ԲԱՆԿԵՐ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՔԱՂԱՔԱՑԻ․ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԺԱՄԱՆԱԿ

ԲԱՆԿԵՐ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՔԱՂԱՔԱՑԻ․ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԺԱՄԱՆԱԿ

942

Մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը Հայաստանում սահմանված է արտակարգ դրություն: Մի շարք քաղաքացիներ, ելնելով վերջին իրադարձություններից, չեն ցանկանում դուրս գալ տներից, և այդպիսով հարց է առաջանում, թե ինչպես են նրանք կատարելու իրենց բանկային պարտավորությունները կամ էլ օրինակ, ինչպես են թոշակառուները ստանալու իրենց գումարները:

Մի շարք բանկերից տեղեկացանք, թե ինչ միջոցներ են նրանք ձեռնարկել: 

«Արդշինբանկից» տեղեկացանք, որ նրանք որևէ այլ միջոց չեն առաջարկում, փոխարենը քաղաքացիները կարող են օգտվել բանկի մոբայլ հավելվածից ու զերծ մնալ բանկ հաճախելուց:

«Հայ բիզնես բանկից» տեղեկացանք, որ եթե հաճախորդի վարկի ամբողջական մարման վերջնաժամկետն ընկնում է ս/թ մարտի 16-ից մինչև ս.թ մայիսի 30-ը, ապա տվյալ վարկի ամբողջական մարման վերջնաժամկետը  երկարաձգվում է մինչև մայիսի 30-ը, ինչը  բացասական ազդեցություն չի ունենա հաճախորդի վարկային պատմության վրա:  Միևնույն ժամանակ, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին ցուցաբերվելու է անհատական մոտեցում:

IDBank-ը որոշում է կայացրել, որ ս/թ․ մարտի 17-ից ապրիլի 17-ը իր՝

ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին հնարավորություն տալ վարկային մարումներն  իրականացնել ազատ գրաֆիկով՝ իրենց հարմար ժամանակ։ Նշված ժամանակահատվածում վարկային պարտավորությունների չկատարման դեպքում վարկառուի նկատմամբ, տույժ և տուգանք չի կիրառվի, վարկը չի դասակարգվի, իսկ վարկառուի վարկային պատմությունը չի տուժի։

Գրեթե բոլոր բանկերը որոշել են այս կամ այն կերպ նվազեցնել քաղաքացիների՝ բանկ այցելելու անհրաժեշտությունը և որոշակի զիջումների գնալ։

Զրուցեցինք վարկային մասնագետ  Արմինե Սարգսյանի հետ. ըստ նրա՝ ամենևին կարիք չկա բոլորի վարկերի մարման ժամկետները հետաձգել: Օրինակ, կարող են դա կատարել ըստ բնակության վայրի: Եթե քաղաքացին բնակվում է Էջմիածին քաղաքում, ապա ցանկալի է բանկերի կողմից որոշում կայացնել նրա վարկային պարտավորությունների հետաձգել մեկ ամսով: Բացի այդ, սա նաև առիթ է  հասարակության համար, որպեսզի մարդիկ օգտվեն հավելվածներից ու այդ մշակույթը մեր երկրում զարգանա:

Ֆինանսական հարցերով խորհրդատու Արմեն  Սահակյանը կարծում է, որ չարժե այս մեկ ամսվա ընթացքում դիմել բանկերին վարկ ստանալու համար, քանի որ արժույթների փոփոխություններ են լինելու, ինչպես, , հիմա ռուբլու կամ դոլլարի դեպքում է: Բացի այդ մեր պետությունում կա ռուբլու ավելորդ պաշար, իսկ ռուբլին արժեզրկվում է, ու հետևաբար չարժե երկարաժամկետ վճարման գործարքներ կնքել ռուբլով: 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ կենսաթոշակների և նպաստների վճարման ուշացում չի նախատեսվում, գործընթացը կիրականացվի ժամանակին՝ օրենքով սահմանված կարգով։ Բացի այդ, կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բանակցություններ է վարում «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ, որպեսզի ընկերության աշխատակիցներն անձամբ այցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու  նպատակով, հաղորդում է կառավարությունը:

Դավիթ Լևոնյան

2-րդ կուրս

Կիսվել