«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՄԻ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԶԵՆՔ, ՈՐՆ ԱՐՏԱԴՐՎՈՒՄ Է...

«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՄԻ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԶԵՆՔ, ՈՐՆ ԱՐՏԱԴՐՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՀԱՅԻ ԱՐՅԱՆ ՄԵՋ. ԴԱ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է». ՄՈՒՇԵՂ ԿՈՒՐԵԽՅԱՆ

1575

Բանակային կյանքի, ծառայության, հաղթահարած դժվարությունների և ձեռք բերած կարևոր հատկանիշների մասին զրուցել ենք ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Մուշեղ Կուրեխյանի հետ:

-Ցանկանու՞մ էիր ծառայել հայոց բանակում:

-Անկեղծ ասած՝ այո, ուզում էի, քանի որ փոքր տարիքից երազում էի դառնալ ռազմական բժիշկ, հետո՝ զինվորական։ Վայքի զորամասը մեր տնից հեռու չէր, ու ամեն կիրակի, երբ զինվորները շարքով զորամասից գնում էին դեպի քաղաքային մարզադաշտ կամ հակառակը, արագ դուրս էի գալիս բակ ու սկսում նրանց քայլերը հաշվել՝ «ձախ, ձախ, ձախ, աջ, ձախ»։ Հետո ռազմագիտություն առարկան անցանք դպրոցում ու սկսեցի ավելի սիրել զինվորական գործը։

-Ե՞րբ ես զորակոչվել բանակ և ո՞րտեղ ես ծառայել:

-Նախ ասեմ, որ ես զորակոչվել եմ բանակ․ հա¯-հա¯ ինձ չեն տարել բանակ, ես ինքս եմ գնացել, քանի որ ունեցել եմ պարտքի զգացում՝ նախ Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների՝ զավակներ կորցրած ծնողների առաջ, հետո իմ ծնողների ու հարազաների առաջ։ Պարքի զգացում եմ ունեցել Ադամի, Բենիամին Եղոյանի, Քյարամի, Ռոբերտի, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ու նրանց ծառայակից ընկերների առջև։ Զորակոչվել եմ 2017 թվականի ձմռանը, ծառայությունս անցել է Հայաստանի հյուսիսարևելյան սահամագծի զորամասում՝ Նոյեմբերյանում։ Կոչումով եղել եմ կրտսեր սերժանտ՝ հրետանային դիվիզիոնի կառավարման դասակում։ Չնայած սահման չեմ բարձրացել՝ առողջական խնդիրներով պայմանավորված, սակայն միշտ զգոն ենք եղել, քանի որ մեզ միշտ ասվել ու ապացուցվել է, որ «Հրետանին կրակի աստվածն է» և պատերազմի հիմնական ելքը կախված է մեզանից։

-Ի՞նչ հատկանիշներ ես ձեռք բերել ծառայության ընթացքում:

-Ամենաառաջին հատկանիշը, որ ձեռք եմ բերել, ինքնուրույնությունն է․ զորամասում դու ես քո գլխի տերը։ Ինչքան էլ ուզում է ծառայակից ընկերդ կողքդ լինի, մեկ է՝ զորամասում դու ես պատասխան տալու քո, ինչու չէ նաև դիմացինիդ արածի և շատ ժամանակ չարածի համար։ Առաջ շատ դժվարությամբ էի կարողում ձեռք բերել մարդկանց վստահությունը, և դրանում ինձ օգնեց բանակը և հատկապես՝ սերժանտ լինելս։ Լինելով սերժանտ՝քեզ մոտ պատասխանատվության զգացումն ավելի է բարձրանում, քանի որ ենթակայության տակ ունես անձնակազմ։ Իմ հանդեպ վստահությունը երևաց այն ժամանակ, երբ ինձ վստահեցին ստորաբաժանման հերթապահի պաշտոնը։ Գիտե՞ք՝ ինչքան բարդ է լինել մի ստորաբաժանման հերթապահ և վերահսկել 50-ից ավելի զինվորի այնպես, որ զորքը հանգիստ, ապահով լինի, իսկ սպան չխառնվի ու միչևնույն ժամանակ վստահությունը չչարաշահվի։

