«ԵՐԿՈՒ-ԵՐԵՔ ԱՄԻՍ ՇԱՏ ՎԱՏ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՄ ԵՂԵԼ,...

«ԵՐԿՈՒ-ԵՐԵՔ ԱՄԻՍ ՇԱՏ ՎԱՏ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՄ ԵՂԵԼ, ՆՈՒՅՆԻՍԿ ՉԷԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՔԱՅԼԵԼ»․ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՓԻՆԵ ԴԱԼԱԼՅԱՆ

1319

«Journalist.am»-ի զրուցակիցն է 2015-2016թ ծանրամարտի պատանիների Եվրոպայի չեմպիոն, 2016թ պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2017-2019թթ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Արփինե Դալալյանը։

-Բազմաթիվ մասնագիտություններից ընտրեցիք ծանրամարտը ինչո՞վ էր դա պայմանավորված և ինչպե՞ս որոշեցիք դառնալ ծանրորդուհի։

-Ծանրորդի մասնագիտությունը ընտրել եմ պապիկիս և հայրիկիս խորհրդով. մեր որոշմանը դեմ էր միայն մայրս, ով մինչ օրս էլ դեմ է։ Մինչև հիմա էլ, երբ ասում եմ՝ ինչ-որ տեղ ցավում է, մայրս ասում է՝ էլ մի գնա։

-2016 թվականին, հայաստանյան պատմության մեջ առաջին անգամ, դարձել եք պատանիների աշխարհի առաջնության մեդալակիրի՞նչ զգացողություններ ունեիք այդ օրերին։

– Տղաների պատանիների աշխարհի առաջնությունում ունեցել էինք մեդալակիր, բայց աղջիկների առաջնությունում ես առաջինն էի․ ինձնից հետո Լիաննա Գյուրջյանն էր։ Կարծում եմ, որ մարզիկին պետք է ոգևորել և ոգեշնչել, որպեսզի մարզիկը շահագրգռվի, ոգևորվի և փորձի ավելի մեծ նվաճումների  հասնել։

– Ունե՞ք այնպիսի թալիսման, որը առաջնությունների ժամանակ միշտ ձեզ հետ է։

– Վերջերս միշտ ինձ հետ է իմ աղոթագիրքը և արևը, որը միշտ պարանոցիս է։ Դրանից առաջ նմանատիպ իրեր չեմ ունեցել։

– 2016թ Եվրոպայի առաջնությանը հանդես եկաք զինվորական համազգեստով։ Այդ առաջնությունը նվիրել եք Ձեր եղբորը, քանի որ այդ ժամանակ նա ծառայում էր հայոց բանակում։ Դժվար չէ՞ր կենտրոնանալ  առաջնության վրա։ Ի՞նչ  էիք մտածում  այդ ժամանակ։

– 2016 թ Կազանում ուսումնամարզական հավաքների էինք, մարզումների  ժամանակ  տեղեկացանք, որ սկսվել է ապրիլյան պատերազմը, և չեմ կարող նկարագրել, թե ինչ էր կատարվում ամբողջ հավաքականի հետ․ ո´չ տրամադրություն ունեինք խոսելու, ո´չ մարզումներ անցկացնելու, անընդհատ հեռախոսը վերցնում էինք՝ պատերազմ, պատերազմ, և, ի սկզբանե, որոշված չէր՝ ինչ շապիկով եմ մասնակցելու։ Շապիկը եղբորինս էր, վերցրել էի հետս, բայց հետո, վերջին վայրկյաններին, որոշեցի այդ շապիկով մասնակցել և ելույթս նվիրեցի եղբորս, ով առաջնագծում էր։

Ծանրամարտը անկանխատեսելի սպորտաձև է երբեմն պատահում է այնպես, որ ծանրորդները առաջնության ժամանակ ստանում են ծանր վնասվածքներ։ Այդ ամենը տեսնելով՝ Ձեզ մոտ վախ, խուճապ, ավելորդ հուզմունք առաջանու՞մ է։

