ՀԱՉՈՂ ՇՈՒՆԸ ՉԻ ԿԾՈ՞ՒՄ

ՀԱՉՈՂ ՇՈՒՆԸ ՉԻ ԿԾՈ՞ՒՄ

2236

Թափառող շները միշտ են կծել մարդկանց․ սա նորություն չէ, սակայն արտառոց է դեպքերի դինամիկան, որ գրանցվել է վերջին տարիներին։ 2016-ից 2017 թթ. Երևանում դեպքերի աճը կազմել է մոտ 10%, 2017-ից 2018-ին՝ մոտ 19%, 2019-ին 2018-ի համեմատ կազմել է 27%։ Ընդհանուր առմամբ, 2016-ից մինչև 2019-ն աճել է 63%֊ով։ 2019-ին գրանցվել է թափառող շների կծելու 6.515 դեպք, որից 1781-ը՝  Երևանում:

Մոտ 1 տարի առաջ Երևանի ավագանու որոշմամբ ստեղծվել է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը: Սակայն այն ստեղծելուց հետո էլ՝ 2020-ին, Երևանի մի շարք վարչական շրջանների բնակիչների՝ թափառող շների հարձակումների վերաբերյալ ահազանգերը չեն նվազել, իսկ համացանցում ակտիվորեն տարածվում են շների հարձակումներից տուժած երեխաների տեսանյութերը եւ լուսանկարները։ Շների հարձակման էպիկենտրոնը դարձել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցը, մասնավորապես՝ 174-րդ և 176-րդ հիմնական դպրոցների  բակն ու հարակից տարածքը։

Համար 174 հիմնական դպրոցի երրորդ դասարանի աշակերտները պատմում են, որ վախենում են շներից և ամեն անգամ շուն տեսնելիս փոխում են ճանապարհը։ «Մենք ընկերներով տուն էինք գնում, երբ մի շուն մեր հետևից էր գալիս։ Մենք փախանք, և ես ընկա ծառերի վրա, շունը բռնեց ոտքիցս ու կծեց։ Հետո ընկերներս ինձ տարան տուն, այնտեղից էլ հիվանդանոց։ Հիմա վախենում եմ շներից և դպրոց մենակ չեմ գալիս»,- պատմում է Ս Շ-ը։

Ծնողները, ովքեր հավաքվել էին դպրոցի բակում և սպասում էին իրենց երեխաներին, պատմեցին, որ ամեն օր ականատես են լինում հարձակման դեպքերի․ «Որոշ շների տարբերանշանները դրել են, ասում են՝ անվնաս են եկել են, ստուգել են, տարբերանշանը կա։ Այդ շան կողքով կարող ես ազատ գնալգալ»,-բողոքում են ծնողները և ավելացնում՝ «անգամ մենք ենք վախենում, ուր մնաց երեխաները չվախենան»։

«Հոգեբանական հիմնական խնդիրը վախն է։ Այն կարող է մի շարք ֆիզիոլոգիական խնդիրների պատճառ դառնալ՝ կախված սթրեսի աստիճանից։  Այստեղ շատ կարևոր է ծնողի արձագանքը երեխայի ներկայությամբ, որ հետագայում վախը չարմատավորվի ու չազդի ամբողջ կյանքի որակի վրա։ Դրանից խուսափելու համար կարևոր է ծնողի ոչ տագնապային արձագանքը և մեկնաբանությունը։ Վախը հանելու լավագույն տարբերակը երեխային դեմ առ դեմ հանդիպեցնելն է վախի առարկայի հետ»,-ասում է հեգեբան Լարիանա Նազարյանը։

Այս դեպքերից հետո երեխաները չեն կարողանում հանգիստ քնել։ Ըստ «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանի, եթե երեխան չի կարողանում հաղթահարել վախը, անհրաժեշտություն է առաջանում դիմել հոգեբանի․ «Ծնողը, լինելով վախի կամ հուզական գրգռվածության մեջ, չի կարող օգնել երեխային: Ավելին՝ օգնության կարիք ունի նաև ծնողը»։

