Եթե Իրինդ գյուղի ամենաերկարակյաց կնոջը՝ Ազնիկ տատիկին, խնդրեք, որ նա պատմի իր կյանքի մասին, նա մտովի կտեղափոխվի 1938 թվականի մարտ ամիսը։ Հենց այդ թվականի մարտի ութին է աքսորվել նրա հայրը։ «Լաո, ըդ օր պոլորի հըմար տոն ը, ըմ հըմար սուկ»,- այս տողը դաջվել է 11 ամյա աղջկա գլխում 82 տարի առաջ և այդպես է չի սպիացել։
Ազնիկ տատը (Ազնիվ Կարապետյան) ծնվել է 1927 թվականին Թալինի շրջանի Իրինդ գյուղում։ 1938 թվականին՝ հոր աքսորից հետո, նրանք կորցրել են ողջ ունեցվածքը։ Ազնիկ տատը նույնիսկ դադարել է դպրոց գնալ և ստիպված աշխատել է՝ օրվա հաց վաստակելու համար։ «Լաո, ըմ թայեր կիրք ը վերցեն, ես՝ մանգաղ»,- այսպես է Ազնիվ տատը հիշում մանկության տարիները։
Հպարտանում է, որ ամուսնանալով 1947 թվականին՝ հայրենիքին 11 զավակ է նվիրել, և տխրում է, որովհետև ֆինանսական դժվարությունների պատճառով չի կարողացել երեխաներին բուհ ուղարկել՝ սովորելու։ Այսօր Ազնիկ տատն ունի 25 թոռ, 34 ծոռ ու 2 թոռի թոռ։ Նրա խոսքով՝ աշխարհում ոչինչ արժեք չունի՝ բացի ընտանիքից։ Ասում է, որ հաճախ է տխրում, որովհետև զավակներից ընդամենը 6-ն են իր հետ Իրինդում ապրում, բայց հոգու խորքում երջանիկ է, որովհետև նրանք հոգով միշտ իր հետ են։
Հաճախ են իրինդցիները հպարտանում, որ ունեն նման բարի և սրտացավ համագյուղացի, որը միշտ պատրաստ է յուրաքանչյուրին օգնել ։
Ավաղ, ծերությունն անհետևանք չի անցել Ազնիկ տատի կողքով։ Հիմա անկողնուն գամված՝ տեսողությունից և մասամբ լսողությունից զրկված տատիկը, երբեք չի տրտնջում տարիների վերքերից ու ասում է, որ կարևորն այն է, որ մարդ չկորցնի հոգու զգայարանները։
Դիանա Պետրոսյան
2-րդ կուրս