«ԵՐԿՈՒ ԱՇԽԱՐՀՆԵՐՈՒՄ» ԱՊՐԱԾ ԱՂՋԻԿԸ ՕԳՆՈՒՄ Է ԽՈՒԼԵՐԻՆ

«ԵՐԿՈՒ ԱՇԽԱՐՀՆԵՐՈՒՄ» ԱՊՐԱԾ ԱՂՋԻԿԸ ՕԳՆՈՒՄ Է ԽՈՒԼԵՐԻՆ

1480

Մասնագիտությամբ ատամնաբույժ այս աղջիկը կարող է մարդկանց զարմացնել իր բարությամբ,  խանդավառ տեսակով և ուժեղ կամքով: Կուզենայի ծանոթացնել ձեզ Լուսինե Հոլիկյանի հետ,  ով կյանքում բազում դժվարություններ է հաղթահարել,  և երբեք չի հանձնվել: Լուսինեն դեռ  5 տարեկան է եղել,  երբ նկատել է լուրերի թողարկման ժամանակ հեռուստացույցի անկյունում ձեռքերով «պարող» մի կնոջ,  իսկ երբ հարցրել է պապին,  թե ի՞նչ է նշանակում այդ ամենը,  պապը պատասխանել է,  որ դա չլսող մարդկանց համար է. դա նրանց լեզուն է:

«Հիշում եմ,  որ 2 ձեռքով ականջներս փակեցի, որ ես էլ հասկանամ այդ կնոջ շարժումները,  բնականաբար,  չհասկացա, բայց ինձ հետաքրքրեց՝ ինչպես կարող է մարդը չլսել»,-պատմում է Լուսինեն:

 Չանցած 2.5 տարի Լուսինեն կորցնում է լսողությունը. «Բախտի բերմամբ՝ ես կորցրեցի լսողությունս և անգամ չեմ հասկանում՝ ի՞նչ կապ կար, այն օրվա իմ հարցի և լսողությանս կորստիս միջև: Բայց հետաքրքիր է, որ ես, երեխա լինելով, ուզեցի չլսել ձայներ, ու, չանցած երկար ժամանակ, ուղղակի խլացա»: Լուսինեն շատ հեշտ է համակերպվել այդ փաստի հետ և շարունակել է ապրել այնպես, ինչպես ապրում էր մինչ այդ․  ամբողջությամբ կարողացել է մտնել այդ կյանքի մեջ,  ընդունել նրա թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը:

«Երբ կորցրեցի լսողությունս, 2-րդ դասարանում էի։ Մինչ այդ երաժշտական դպրոց էի գնում, բայց չլսելուս պատճառով այլևս չգնացի», – հիշում է բարդ փորձության միջով անցած աղջիկը:

Այդ ժամանակ Լուսինեի քույրիկը նույնպես հաճախում էր երաժշտական դպրոց,  և Լուսինեն սկսել էր երաժշտությունը հասկանալով զգալ: Նա ձեռքը դնում էր նվագող սարքին և զգում ՝ ինչ տեմպ է, իսկ երբ մեկը երգում էր, երգի բառերը հասկանալու միակ տարբերակը երգողի շուրթերին նայելն էր: Միայն տարիներ հետո Լուսինեն հասկացավ,  որ բոլոր խուլ մարդիկ միայն այդ կերպ կարող են հասկանալ երաժշտությունը:

Տարիներն անցնում էին, իսկ Լուսինեն հավատը չէր կորցնում և գիտեր, որ մի օր կրկին կլսի, չնայած, որ շատ բժիշկներ ասում էին, որ այլևս երբեք չի վերականգնվի լսողությունը: Իսկ այդ երկարաձիգ տարիներին Լուսինեն սկսել էր անվերջ կարդալ ու խույս տալ մարդկանցից,  քանի որ միտքը,  որ նա չի կարող հասկանալ նրանց, իրեն տանում էր դեպի ընթերցանությունը: Տարիները շարունակում էին անցնել լռության մեջ, մինչև մի օր  Լուսինեն վիրահատության շնորհիվ կարողացավ նորից լսել և զուգահեռաբար լինել և՛ լսողների և՛ խուլերի աշխարհում:

Այժմ Լուսինեն ունի ինստագրամյան հարթակ,  որտեղ ներկայացնում է խուլերի մշակույթը լսողներին և ինտեգրում խուլերին լսողների աշխարհ: Ինստագրամյան այդ էջում կարող ենք տեսնել բազում երգեր, որոնք Լուսինեն թարգմանում է ժեստերի լեզվով, որպեսզի խուլ մարդիկ նույնպես հասկանան երգերի բառերը: Լուսինեն խոստովանում է, որ այդ գործընթացը երկար աշխատանք է պահանջում,  սակայն այս գործը նա անում է սիրով,  քանի որ կան մարդիկ,  ովքեր երազում  են հասկանալ և´ երաժշտությունը և´ երգի բառերը,  ինչպես որ նա էր երազում տարիներ առաջ:

Հարցին,  թե ինչպե՞ս է կարելի կազմակերպել խուլերի և լսողների շփումը այն ավելի հաջողված դարձնելու համար,  Լուսինեն պատասխանեց,  որ Հայաստանում կարծրատիպ կա,  որ եթե մարդն ունի լսողության խնդիր,  ուրեմն շատ բան չի կարող հասկանալ: Այս մտածողության պատճառով պատնեշ է առաջանում լսող-չլսող մարդկանց միջև: Խուլերին շատ դժվարությամբ են աշխատանքի ընդունում, և չեն փորձում մտնել նրանց դրության մեջ: Պարզապես պետք է շփում լինի,  տրվի հնարավորություն ինտեգրվելու լսողների աշխարհ,  աշխատելու և առաջ գնալու, և ի վերջո կլինի հավասարություն,- նշեց Լուսինեն:

Այժմ, երբ վերականգնվել է Լուսինեի լսողությունը,  նա շատ կարևոր է համարում իր կյանքում այդ էտապի լինելը, քանի որ իր կյանքն այդ ժամանակ նույնպես հետաքրքիր է եղել,  իսկ այժմ կարող է հանգիստ ապրել 2 աշխարհներում՝ օգնելով մարդկանց:

Լիլիթ Խլղաթյան

2-րդ կուրս

Կիսվել