-Ի՞նչ դժվարությունների ես հանդիպել և ի՞նչպես  ես հաղթահարել դրանք:

-Ամենամեծ դժվարությունը, որ հաղթահարեցի ՝վախն էր հակառակորդի հանդեպ, ավելի ճիշտ՝ նրանց ռազմական տեխնիկայի։ Լինելով հրամանատարական դիտակետում և սեփական աչքերով տեսնելով հակառակորդի հետ սահամանագիծը, նրանց դասավորվածությունն ու թափթփվածությունը, հասկացա, որ նրանք, հնարավոր է, ունենան մեկ կամ երկու զենք, որոնցից մենք չունենք, բայց նրանք չունեն մի շատ կարևոր զենք, այդ զենքը չես կարող գնել ոչ մի երկրից, քանի որ այն միայն արտադրվում է հայի արյան մեջ, և դա միասնականությունն է: Ինչքան էլ խաղաղ ժամանակ իրար կոկորդ կրծենք, ռազմական դրության պահին դառնում ենք միասնական, մի բռունցք։

-Պատմի՛ր բանակային ամենահաճելի հիշողության մասին:

-Հիշողությունները շատ են, բայց հիմա հիշեմ ամենահաճելիներից ու ծիծաղելիներից մեկը։ Ստորաբաժանումներից մեկը, շատ հաճախ, վեջում էր մտնում շարահրապարակ, որ ամբողջ զորամասը շարված իրենց երգը լսի ու հենց շարահրապարակ էին մտնում ամբողջ զորամասը շունչը պահած լսում էր ու վերջում ծափ տալիս։ Իմ ծառայության մեջ միակ երգն էր, որի մեներգիչը արձակուրդ ստացավ երգելու համար։ Ստորաբաժանումը մի օրվա մեջ մի քանի անգամ երգելով պտտվում էր շարահրապարակում՝ զորամասի հրամանատարի հրամանով, քանի որ երգողի ձայնից փշաքաղվում էին, նույնիսկ սպայական տողանն էր պտտվում ու լսում՝ մոռանալով որ շարված տողանի ու շարքի դիմաց տեղակալներն են կանգնած՝ չնայած տեղակալներն էլ էին կլանված լսում՝ մոռանալով խոսելը։ Սա երևի ամենահաճելիներից էր, իսկ ամենածիծաղելիներից այն էր, որ մի օր չթույլատրված ժամի հերթապահի հետ կանգնած էի դրսում ու հանկարծ դռան մոտից լսեցի հրամանատարի ձայնը՝ «Կուրեխյան ի՞նչ եք անում այդտեղ», ու, անկախ ինձնից, պատասխանեցի «Պարո´ն կապիտան ինքը հերթապահն է, ես էլ՝ Կուրեխյանը», մտածեցի հեսա կկանչի մոտիկ, բայց, ի զարմանս ինձ, չկանչեց, ասաց ՝«Լավ, տեղավորվեցի»՝ այսինքն՝ հասկացավ ու գնաց։ Միչև հիմա չեմ հարցրել, թե ինչու՞ այդպես ասաց․ կարելի է զանգել, հարցնել։

-Ի՞նչ  խորհուրդներ կտաս նորակոչիկներին և ի՞նչ կմաղթես:

-Միակ բանը, որ կուզեի մաղթել մեր նորակոչիկներն այն է, որ նրանք հասկանան, որ իրենց չեն տանում բանակ, այլ իրենք են զորակոչվում՝ հանուն հայրենիքի ու ծնողների։ Եթե նրանք դա հասկացած գնան բանակ, ամեն ինչ կլինի իր տեղում։ Եվ որ ամենակարևորն է, զենքի հետ լինեն չափազանց զգույշ, չպահեն մարդու վրա, անգամ այն դեպքում, երբ գիտեն որ հարյուր տոկոսով զինաթափված է։ Մարտական հերթապահության գնալիս էլ, իրենց չերևակայեն ու միշտ կրեն պաշտպանիչ համազգեստ՝ առանց զրահաբաճկոնի քարը հանելու։

Անահիտ Սվարյան
1-ին կուրս

Կիսվել