«ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ ՔՈ ԹԵՐՄՈՍԸ ԼՎԱՆԱԼ ...

«ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ ՔՈ ԹԵՐՄՈՍԸ ԼՎԱՆԱԼ ՈՒ ՆՈՐԻՑ ԿԻՐԱՌԵԼ». ԵՐԻՏԱՍԱՐԴ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆ՝ ԻՐ ԳԱՂԱՓԱՐԻ ՄԱՍԻՆ

1780

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր, որ ունեն մոտավորապես 15.000 արմաթ հաճախող երեխա, իսկ բոլոր դպրոցները կահավորելուց հետո կունենան 30.000-ից 35.000-ը։ Այդ երիտասարդներից հետաքրքիր ու տարբերվող գաղափարներ ունեցողներն էլ քիչ չեն։ Մեր շարքը պատմում է հենց նրանց մասին, բացահայտում, թե ինչպես են ծնվում նորարական լուծումները ու ինչ ճանապարհ են անցնում՝ իրականություն դառնալու համար։

Արտյոմ Դադունցը սովորում է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։  Արմաթ ինժեներական լաբորատորիայում աշխատում է որպես խմբավար։ Ծրագրավորում սկսել է ուսումնասիրել դպրոցում՝ ինֆորմատիկայի դասատուի օգնությամբ։

«Սովորեցի ծրագրավորման առաջին լեզուն ու մասնակցեցի օլիմպիադայի․ արդեն հասկացա՝ ինչ է ծրագրավորումը, ու միանշանակ ընտրված էր հետագա մասնագիտությունս»,- ասում է Արտյոմը։

Շատ գաղափարներ է ունեցել, մասնակցել է «Սևան ստարտափ սամիթ» 2018-ին  և 2019-ին, ինչպես նաև WCIT-2019 համաժողովին։ «Սևան ստարտափ սամիթի» ընթացքում ծանոթացել է իր թիմի անդամներից մեկի հետ։ Նոր ու հետաքրքիր գաղափար են մտածել, թիմ են ձևավորել ու միասին սկսել են իրենց ծրագիրը իրականություն դարձնել։

«Թերմոս սպասարկող սարքավորումներ են լինելու, որոնք կառաջարկեն թեյ, սուրճ, գազավորված ըմպելիք, բնական հյութերը հենց տեղում կսարքեն, և կլվանան ձեր թերմոսը»,- պատմում է Արտյոմն ու բացատրում, թե ինչու են թղթե ու պլաստիկ բաժակների փոխարեն ընտրել թերմոսները։

«Աշխարհում թղթի ու պլաստիկի մեկանգամյա օգտագործման բաժակներն ամենաշատ կիրառությունն ունեն, բայց  դրանք աղտոտում են բնությունը և միլիարդավոր տոննաների հասնող ծառերի ոչնչացման պատճառ են դառնում, և մենք որոշեցինք՝ ոչ թե լինի միանգամյա օգտագործման բաժակ, այլ՝ բազմանգամյա, որի տեսքը հենց կլինի թերմոսը»,- ներկայացնում է Դադունցը։

Նրա խոսքով՝ թերմոսը մի քանի առավելություն ունի․ պատրաստված է չժանգոտվող մետաղից, հետևաբար արագ է լվացվում, և երկար ժամանակ պահում է ըմպելիքը թե՛ տաք, թե՛ սառը վիճակում։

«Չենք գնի թղթե կամ պլստիկե բաժակ, դրա գինը կխնայենք, չենք աղտոտի բնությունը, ու սարքն էլ հնարավորություն կտա քո թերմոսը լվանալ ու նորից կիրառել»,- բացատրում է Արտյոմը։

Yo!Cup` այպիսի անուն են ընտրել իրենց ստարթափի համար․ սարքավորման կառուցվածքը, սպասարկման ձևն արդեն որոշել են, հաջորդ փուլը ներդրումներ գտնել է, իսկ դրա համար մի կարևոր բան կա։

«Ամենակարևորը՝ դու պիտի քո գաղափարին հավատաս, ինչքան էլ կողքից ասեն՝ «չէ՛, մեկ է չի լինելու, այդպիսի մեքենա կա արդեն» և այլն, դու, ճիշտ է, չպիտի անտեսես, բայց դրանք լսելով՝ դու պիտի ավելի առաջ գնաս, որովհետև իրենք քեզ չեն հավատում, բայց եթե դու քեզ չհավատաս, չես ստեղծի դա»,- ասում է Դադունցը ու հիշում Սթիվ Ջոբսի խոսքերը՝ «Այն խենթերը, որոնք կարծում են՝ կարող են աշխարհը փոխել, ի վերջո փոխում են այն»։

Ներդրումներ գտնելու համար թիմով մասնակցել են դրամաշնորհային ծրագրերի, բայց իրենց գաղափարը չի ֆինանսավորվել։ Առանց հիասթափվելու՝ հետո էլ շարունակել են փնտրտուքները, ու արդեն անհատապես այլ ծրագրերի դիմելով՝ փորձում են գտնեն անհրաժեշտ գումարը, ինչը քիչ չէ։

«Մեր թիմից Հակոբ Թումանյանը մասնակցեց Սիլիկոնյան հովտի համալսարանի հետ անցկացվող մեկ այլ ծրագրի, ու մեր ստարթափը անցավ․ այնտեղ ներդրում կգտնենք, իսկ մյուսներս կմասնակցենք ուրիշ ներդրումային ծրագրերի, այդպես առաջ կգնանք»,- ասում է Արտյոմ Դադունցը ու հավելում, որ եթե կարողանաս քո ներդրողին համոզել, որ դու այն մարդն ես, որ շատ ես հավատում այս նախագծին, որ կանես դա, ինվեստրը կտեսնի քո պոտենցիալը, կհավատա քեզ, իհարկե, հավանելով քո գաղափարը։

Արտյոմը հավատում է իր ստարթափին և կարծում, որ այն պահաջարկ կունենա։

Միլենա Մովսեսյան
3-րդ կուրս

Կիսվել