«ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՅՈՒԹՈՒԲԸ. ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ԻՆՏԵԳՐՎԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՅՈՒԹՈՒԲ». ԵՐԻՏԱՍԱՐԴ...

«ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՅՈՒԹՈՒԲԸ. ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ԻՆՏԵԳՐՎԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՅՈՒԹՈՒԲ». ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲԼՈԳԳԵՐ

1873

Այսօրվա իմ զրուցակիցը զարմանալի, խորհրդավոր ձայնով երիտասարդ բլոգգեր Ռուբեն Եսայանն է, որի՝ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված  կարճամետրաժ ֆիլմը մեծ տարածում գտավ ամբողջ Հայաստանում:  Ռուբենը հայկական յութուբ մուտք գործեց «Բացահայտումով». եգիպտական բուրգեր, վամպիրներ, սարսափ ֆիլմեր… Նրա յութուբյան ալիքում կարող ես գտնել տեղեկություն գրեթե ամեն ինչի մասին: Բլոգգինգով զբաղվելու կոնկրետ որոշում չի եղել․ իր խոսքով՝ 10 տարի առաջ էր՝ փորձեց և ստացվեց, իսկ ապացույցը ամենօրյա հաղորդագրություններն են՝ տեսահոլովակների տեսքով: Ամեն օր մարդիկ ուղարկում են, թե ինչպես են դպրոցներում կամ այլ ուսումնական հաստատություններում մի խումբ երեխաներ և երիտասարդներ նայում իր տեսահոլովակները՝ կախված օրվա թեմայից:


«Կենսաբանության ժամին կորոնավիրուսի վիդեոն են նայում, գրականության ժամերին՝ «Թումանյանն» ու «Կոմիտասը», պատմության ժամին «Նապոլեոն Բոնապարտ» կամ «Չեռնոբիլ» են նայում, համաշխարհային պատմության ժամին 2500  էրեխեքին փրկած կնոջ մասին վիդեոն են նայում, և այսպես շարունակ, ինչի համար շատ ուրախ եմ»,- ասում է Ռուբենը:

«Բացահայտում», «Փաստահայտում», հումորային տեսահոլովակներ…այն ամենը, ինչը կհետաքրքրի տարբեր տարիքային խմբերին: «Ես ևս ունեմ ֆավորիտ շարք, որին միշտ մեծ անհամբերությամբ եմ սպասում,- պատմում է Ռուբենի հետևորդներից 17-ամյա Էմմին,- անկեղծ ասած՝ պատահաբար եմ գտել Ռուբեն Եսայանի յութուբյան էջը. դպրոցում հանձնարարել էին  ռեֆերատ գրել ինչ-որ թեմայով։ Համացանցում որոնողական աշխատանքներ էի անում, գտա և որոշեցի բաժանորդագրվել: Ժամանակի ընթացքում էլ հասկացա, որ անհամբեր եմ դառնում վիդեոներին սպասելիս»,- ավելացրեց Էմմին:


Ռուբենը 23 տարեկան է, Ջերմուկից: Ավարտել է Պանարմենիան մեդիա դպրոցի հաղորդավարության բաժինը, այժմ սովորում է ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: «Իրար հետ կապ չունեն, բայց դե ինչ արած»,- նկատեց զրուցակիցս:

Յութուբում ունի 174 հազար հետևորդ։ Երբ Յութուբի մրցանակը՝ արծաթե կոճակը բերեցին տուն, շատ հուզված էր, բառերով չկարողացավ նկարագրել զգացողությունները. կես կատակ, կես լուրջ ասաց. «Ինչ հաճելի է, որ հայկական շուկայում, որպես անհատ ներկայացող դեմք, յութուբի արծաթե կոճակ ունենք ես ու Լիլիթ Հովհաննիսյանը»: Այժմ տարբեր ծրագրեր է մշակում․ «Շարունակում ենք զարգացնել հայկական յութուբը, սկսում ենք ինտեգրվել միջազգային յութուբ» հպարտությամբ և վստահությամբ նշում է Ռուբենը:

2015-2017 թվականներին ծառայել է հայոց բանակում: ժպիտով պատմում է, որ սահմանին ամեն բան այլ է եղել, միայն ֆիլմերում լսած-տեսածը իրականություն էր: «Երբեք չէի մտածում, որ հենց իմ ծառայության ընթացքում կլինի էն, ինչը չգիտեի՝ ինչ է»,- ժպիտով է հիշում:

Նեղության մեջ լինելը՝ նոր ընկերության սկիզբ. այսպես բնորոշեց իմ զրուցակիցը բանակային կյանքը: Ապրիլյան զինված գործողությունների ընթացքում մարմնական վնասվածք ստացած Ռուբենին ապաքինվելու համար ուղարկեցին Երևան, իսկ հետո՝ Նուբարաշենի զինավան: Այստեղ ծանոթացավ Վահեի հետ․ նրանց՝ զինվորական գործից բացի, կապեց նաև երաժշտության հանդեպ սերը և հավատքն առ Աստված: Մադաղիսում ազատ արձակման դուրս գալն էլ երկու նպատակ էր հետապնդում՝ ծնողների հետ տեսազանգով խոսել և, իհարկե, եկեղեցի գնալ: Պատմում է, որ հաճախ էր գնում եկեղեցի և այցերից մեկի ժամանակ էլ նկատեց, որ եկեղեցին խաչ չունի, իսկ հայրը երկաթի հետ աշխատել գիտեր: Շուտով եկեղեցին 2-մետրանոց ոսկեգույն խաչ ունեցավ:
«Շատերը եկեղեցի գնում են ինչ-որ բան խնդրելու համար, պետք է նաև կարողանալ շնորհակալ լինել»,- եզրափակեց Ռուբենը:

Լիլիթ Գրիգորյան

2-րդ կուրս


Կիսվել