ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՎՏԱՆԳՆԵՐԻՑ

ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՎՏԱՆԳՆԵՐԻՑ

1242

Ժամանակակից  դեռահասներն ակտիվորեն օգտվում են սոցիալական ցանցերից։ Նրանք այնտեղ շփվում են, երաժշտություն լսում, տեսանյութեր դիտում, նաև օգտագործում  առկա հարթակները սովորելու և քննություններին նախապատրաստվելու համար: Նույնիսկ, երբ նրանք փնտրում են տեղեկատվություն, նախ փորձում են գտնել այն սոցիալական ցանցերում և միայն դրանից հետո օգտվել որոնողական համակարգերից:

Մեր ժամանակներում, երբ սոցիալական ցանցերն ընձեռում են բազմապիսի հնարավորություններ, մարդիկ՝ կամա թե ակամա, բախվում են վիրտուալ այնպիսի երևույթների, որոնք կարող են վտանգել անգամ սեփական կյանքը: «Սոցիալական ցանցերում առավել խոցելի են համարվում երեխաները և դեռահասները: Դա պայմանավորված է նրանով, որ երեխաների մոտ դեռևս ձևավորված չէ անհատականությունը։ Գիտակցությունը մանիպուլացնող հատուկ մեթոդների միջոցով կարելի է թիրախավորված լսարանի ուշադրությունը սևեռել այն փաստին, որ նրանցից յուրաքանչյուրն ինչ-որ մեծ բանի մաս է կազմում և այսպես ասած՝ «ցանցի մեջ է»: Ուստի, սոցիալական ցանցերում կարելի է բազմաթիվ հոգեբանական ազդակներ ուղարկել, նույնիսկ՝ կառավարել հասարակության որոշակի շերտեր և օրակարգ թելադրել»,- նշում է մեդիահոգեբան Սաթեն Գրիգորյանը:

  Երեխաներն ավելի շատ պաշտպանության կարիք ունեն՝ պայմանավորված նրանց ֆիզիկական և հոգեբանական հասունության ոչ բավարար մակարդակով: Երեխային խոցելի է դարձնում նրա ոչ հասուն լինելը, ըստ այդմ՝ այդ խոցելիությունը պետք է փոխհատուցվի համարժեք հոգատարությամբ և պաշտպանությամբ: Սակայն նրանց անձնական տվյալները  պարբերաբար վտանգի են ենթարկվում ծնողների, ուսումնական հաստատությունների, հարազատների և նաև հենց իրենց՝ երեխաների կողմից։

Հայաստանում երեխաների անձնական տվյալների պաշտպանությամբ զբաղվում են մի շարք հասարակական կազմակերպություններ։  Տարիների ընթացքում նրանք տարբեր միջոցառումներ են կազմակերպել, դպրոցներում անցկացրել են բաց դասեր, ծնողական ժողովների ընթացքում իրազեկել են թեմային առնչվող իրողությունները։ Այսօր նաև գործում է ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, որը զբաղվում է նաև երեխաների անձնական տվյալների պաշտպանությամբ, ինչպես նաև այդպիսի հարցերում հանրային իրազեկում է իրականացնում՝ փորձելով կրթել հասարակությանը։ Գործակալության նպատակն է՝ ապահովել անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրության միասնական մեկնաբանումը, իրազեկել երեխաներին, ծնողներին ու տվյալներ մշակողներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին և բարձրացնել երեխաների անձնական տվյալների պաշտպանության մակարդակը:

Հայաստանում մեդիագրագիտության մակարդակի բարձրացման մասին խոսելով՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը նշում է․ «Մեր հասարակությունը ունի մեդիագրագետ լինելու կարիք։ Բազմիցս եմ բարձրաձայնել այն մասին, որ դպրոցական սեղանից սկսած պետք է կատարվեն քայլեր այս ուղղությամբ։ Ծնողները սոցիալական ցանցերում տեղադրում են երեխայի լուսանկարները՝ առանց վերջինիս համաձայնության։ Գուցե նրան դա դուր չգա տարիներ անց, կամ գուցե հենց այդ ժամանակ վնասի նրան՝ հասակակիցների հետ շփումների նորմալ ընթացքին խանգարելով, չէ՞ որ հաճախ ծնողները տեղադրում են զվարճալի լուսանկարներ ու տեսանյութեր»։

Տիկին Դոյդոյանը կարծում է, որ այն ծնողները, որոնց երեխաներն ունեն հաշիվներ սոցիալական ցանցերում, պետք է լինեն առավել ուշադիր ու հետևեն երեխայի վարքագծին՝ հետագայում խնդիրներից խուսափելու համար։ Իսկ լավագույն «դեղամիջոցն» այս պարագայում հասարակության իրազեկվածության, իրավագիտակցության ու մեդիագրագիտության բարձրացումն է։

