեն մեզ, որպեսզի մենք, այդ հիմքերն ունենալով, քայլեր ձեռնարկենք»։  

«Իրազեկ և պաշտպանված սպառող»  ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը, անդրադառնալով այս ոլորտում առկա խնդիրներին, ասաց, որ իրենք վերահսկողություն են սահմանում լիազոր մարմնի՝ Սպառողների անվտանգության պետական ծառայության աշխատանքների վրա, որպեսզի ամեն ինչ արվի պատշաճ մակարդակով. «Լիազոր մարմնին ներկայացնում ենք մեր մոտեցումներ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել, և սահմանում ենք վերահսկողություն, որպեսզի ամեն ինչ արվի պատշաճ մակարդակով։ Չնայած այն հանգամանքին,որ այս ոլորտում, առկա են բազմաթիվ խնդիրներ՝ սկսած հիգենիկ վիճակից, վերջացրած տաղավարներով, որտեղ անգամ տաք ջուրն ապահովված չէ, կարող եմ ասել, որ քաղաքացիների վատ զգալը կարող է երկու գործոնով պայմանավորված լինել. ուղղակի թունավորում կամ արագ սննդիի շատ օգտագործման հետևանք։ Այդ գնահատականն արդեն պետք է հնչի համապատասխան առողջապահական հաստատության կողմից, և դրանով էլ պայմանավորված կլինեն հետագա գործողություններն ինչպես մեր, այնպես էլ համապատասխան այլ մարմինների կողմից»։

Նարե Բաբերյան
2-րդ կուրս

Կիսվել