– Վախը միշտ  էլ կա․ ես վնասվածքներ շատ եմ ստացել թե՛ մարզումների ժամանակ, թե՛ մարզումներից դուրս, բայց, անկախ ամեն ինչից, փորձել եմ առաջ նայել, ինչ կլինի կլինի՝ ես այդպես եմ մտածում, ոչինչ չես կարող փոխել։

– Եվրոպայի երիտասարդների առաջնությունից առաջ ունեիք վնասվածք և բուժվում էիք վնասվածքը խանգարե՞ց լավ ելույթ ունենալուն, թե՞ մինչ այդ  ամբողջությամբ ապաքինվել էիք ։

– Լիարժեք բուժում չէի ստացել։ Երկու-երեք ամիս շատ վատ վիճակում եմ  եղել, նույնիսկ չէի կարողանում քայլել, նստել։  Ինձ թվում էր՝ վերջ. բաց կթողնեմ առաջնությունը: Խոսեցի մարզիչների հետ, նրանք ասում էին՝ բաց թող առաջնությունը, գնա բուժումներդ լիարժեք ստացի, բայց չհամաձայնեցի։ Բուժումներս կիսատ թողնելով՝ սկսեցի մարզվել։ Բուժումներիցս մեկ ամիս հետո մասնակցեցի առաջնությանը և հաղթեցի, անգամ  հարկ չեղավ երրորդ մոտեցման գնալու։ Առաջնությունից հետո սկսեցի բուժվել։ 2-3 ամիս չմարզվեցի, բուժվում էի․ նոր եմ վերսկսել  մարզումներս։  

Որո՞նք են Ձեր առաջիկա ծրագրերը, մրցումներ լինելո՞ւ են, ի՞նչ սպասենք Արփինե Դալալյանից։

-Առաջնայինը մեծահասակների Եվրոպայի առաջնությունն է․ մասնակցելու եմ երրորդ անգամ, նպատակս այն է, որ մեդալ ունենամ․ արդեն ժամանակն է։ Առաջնությունից հետո երիտասարդների Եվրոպայի առաջնությունն է։ Այս տարի մասնակցելու եմ  մինչև քսաներեք տարեկանների հետ։

Ինչպիսի՞ն է ծանրորդի գրաֆիկը թվում է, թե ծանրաձող է գլխավերևում, մի քանի վայրկյան  կպահես և վերջ, բայց այդ ամենին հասնելու համար պետք է տքնաջան աշխատել։

– Մեր հանգստյան օրը կիրակին է։ Ամբողջ շաբաթվա ընթացում, ամեն օրվա մեջ երկու մարզում ենք անցկացնում․ առավոտյան պարտադիր նախավարժանք, հետո հանգիստ, գնում ենք դահլիճ պարապելու,  որից հետո կրկին  հանգիստ , հետո նորից մարզումներ և այդպես շարունակ։

-Ծանրամարտով զբաղվելու համար Հայաստանում արդյոք կա՞ն միջազգային չափանիշներին համապատասխանող  լիարժեք պայմաններ ։

– Կարծում եմ՝ կան։ Կան համապատասխան վայրեր, որտեղ հավաքներ ենք անցկացվում՝  Ծաղկաձոր, Օլիմպավան, Աբովյան։ Ճիշտ է՝ Հայաստանում կան դահլիճներ, որոնք անմխիթար վիճակում են, բայց մեր դահլիճները ամեն ինչով ապահովված են։

– Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր որոշել են զբաղվել ծանրամարտով։

– Առաջին հերթին նրանց  պետք կգա կամքի ուժ և աշխատասիրություն։ Եթե ընտրում եք ծանրամարտը, ուրեմն՝ վերջ․ պետք է ձեռքիցդ եկածն անես,  որպեսզի հասնես լավ արդյունքների։

Անուշ Ղազարյան

2-րդ կուրս

Կիսվել