ՄԻ ՕՐ ԴԱՏԱՎՈՐ ԵՍ, ՄԻ ՕՐ՝ ՄԱՐԴԱՍՊԱՆ. ՌԵԺԻՍՈՐ, ԴԵՐԱՍԱՆ ...

ՄԻ ՕՐ ԴԱՏԱՎՈՐ ԵՍ, ՄԻ ՕՐ՝ ՄԱՐԴԱՍՊԱՆ. ՌԵԺԻՍՈՐ, ԴԵՐԱՍԱՆ ՎԱԶԳԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ՝ ԹԱՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ

4464

«Անմնացորդ նվիրում ու սեր պիտի տաս այն աշխատանքին, որով զբաղվում ես. սա է հաջողության գրավականը»։ Իր սաներին միշտ այսպես է ոգևորում իմ զրուցակիցը՝ երիտասարդ ռեժիսոր, դերասան Վազգեն Թորոսյանը։ Նա արդեն երկար տարիներ Գյումրու Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի և Հայ Ավետարանական եկեղեցու թատերական խմբակների ղեկավարն է։

-Երբևէ մտածե՞լ եք, որ մի օր թատրոնում կհայտնվեք։

-Կարծում եմ՝ իմ ճանապարհը դեպի թատրոն դեռ մանկուց գծված էր։ Փոքր ժամանակ բակում կազմակերպում էի տիկնիկային ներկայացումներ, և այդ տիկնիկներին պատրաստելու համար ինձ շատ էին օգնում տատիկս ու հարևանի աղջիկները։ Հետո զգացի, որ միայն տիկնիկներով հնարավոր չէ զգացողությունը լավ ցույց տալ (դիմախաղը քիչ էր) և սկսեցի փոքր սքեյչներ բեմադրել, որոնց գլխավոր դերակատարները մեր հարևաններնն էին, և հենց իրենք էլ դարձան մեր հանդիսատեսը։ Նույնիսկ պատվերներ էինք ստանում, թե որ հարևանին կարելի  է նմանակել։

-Ե՞րբ որոշեցիք թատրոնը ընտրել որպես մասնագիտություն ։

-Հայրենիքին պարտքս կատարելուց հետո որոշեցի, որ պետք է ավելի խորանամ այս ուղղությամբ, և ընդունվեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ։ Փառք և պատիվ իմ կուրսղեկ Սամվել Գրիգորյանին, իմ վարպետ Հովհաննես Հովհաննիսյանին և Սուվարյան Հասմիկին, ովքեր ավելի խորացրին թատրոնի նկատմամբ իմ սերը և բացատրեցին, որ այդ ուղին շատ դժվար ու ծանր է, բայց հետդարձի ճանապարհ չկար, որովհետև մինչև ականջներս արդեն սիրահարված էի։

-Երկար ժամանակ է՝ աշխատում եք երեխաների հետ, և մի առիթով ասել եք, որ Ձեր աշխատանքը երբեք գործ չեք համարում,  հիմա  է՞լ նույն  կարծիքն ունեք ։

-Ինձ համար ամենակարևորն այն է, որ, անկախ մասնագիտությունից, մարդը սիրի իր աշատանքը։ Երբ  դու սիրում ես աշխատանքդ, երբ այն  զուտ աշխատանք չէ, որի համար քեզ վարձատրելու են ամսվա վերջին, դու նվիրվում ես հոգով, սրտով, և արդյունքները ուշացնել չեն տալիս։  

Երեխաների հետ աշխատելու առաջին պայմանը համբերատարությունն է։ Հնարավոր է՝ մի բանը բացատրես մի անգամ, չհասկանան, երկրորդ անգամ՝ էլի չհասկանան, դու իրավունք չունես բարկանալու,  պետք է փոխես քո բացատրելու ձևը։

 Ես սիրում եմ բացահայտել մարդկանց, փորձում եմ մանուկների, պատանիների մեջ գտնել բնավորության թաքնված  այնպիսի գծեր, որոնք նույնիսկ իրենք չգիտեն, որ ունեն։ Ես օգնում եմ երեխաներին՝ արթնացնելով իրենց մեջ երևակայություն, հավատ։

-Եղե՞լ է պահ, որ մտածեք պրոֆեսիոնալ բեմ վերադառնալու մասին։

-Գիտեք՝ ինձ համար պրոֆեսիոնալ բեմ հասկացությունը հետևյալն է. հիմա՝  21-րդ դարում, ավելի կարևոր են արտիստը, ռեժիսորը և գերխնդիրը։ Եթե դու ունես ասելիք և այն ցույց տալու գեղեցիկ ձև, քեզ համար պրոֆեսիոնալ բեմ կարող է դառնալ նաև փողոցը, հրապարակը։ Մեր ներկայացումների ժամանակ հրավիրում ենք նաև փորձառու ռեժիսորների, դերասանների, ովքեր կարող են ճիշտ խորհուրդներ և դիտողություններ անել։ Մենք հաշվի ենք առնում նրանց կարծիքները, և, հաճախ՝  գովեստի  արժանանում։ Կարող եմ ասել, որ ինչ-որ չափով արդեն ունենք մեր հանդիսատեսը, որտեղ կան փորձառու մասնագետներ։

-Ի՞նչ է թատրոնը Ձեզ համար։

-Թատրոնը…Թատրոնը ինձ համար հնարավորություն է, որտեղ դու քեզ զգում ես հրաշագործ։ Երբ բեմին կանգնած խոսում ես, քո մտքերն  ես արտահայտում  հանդիսատեսին, դու զգում ես դահլիճում յուրաքանչյուր անհատի սրտի ձայնը, շունչը։ Դու գիտես, թե քո որ խոսքից հետո են ծիծաղելու, որից հետո են արտասվելու կամ մտածելու, և դու դառնում ես զգացողություններ թելադրող հրաշագործ։ Թատրոնը ուժ է ինձ համար, ընտանիք է, մարդկանց մի խումբ է, որոնց սիրտը ցավում է քեզ համար։

– Եթե ոչ թատրոն, ապա ի՞նչ։

– Շատ եմ մտածել այս հարցի շուրջ․ կարող եմ ասել, որ ես այն մարդկանցից եմ, ովքեր նույն աշխատանքից հոգնում են։ Իմ կարծիքով թատրոնը այն միակ տեղն է, որտեղ դու կարող ես մի օր թագավոր լինել, մի օր՝ մարդասպան,  բժիշկ,  դատավոր, և ստիպված պետք է ուսումնասիրես  այդ բոլոր մասնագիտությունները։ Եթե մի օր այլ  մասնագիտություն  ընտրեմ, թատրոնի տված փորձն իր ուրույն դերը կունենա դրանում։

Ամեն դեպքում, թատրոնն առաջին տեղում է ինձ համար։


Լուսինե Հակոբյան
2-րդ կուրս

Կիսվել