ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՍԻԼՎԱ, ԱՊԱ՝ ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՍԻԼՎԱ, ԱՊԱ՝ ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱ

1643

Նոր Երզնկա գյուղում է ապրում բնակիչների Մայր Թերեզան՝ Սիլվա տատիկը, կամ էլ ինչպես ինքն ինձ ուղղեց՝ Հայաստան տատիկը. «Չէ՞ որ փաստաթղթերով անունս Հայաստան »,– պատմեց նա։
«Մայրս ուզում էր անունս Սիլվա դնել, ու հորս ուղարկում է իմ անունը փաստաթղթերով ձևակերպելու։ Հայրս էլ գնում է անուն դնելու ու զրույցի բռնվելով ծննդյան վկայական տրամադրող կնոջ հետ, ում անունը Հայաստան էր՝ ասում է. «Դու լավն ես, Հայաստա՛ն ջան, հենց քո անունն էլ դիր աղջկաս»։ Հետո տուն է վերադառնում, ու այլևս ոչ ոք չի իմանում փաստաթղթային անունս։ «Բոլորն ինձ Սիլվա էին ասում, միայն դպրոցս ավարտելուց հետո եմ իմացել, որ անունս փաստաթղթերով Հայաստան է, ոչ թե Սիլվա»։ Ու այդպես այս տատիկի անունները շատանում են՝ Հայաստան, Սիլվա, հիմա էլ Մայր Թերեզա, որովհետև գյուղում նա միակն է, ով՝ առանց սպասելիքների, օգնում է մարդկանց։  Երբ ինչ-որ մեկի մատը փուշ է մտնում, այդ փուշը հանում է հենց նա, ինչի համար էլ ստացել է Մայր Թերեզա մականունը։
Սիլվա տատիկը մասնագիտությամբ դեղագործ է և երկար ու ձիգ տարիներ գյուղի միակ ու անկրկնելի դեղագործն է եղել։ Ժպիտով է պատմում, որ վերջերս մեկը մտել է մոտակա դեղատուն և դեղատան աշխատակցից խնդրել է պատրաստել այն դեղերից, որ մի ժամանակ պատրաստում էր ինքը։ Դեղագործի բուն մասնագիտությունից զատ, Սիլվա տատիկն ունի գորգագործի հմտություններ։
«Գորգագործություն սովորել եմ մորիցս։ Մայրս գորգագործ էր ու, անկախ մեր ունեցած հակումներից, գորգագործություն պարտավոր էինք իմանալ բոլորս՝ ես, 5 քույրերս ու անգամ՝ 2 եղբայրներս։ Ով դառնում էր 6 տարեկան, պարտավոր էր գորգ գործել։ Հիշում եմ՝ իմ ու քույրիկիս երջանիկ օրերն այն օրերն էին, երբ վերջացնում էինք գորգ գործելը և կարող էինք 2 օր խաղալ մինչև հաջորդ գորգը սկսելը։ Երբ մի փոքր ծուլանում էինք, մայրս, մեզ իր հորինած մականուններով դիմելով, ստիպում էր կրկին ձեռքներս վերցնել գորգագործական դանակն ու մկրատը։ Ինձ ասում էր՝ Գուդա՛ն(թմբլիկ), աշխատի՛ր։ Քույրս էլ վաստակել էր «Չալո» մականունը։ Սրանք կյանքիս լավագույն հիշողություններն են, և ես շնորհակալ եմ մորս, որովհետև տիրապետեցի այդ արհեստին։ 6 տարեկանից սկսած գործել եմ մոտ 40-ից ավել գորգ՝ մեկը մյուսից տարբեր ու միևնույն ժամանակ իրենց տեսակով յուրահատուկ ու անկրկնելի»։
Եվ իրոք, տուն մտնելուն պես աչքիդ առաջ են գալիս պատից պատ ձգվող գորգերը, որ նման են հեքիաթներից փախած հսկաների՝ տարբեր նախշերով ու առասպելական կենդանիներով, իսկ գորգերից շատերի անկյուններում կարելի է հանդիպել «Մ.Ն.Ա.», «Մ.Ն.Լ.», «Մ.Ն.Տ.» գրառումները, որ նշանակում են ՝ մայրիկից նվեր Անուշին, Տաթևին ու Լիլիթին, ովքեր Սիլվա տատիկի աղջիկներն են, իր հպարտությունները։
Սիլվա տատիկի կյանքի մեծագույն հաճույքը մարդկանց ինչ-որ բան նվիրելն է։ Նրա 17-ամյա թոռը՝ Լուիզան, պատմում է, որ տատիկը կաթ, պանիր, մածուն ու չիր է բաժանում ամեն պատահածի։
«Կուզե՞ս ես էլ նստեմ տոպրակների մեջ, ինձ էլ նվիրիր, տա՛տ»,– ծաղրում է թոռնիկը։
«Արտերկրից վերադառնալիս էլ մորաքույրս տատիկին մի ամբողջ պայուսակ նվիրելու հագուստեղեն էր բերել, որ տատին կարողանար հանգիստ քնել գիշերը»,– ասում է Լուիզան։
