20-ամյա Վարդուհին (անունը փոխված է) ժամանակին ունեցել է քաշի խնդիր և արագ նիհարեու համար դիմել է համացանցով առաջարկած միջոցի։ «Ինտերնետով տեսա ինչ-որ էջ, որտեղ գովազդում էին նիհարեցնող դեղահաբեր, որոշեցի փորձել։ Մոտ 2 շաբաթ օգտագործելուց հետո զգացի, որ առողջական խնդիրներ ունեմ՝ գլխապտույտ, ցավ ստամոքսում, հորմոնալ խնդիրներ»,-պատմեց մեր հերոսուհին։ Ասաց՝ ունեցել է նաև գինեկոլոգիական խնդիրներ, և եթե ժամանակին չդիմեր բժշկի, կանգնելու էր լուրջ խնդրի առաջ։ Հետո միայն բժշկի խորհրդով է կարողացել ազատվել ավելորդ քաշից։
Մասնագետները զգուշացնում են՝ նիհարեցնող միջոցները սպառողին ներկայացվում են որպես բնական հավելումներ և ոչ թե դեղեր: Չնայած դրան՝ նիհարելու համար նախատեսված միջոցներն ամբողջ աշխարհում դարձել են բիզնեսի շահավետ աղբյուր, և իհարկե, Հայաստանը ևս բացառություն չէ։ «Նիհարելն այլևս երազանք չէ, նիհարեք 1 ամսում 5-10 կգ առանց ջանքերի». այսպիսի գայթակղիչ առաջարկներով այսօր համացանցը լի է։ Նման առաջարկներից մեկն էլ մենք ընդունեցինք։ Կազմակերպությունը վստահեցնում էր, որ իրենք օգնում են նիհարել ճիշտ սննդակարգի և սպորտի միջոցով։
Սննդաբան Նունիկի խոսքով՝ անհրաժեշտ է նախքան մասնագետի դիմելը բժշկական հետազոտություն անցնել, ինչը կարևոր է ճիշտ մասնագետի ընտրության հարցում։ «Դիետոլոգներն իրավունք ունեն աշխատել այն մարդկանց հետ, որոնք ունեն առողջական խնդիրներ, այսինքն՝ դիետոլոգները ոչ միայն օգնում են նիհարել, այլև բուժում են առողջական խնդիրը, իսկ սննդաբանն աշխատում է բացառապես առողջ մարդկանց հետ»,-ասաց Նունիկը։ Նրա դիտարկմամբ՝ առողջ սննդակարգով նիհարելու համար միայն կալորիաներ հաշվելը սխալ է։ Սննդակարգի մեջ պետք է հաշվի առնել ածխաջրերի, սպիտակուցների, ճարպի և վիտամինների համալիրի չափը, որ չվնասեն առողջությանը։
Գինեկոլոգ Աննա Սահակյանը նշում է, որ սխալ դիետան վատ է անդրադառնում կնոջ առողջության վրա. «Դիետաները կարող են հանգեցնել անպտղության և դաշտանադադարի․ օրգանիզմը ունենում է վիտամինների պակաս»։
Ավելորդ քաշի պատճառ կարող են լիել թե՛ գենետիկան, թե՛ հորմոնալ խանգարումները։ Սակայն բոլոր դեպքերում բժիշկները հավաստիացնում են, որ նիհարելու համար անհրաժեշտ են ռեսուրսներ և երկարատև ժամանակ։ Էնդոկրինոլոգ Մելինե Թումասյանի խոսքով՝ մարդիկ հաճախ դիմում են բժշկի՝ չմտածելով, որ իրենց խնդիրը կարող է կրել ոչ միայն էսթետիկ բնույթ, այլև առողջական պատճառներ ունենալ։ Ավելորդ քաշ առաջանում է չարաշահումներից՝ արագ սնունդ, ածխաջրերի մեծ քանակություն օգտագործելու դեպքում, իհարկե, նաև տարբեր հիվանդությունների պատճառով, որոնք կարող են լինել էնդոկրին բնույթի։«Մենք մանրամասն տեղեկություն ենք հավաքում՝ հասկանալու համար, թե ինչի հետևանքով է առաջացել քաշը, և դրանից ելնելով՝ ուղարկում ենք հետազոտություննրի ու անալիզների։ Դրանից հետո միայն որոշում ենք՝ տվյալ պացիենտն ունի դեղորայքային բուժման կարիք, թե սննդակարգի փոփոխության»,- ասաց էնդոկրինոլոգը: Բժիշկն առողջ սննդակարգում չի բացառում ո՛չ ճարպը, ո՛չ ածխաջրերը. սնունդ պետք է միայն բալանսավորված լինի։
Առողջ ապրելակերպը, սակայն, ենթադրում է ոչ միայն առողջ սնունդ, այլև նյարդային համակարգի հավասարակշիռ վիճակի պահպանում։ Հոգեբան Էլոննա Ավետյանը նշում է, որ դիետայի թելադրած խիստ կանոններին չհետևելը մեղքի և ամոթի զգացում են արթնացնում։ «Երբ կա ավելորդ քաշ, ու մարդիկ իրենք իրենց խիստ դիետա են նշանակում, սակայն չդիմանալով ընդհատում են, դա շատ ուժեղ ազդում է ինքնասիրության վրա, մարդիկ ընկնում են սթրեսների մեջ»,- ասաց հոգեբանը։
Այսպիսով՝ նրանց, ովքեր ուզում են առողջ և գեղեցիկ լինել, բժիշկները խորհուրդ են տալիս դիմել ճիշտ մասնագետի և փոխել սնվելու կուլտուրան։
Շողակաթ Կակոյան
2-րդ կուրս