Ծնողները չեն թողնում, որ երեխաները մենակ դուրս գան տանից։ Ասում են՝ շներն ավելի են շատացել: Մարինե Օհանջանյանը, ով   Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ է, պատուհանից տեսել  է, թե ինչպես իրենց բակում  5-6 շուն հարձակվել են 9-ամյա տղայի վրա։ Առաջին  անգամ այդ դեպքից հետո է ահազանգել թեժ գիծ։ Հաջորդ առավոտյան իր աղջկա վրա են հարձակվել 3 շուն։ 9-ամյա աղջիկը սովորում է համար 174 հիմնական դպրոցի 4-րդ դասարանում։  «Դպրոց գնալիս ամբողջ ճանապարհը գնում ենք կողք ու հետ նայելով, որովհետև աղջիկս սպասում է, որ ինչոր տեղից կարող են շներ հարձակվել»,-պատմում է Մարինե Օհանջանյանը։

Մարինե Օհանջյանը նաեւ ֆեյսբուքում գրառում է կատարել, որի մեկնաբանություններում ծնողներն ավելացրել են շների հարձակումներից տուժած իրենց երեխաների լուսանկարները։

Ըստ հանրագրի հեղինակի՝ ինչ-որ չափով բակի շները քչացել են, բայց 174 և 176 դպրոցների հարակից շրջանում վաղ առավոտ դպրոց շտապող երեխային դիմավորում են շների ոհմակները։ «Քաղաքապետարանի, թաղապետարանի համապատասխան բաժինների հարգելի՛ աշխատակիցներ, հետաքրքիր է, դուք պատկերացնու՞մ եք, թե ինչ հոգեկան վիճակում է 4 շների կողմից, հենց իրենց շենքի մուտքի մոտ քաշքշված այս 6 տարեկան աղջնակը(նկար 2, հունվարի 24-ի դեպք), կամ 9 տարեկան այս տղա երեխան, ով 1 ամսից ավել է դեռ չի ապաքինվել (նկար 1,հունվարի 14-ի դեպք): Սրանք հենց նույն շներն են, որոնք հարձակվել էին իմ աղջկա վրա(բարեբախտաբար միայն վերարկուն էին բռնել ու քաշքշել): Խնդրում եմ, լուծե՛ք այս հարցը, ազատե՛ք այս տարածքը շներից (խոսքը Շերամի 99,101,108 բակերի, Սվաճյան փողոցի եկեղեցուն կից տարածքի ու նաև մոտակա դպրոցների տարածքի մասին է), պաշտպանեք մեր երեխաներին անտեղի հարձակումներից ու սթրեսներից։ Ավելի լուրջ մոտեցեք այս հարցին, թույլ միտվեք՝ էլի անմեղ երեխաներ տուժեն, հուսով եմ պատկերացնում եք՝ հետո ինչ հիվանդությունների ու խնդիրների առաջ կարող են կանգնել այդ երեխաները»:

Դպրոցն ունի բուժկետ, բայց ոչ մեկը հարձակումներից հետո չի գնում, որովհետև անհրաժեշտության դեպքում մասնագետը չի կարող վնասված հատվածին կար դնել։

Մարինե Օհանջանյանը դիմել է նաև Երևանի քաղաքապետին և Առողջապահության նախարարին, սակայն նրանք հորդորել են դիմել «Թափառող շների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ին, և ասել են,  որ իրենք չեն կարող օգնել։

«Ես սպասում էի, որ, օրինակ, Առողջապահության նախարարությունից, կամ  Կրթության նախարարությունից, քաղաքապետարանից ինչ-որ մի խումբ մարդիկ մտահոգ կլինեն երեխաների հոգեվիճակով։ Չէ՞ որ խոսքը երեխաների մասին է։ Մի այլազգի  ինչ-որ բան արած լիներ, կդարձնեին դրոշակ»,-մտահոգվում է Մարինե Օհանջանյանը և ավելացնում․ «Եթե մահվան ելքով դեպք լիներ, ո՞վ էր պատասխան տալու»։