Թոռնիկների, կամ ինչպես տատիկն է ասում իր «7 հրաշալիքների» համար էլ դրամարկղեր է պահում՝ամեն տարի, տվյալ տարվա կենդանու կերպարանքներով, և բացում է հենց իր ծննդյան օրը՝ դեկտեմբերի 26‐ին։ Անցյալ տարի միանգամից 3 դրամարկղ ուներ՝ շան կերպարանքով։ Այդ 3-ը իր 3 թոռնուհիներն էին, ում անուններն էլ կրում էին շունիկները։
«Ձևիստը Անին էր, թմբլիկը՝ Հայկանուշը, իսկ բարձրահասակը՝ Լուիզան»,– ժպտալով պատմեց Սիլվա տատիկը։
«Սիլվա քեռի». այսպես է դիմում նրան բարեկամներից մեկը, որովհետև այդ քնքուշ կնոջ մեջ տղամարդուն բնորոշ ուժ և երկաթին բնորոշ ամրություն է տեսել։ «Սիլվա քեռին» շատ է տառապել, սակայն տառապանքը նույնպես հումոր է դարձրել՝ մարդկանց ուրախացնելու համար։ Շատերն այսօր գալիս գնում են՝ խնդրելով պատմել «Վրաստանի», «Կարի մեքենայի» ու «Եվրոպայի» մասին։ Մի օր էլ հարևաններից մեկը եկել և շատ պաշտոնական ձևով կոնյակ է ուզել Սիլվա տատիկից։ Նա էլ կոնյակի շշի մեջ իր քաշած արաղից է լցրել ու հրամցրել հյուրին։ Սա էլ առանց հասկանալու միանգամից խմել է «կոնյակը», հետո շնորհակալություն հայտնել ու հեռացել։ Այդ օրվանից «կոնյակի» պատմությունը ավելացել է մյուս պատմությունների կողքին։
Տատիկի սիրելի արտահայտությունը «ռադ եղի»-ն է, որից չէր նեղանում անգամ իր երջանկահիշատակ ամուսինը, ու ի պատասխան այդ արտահայտությանը, ասում էր՝ «Սիլվա՛ ջան, դե թխի թող գա»։ 2018 թվականին Վոլոդյա պապիկը լքեց իր Սիլվա տատիկին, լքեց այն ժամանակ, երբ իրենց սերը պիտի բոլորեր 50 տարին։ Այսօր, երբ թոռները հարցնում են տատիկին՝ «Տատ սիրում էիր չէ՞ մեր պապիկին», Սիլվա տատիկը պատասխանում է՝ «Էդ ի՞նչ սիրելու բան էր, որ սիրեի»։ Բայց, Աստված չանի, թե մեկը կպնի ամուսնու խաթրին, չի խնայի ոչ ոքի։ Պատմում են, որ մի օր էլ չի թողել, որ գյուղացիներից մեկը բաժակ բարձրացնի և խմի Վոլոդյա պապիկի կենացը։ Ասել է՝ «Նստի՛ր, դու արժանի չես, որ նրա անունը արտասանես»։
Տարով շուն ու կատու էին ամուսինները, բնականաբար շունը Սիլվա տատիկն էր, կատուն՝ Վոլոդյա պապիկը։ Հեռուստասերիալներ դիտելիս Վոլոդյա պապիկը հեռակառավարման վահանակը պինդ պահում էր ձեռքին, կանգնում էր հեռուստացույցի առաջ և սկսում էր լաց լինել ու ուժեղ բարկանալ հերոսների վրա։ Պատմում են, որ լաց էր լինում անգամ այն ժամանակ, երբ դիտում էր «Թոմն ու Ջերին»։ Սիլվա տատիկն էլ մոռանում էր հեռուստասերիալի հերոսների տառապանքն ու քրքջում էր պապիկի տառապանքների  վրա։
Միասին էին գնում ամեն տեղ, միասին էին անգամ սիրում, տալիս իրենց հոգին մարդկանց ու բաժանում իրենց փորձություններ անցած սիրուց։ Այդ սիրո ամենամեծ խորհրդանիշն էլ ծեր ամուսինների թթի ծառն է, որ պատահաբար աճել է մայթին։ Ծառի սերմը եկել ու ընկել է այգում, հետո ևս մի սերմ է պատահաբար ընկել նախորդի կողքին։ Ու այդ սերմերը, իրար փաթաթվելով, հսկա թթենի են դարձել, որ ամռանը ամբողջ գյուղին բերք է տալիս, պաշտպանում արևի ճառագայթներից ու հանգիստ տալիս հոգնած անցորդներին։
Այսօր Սիլվա տատիկը կրկնակի է ուրախանում ու տխրում իր հրաշալիքների համար։ Մեկը՝ իր, մյուսն էլ՝ ամուսնու փոխարեն։ Աղոթում է ու ապավինում Աստծո զորությանը, որ սեր ու երջանկություն տա իր թոռնիկներին։

Անի Մարտիրոսյան

2-րդ կուրս



Կիսվել