Հայաստանում կա ավելի քան 300 սողանքային գոտի։ Դրանցից ավելի վտանգավոր են նրանք, որոնք կապված են ճանապարհների, բնակավայրերի, երկաթգծերի, գետերի և ջրերի հետ։ Այդպիսին է Մ4 ավտոճանապարհի վրա գտնվող Տավուշի մարզի Հաղարծին գյուղի սողանքը։ Տարիներ առաջ այստեղ երկաթգծի կառուցումը պատճառ դարձավ սողանքի աստիճանաբար փլման, իսկ Աղստև գետի հունը փոխվեց: Այժմ գետը հոսում է նախկին բնակելի տարածքների տնամերձերով։ Գյուղը երկար ժամանակ վնասներ կրեց սողանքի ակտիվության պատճառով։ Փոխհատուցում եղավ, և որոշ մարդիկ լքեցին իրենց տարածքները, իսկ մյուսներն էլ շարունակում են ապրել իրենց տներում։
Սողանքային գոտում բնակվողներից Հովիկ Թամրազյանը «Journalist.am»-ի հետ զրույցում նշեց, որ նախկինում անհամաչափ էին գումարները բաշխում, և նա մերժել է կառավարության կողմից փոխհատուցման առաջարկը, իսկ այսօր հողը կպած է իրենց տան պատին, և վախենում են ամեն պահի սպասվող վտանգից։ «Էս պահին մեր տան տեղը շատ վտանգավոր ա, որովհետև գարնան վարարումների ժամանակ գետի առաջն ա փակվում, ու տանս առաջին հարկը լրիվ ծածկվում ա ջրով։ Ահագին գույքի վնաս ենք կրել, բայց դե ո՞ւմ ա հետաքրքիր, ասում են՝ էտ գործով էլ չենք զբաղվում»,-ասում է Հովիկը։ Դիմել է մարզպետարան, համայնքապետարան, սակայն պատասխանն այն է, որ ժամանակին չի համաձայնվել առաջարկվող գումարի հետ, իսկ այսօր էլ ոչինչ անել չեն կարող։
«Չնայած այսօր սողանքը հանգստի վիճակում է, սակայն անվտանգ համարել նույնպես չենք կարող»,-«Journalist.am»-ին ասաց Հաղարծին գյուղի համայնքի վարչական ղեկավար Գևորգ Թամրազյանը։ Նա հավելեց նաև, որ ամեն տարի շրջայց է կատարում տարածքով և անգամ փոքր հոսքի դեպքում տեղյակ պահում Տավուշի մարզային փրկարարական վարչությանը։
Մարզի «Բնակչության պաշտպանության կազմ»-ի գլխավոր մասնագետ Արմեն Մելքումյանն էլ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ այժմ սողանքային հոսքի ռիսկային տոկոսը ցաձր է, սակայն կարևոր է սողանքի տատանումները ստուգող սարքերի տեղադրումը, որոնք որոշ վայրերում արդեն դրվել են։ «Ճապոնացի մասնագետները արդեն հինգ տարի է, ինչ ծրագիր են իրականացնում մեր երկրում և ներդրումներ են անում էլեկտրոնային սարքավորումներ տեղադրելու գործում, որոնք ամենափոքր տեղաշարժեր էլ նկատում են, սակայն Հաղարծինում դեռևս դրված չեն»,-ասաց պարոն Մելքումյանը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացանք, որ Հաղարծին համայնքի սողանքի հարցն ընդգրկվել է «2020-2022 թվակաների միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտում» և ֆինանսական միջոցներ հատկացնելու դեպքում կիրականացվեն համարժեք միջոցառումներ։
Իսկ Համայնքի վարչական ղեկավարն էլ առաջարկում է խնդրի լուծման իր տարբերակը․ «Ո՛չ մի հենապատ, ո՛չ մի հողային շերտի հեռացում լուծում լինել չի կարող․ ավելի հարմար տարբերակ է բետոնե մեծ թունելի կառուցումը, և այս դեպքում, եթե սողանքը նորից հոսի, գետի առաջը փակել այլևս չի լինի»։
Անի Թամրազյան
2-րդ կուրս