«ԽՈՍՔԵՐԸ ՈՉԻՆՉ ԵՆ, ԵԹԵ ՉԿԱ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ և ՁԳՏՈՒՄ»․ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԳՉՈՒՀԻ ԴԻԱՆԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«ԽՈՍՔԵՐԸ ՈՉԻՆՉ ԵՆ, ԵԹԵ ՉԿԱ ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ և ՁԳՏՈՒՄ»․ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԳՉՈՒՀԻ ԴԻԱՆԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

2200

«Journalist.am»-ի զրուցակիցն է ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի թարգմանչական գործ բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Բարսեղյանը, ով զբաղվում է նաև երգով և հանրությանը հայտնի է դարձել  իր «mashup»-ներով (մի շարք երգերի խառնուրդ), որոնք գրավել են երաժշտական տարբեր ճաշակներ ունեցող մարդկանց։

  • Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիր զբաղվել երգով, չէ՞ որ դու մասնագիտությամբ ապագա թարգմանչուհի ես։
  • Նոր էի սկսել դպրոց հաճախել, երբ տեղի ունեցավ իմ դպրոցական առաջին միջոցառումը․ այդ ժամանակ երգեցի մի երգ, որն ամբողջ հոգով մտել էր սիրտս, և ես այնքան գեղեցիկ կատարեցի այն, որ ծնողներս, հատկապես հորաքույրս, հասկացան, որ ունեմ տաղանդ ու տարան երաժշտական դպրոց։ Դաշնամուրի էլ պետք է գնայի, բայց երկրորդ օրվանից այլևս չգնացի, որովհետև դաշնամուրը իմը չէր, միայն վոկալի գնացի, ու այդպես սկսվեց ամեն ինչ։ Իսկ ինչ վերաբերում է երգին, ես և ծնողներս այն մասնագիտություն չենք համարում, այլ նախասիրություն, և քանի որ դպրոցում շատ լավ էի սովորում անգլերեն, գնացի հենց այդ ուղղությամբ, ինչին հիմնականում նպաստեց ուսուցչուհիս։
  • Հանրությունը քեզ սկսեց ճանաչել «mashup»-ների շնորհիվ, ինչպե՞ս առաջացավ «mashup» անելու գաղափարը և ինչպե՞ս սկսեցիր համագործակցել Դավիթի (Դավիթ Գրեգ) և Իզաբելլայի (Իզաբելլա Ասմարյան) հետ:
  • Երկրորդ կուրս էի, երբ դարձա Ուսանողական խորհրդի անդամ։ Այդ ընթացքում Ղարաբաղում պետք է տեղի ունենար միջոցառում, որին մասնակցում էին շատ ու շատ տաղանդավոր երիտասարդներ։ Ես պետք է ներկայանայի պարով (երգից բացի նաև պարի եմ հաճախել) և հենց այստեղ էլ փորձերի ժամանակ ծանոթացա Իզաբելլայի և Դավիթի հետ, Իզաբելլան երգում էր, իսկ Դավիթը՝ դիջեյ էր։ Ղարաբաղում անցկացրած երեք օրերի ընթացքում երեկոյան ժամերին մենք միշտ երգում ու պարում էինք, նաև միքսեր էինք անում ու փորձում ստանալ ինչ-որ հոտաքրքիր բան։ Ետ գալու ճանապարհին որոշեցինք ստեղծել խումբ, որը կլիներ համալսարանինը, բայց դեռևս «mashup»-ի միտք չկար։ Այդ ժամանակ մեր խմբում շատերը կային, բայց նրանք լուրջ չվերաբերվեցին այդ ամենին ու աստիճանաբար դադարեցին գալ փորձերին․ մենք մնացինք երեքով, և այդպես ծագեց «mashup» անելու գաղափարը։ Մենք որոշեցինք «mashup»-ները անել տարբեր լեզուներով և ստանալ հետաքրքիր ու ռիթմիկ երգեր, բայց չէինք պատկերացնում, որ մեր առաջին իսկ «mashup»-ը  կունենա նման ուժեղ արձագանք։
  • Որտե՞ղ ես ելույթ ունեցել։
  • Ես միշտ երգել եմ, բայց շատ ակտիվ չեմ մասնակցել միջոցառումներին։ Մասնակցել եմ, օրինակ, Սայաթ-Նովայի, Կոմիտասի պատվին նվիրված միջոցառումներին նաև համալսարանում տեղի ունեցող միջոցառումներին, որտեղ էլ ելույթ ենք ունեցել նաև մեր խմբով։
  • Չնայած գրեթե բոլոր ոճերով երգում ես, բայց ավելի շատ երաժշտության ո՞ր ոճն ես նախընտրում, ո՞րն է ավելի հոգեհարազատ քեզ։
  • Ավելի հոգեհարազատը ինձ համար էստրադայինն է ու ժողովրդականը, որոնք էլ կարծում եմ՝ ամենալավն են ստացվում ինձ մոտ։
  • Երգերի ձայնագրման հարցում ո՞վ է աջակցում քեզ։
  • Այս տարի Դավիթը բացեց իր ստուդիան, բայց մինչ այդ՝ ունեինք լավ ընկեր, ում մոտ անում էինք մեր ձայնագրությունները։ Իսկ, ընդհանուր առմամբ, ամբողջ գործողությունները կատարվում են Դավիթ Գրեգի կողմից, երևի թե մեզ  ամենամեծ աջակցողը ինքն է։
  • Առաջիկայում սպասվու՞մ են նոր «mashup»-ներ։
  • Դեռ «mashup»-ի գաղափար չկա, բայց այնպես չէ, որ չի սպասվում, գուցե ամռանը, որովհետև հիմնականում ամռանն է երգը մեծ արձագանք ստանում։
  • Իսկ հնարավո՞ր է հետագայում ներկայանաս քո անհատական երգերով։
  • Այո, արդեն այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, մենք խումբ ենք, բայց չենք բավարարվում միայն խումբ ասվածով, այդ իսկ պատճառով փորձում ենք ունենալ նաև անհատական կատարումներ, սակայն լրիվ առանձնանալու մտադրություն չկա։
  • Ինքդ երգեր գրու՞մ ես։
  • Այո, գրում եմ․ ունեմ մի շարք գրած երգեր։ Հիմնականում թեման դրական ուղղվածությունն է՝ ընկերության, չգտնված սիրո մասին, որոնք ապագայում հնարավոր է ձայնագրեմ։
  •  Ի՞նչ նպատակներ ունես ապագայում։
  • Նպատակներս շատ-շատ են՝ մեկը մյուսից բավականին տարբեր ու անիրականալի թվացող, բայց դրանց մասին նախընտրում եմ չբարձրաձայնել, փոխարենը լուռ աշխատելով, հերթով իրականացնել։ Խոսքերը ոչինչ են, եթե չկա աշխատասիրություն և ձգտում։

Մերի Մաթևոսյան

2-րդ կուրս         

Կիսվել