Ծնողները բողոքում են, որ Կենտրոն վարչական շրջանից շներին տեղափոխում  են ծայրամասեր, սակայն Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հակադարձեց․ «Կենդանիներին ստերջացնելուց հետո տանում են այն վայրը, որտեղից վերցրել են, եթե նույնիսկ համեմատաբար, ավելի հեռու վայր տանես, հոտառությամբ վերադառնում են նույն վայրը։ Ապացույցն այն է, որ Հանրապետության հրապարակում ամեն առավոտ կարող եք տեսնել շների խմբեր։ Ներկայումս Երևանի քաղաքապետարանը «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿի միջոցով իրականացնում է թափառող կենդանիների վնասազերծման ծրագիրը։ Դա համապարփակ ծրագիր է, որը  տեղի է ունենում մի քանի փուլերով, և որի  վերջնանպատակը թափառող կենդանիների քանակը հնարավորինս մաքրելն է և անվտանգ դարձնելը  մարդկանց համար։ Ծրագիրն իրականացվում է կենդանիների ստերջացման, պատվաստման միջոցով։ Կառույցը գործում է շուրջ մեկ տարի, որի հետևանքով 3000 կենդանի է ստերջացվել, համարակալվել, պատվաստվել։ Ժամանակի ընթացքում ավելի շատ կենդանիներ ստերջացնելով՝ կնվազեցնենք թափառող կենդանիների պոպուլյացիան քաղաքում ստերջացվելուց հետո սերունդ տալու հնարավորություն չեն ունենում, դառնում են պակաս ագրեսիվ և ոհմակ  կազմելու բնազդը, կարծես, վերանում է։ Նախատեսվում է՝ կենդանիների համար կացարաններ կառուցել», մեկնաբանում է մամուլի խոսնակը։

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի» ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Աղաբեկյանը ընդունում է, որ շների քանակն ավելացել է, բայց իրենք ստերջացնում են կենդանիներին և աշխատում են հատուկ ռեժիմով․ «Ստերջացված շները նորից բաց են թողնվում տարածք, հիմնականում ագրեսիվություն չեն ունենում, ինչպես նաև հարակից մարզերում ձյուն է, դրա համար գալիս են Երևան»։

Անասնաբույժ Հրանտ Դավոյանը համոզված է՝ ոչ բոլոր կենդանիներն են թեստավորում անցնում հիվանդությունների դեմ․ «Կենդանիների հարցերով զբաղվող ՀՈԱԿը ճիշտ չի կատարում իրեն վերապահված գործառույթները։ Նրանք ստերջացնում են փոքր, հղի, հանգիստ շներին, իսկ ոհմակներով շրջող շներն այդպես էլ մնում են, ինչը խիստ վտանգավոր է։ Իսկ այս վիճակը ավելի վտանգավոր է դառնում»։

«Հայաստանում շները շատ վախկոտ են, մարդկանց չեն վստահում և հիմնականում խուսափում են մոտենալուց, և եթե իրենց չնեղացնեն, հարձակումներ չեն լինի։ Հարձակումների հիմնական մեղավորները երեխաների կողմից պռովոկացիաներն են, դա էլ ծնողների ոչ ճիշտ դաստիարակության արդյունքն է»,-ընդգծում է «Դինգո թիմ» ՀԿ անդամ  Գոհար Մանուշակյանը։

Ի պատասխան իրենց մեղադրողներին՝ դպրոցահասակ երեխաների մայրերն էլ մատնացույց են անում հարձակման դեպքերի թվերին։ Համար 19 պոլիկլինիկայից  հայտնում են՝ 2020 թվականի հունվարից մինչ այժմ միայն իրենց մոտ 28 դեպք է գրանցվել, մինչդեռ ամբողջ  2019 թվականին դեպքերը 47-ն են եղել։ Խորը վնասվածքով գրանցվել է 2 դեպք։

Արփինե Հակոբյան

3-րդ կուրս

Կիսվել