2000 ԿԱՄԱՎՈՐՆԵՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ

2000 ԿԱՄԱՎՈՐՆԵՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ

1335

Կորոնավիրուսի դեմ պայքարը տարբեր երկրներում հազարավոր մարդկանց է համախմբել: Իտալիայում, օրինակ, ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, բժշկական համալսարաններում սովորող շուրջ 10.000 ուսանողներ ժամանակից շուտ կհամարվեն բուհը ավարտած եւ կգնան «առաջին գիծ», որպեսզի բուժեն կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին։

Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունից հետո Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ կամավորների ներգրավելու անհրաժեշտություն կա։ Կամավորական աշխատանքը ենթադրում է, օրինակ, թարգմանիչների, հոգեբանների, սոցիալական աշխատողների եւ այլ մասնագիտություններ ունեցող անձանց ներգրավում։ Եվ ահա, Հայաստանում մեկ-երկու օր անց ԱՆ-ը հայտարարեց, որ մոտ երկու հազար անձ դիմել է իրենց, եւ այս փուլում դադարեցնում են կամավորների հավաքագրումը։

Մեզ հաջողվեց գտնել երիտասարդների, որոնք համաձայնել են «կռիվ տալ» կորոնավիրուսի դեմ։ Նրանցից Տաթևիկ Մխիթարյանը, ով սովորում է Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի երրորդ կուրսում, մեր հարցին, թե ինչու է որոշել լինել կամավոր, եւ արդյո՞ք վտանգ չկա իր առողջության համար, պատասխանեց. «Կամավորությունն օգնություն է պետությանը, իսկ պետությունն առանց օգնության չի կարող կայուն լինել։ Անկախ իրավիճակից, եթե որոշել ես կամավոր լինել, ապա պետք է մոռանաս վախի մասին ու վտանգից առաջ քայլես»։

Իսկ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ անդամ Սամվել Պետրոսյանն ասաց. «Արտակարգ դրության պայմաններում կամավոր լինելն ինձ համար նոր փորձ է, նոր հնարավորություն, քանզի այս իրավիճակում արված աշխատանքը լիովին տարբերվում է մշտական կամավորական գործունեությունից: Վտանգ կա, բնականաբար, բայց դա, ըստ իս, շատ փոքր է՝ գնահատված լինելու եւ մարդասիրական գործունեություն ծավալելու եւ հաճելի զգացումների հետ համեմատած»։

Գեղամ Ադյան

2-րդ կուրս

Կիսվել