«Երեխաները չեն կարող ֆիլտրել ստացվող տեղեկատվությունը։ Բնականաբար, այդ գործընթացով պետք է զբաղվեն ծնողները։ Գոյություն ունեն ծրագրեր, որոնք տեխնիկական առումով կարող են սահմանափակել երեխաների մուտքը սոցցանցեր։ Այսօր գրեթե բոլոր օպերացիոն կայքերում դրանք ներդրված են։ Օրինակ՝ Windows-ը ունի, այսպես կոչված, ծնողական վերահսկողության հատված։ Android-ը նույնպես ունի, Apple-ի համակարգիչներն էլ ունեն, այսինքն բոլոր օպերացիոն համակարգերն ունեն հնարավորություններ՝  սահմանափրեակել երեխայի գործողությունները։ Յուրաքանչյուր ծնող կարող է թույլ տալ իր երեխային օգտվել սոցցանցերից կամ սահմանափակել դրա կիրառումը՝ արգելափակելով և՛ հեռախոսի և՛ համակարգչի կարգավորումներում,»- ասում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Մենք ապրում ենք տեխնոլոգիաների և կարիերային ձգտումների ժամանակաշրջանում, երբ արագանում է կյանքի ռիթմը, և ծնողները հաճախ չեն միջամտում իրենց երեխաների կյանքին: Ուշադրություն չեն դարձնում, թե սոցցանցերում ինչպես է իրենց երեխան դրսևորվում, ում հետ է շփվում։ Մեծերը հիշում են իրենց մանկությունը և վստահ են լինում, որ երեխաները գլուխ կհանեն, ինչպես իրենք են արել: Բայց մեդիայի միջոցով հոգեբանական ազդեցությունն այսօր  երեխաների վրա շատ ավելի մեծ է. հեռուստատեսություն, կինո, սոցիալական ցանցեր:

15-20 տարի առաջ, երբ երեխաները չէին հասկանում իրենց ծնողներին, իրենց խնդիրների մասին խոսում էին բակում իրենց իրական, այլ ոչ թե վիտուալ ընկերների հետ: Այդ վիրտուալ աշխարհը ծնում է միայնություն, ավելացնում վիտուալ ընկերներ, երեխան այդ հոգեվիճակում պատրաստ չի լինում ինքնուրույն որոշումներ կայացնելու: Իսկ երբեմն իրական կյանքը ընդունվում է ինչպես խաղ՝ ռեստարտի հնարավորությամբ:

Մենք զրուցեցինք 12-ամյա Դիանա Գրիգորյանի հետ։ Վերջինս Ֆեյսբուք սոցիալական ցանցում ունի բացված անձնական հաշիվ հայտնի երգչուհու (Ariana Grande) անունով և նկարներով։ Լսելով նրան՝ պարզ է դառնում, որ երեխան ամբողջովին իրեն պատկերացնում է հենց այդ կերպարում, ընդունում է այլ մարդկանց ընկերության հայտերը և բոլորին փորձում համոզել, որ ինքը հենց իրական կերպար է։ Ի դեպ, Ֆեյսբուք սոցիալական ցանցը թույլատրելի է 13 տարեկանից բարձր անձանց համար, սակայն սա այն դեպքերից է, երբ համակարգին «խաբելով» այդ տարիքից ցածր անձինք, կամ նրանց ծնողները նրանց անուններով բացում են հաշիվներ։ 

Ֆեյսբուք սոցիալական կայքը որդեգրել է 13+ սկզբունքը, քանի որ սոցիալական ցանցերից օգտվելու համար երեխան, գոնե, պետք է դեռահասության շրջանում լինի։ «Այստեղ խնդիրները բազում կարող են լինել․ անգամ հասուն մարդը տեղեկատվական տեխնոլոգիաների այս զարգացած դարաշրջանում չի կարողանում հարմարվել և պահել սեփական դեմքն ու դիմագիծը՝ չձուլվելով միջավայրին: Ֆեյսբուք սոցիալական կայքը ընձեռում է բոլոր նպաստավոր պայմանները, որպեսզի մենք ձուլվենք այն իրականությանը, որը մեզ ցանկանում են հրամցնել»,- ասում է մեդիահոգեբան Սաթեն Գրիգորյանը։ Երբ երեխան փոխում է իր իրական տարիքը, այլ անունով է հանդես գալիս, այդ դեպքում նա դառնում է կոնկրետ խոցելի խումբ, ում նկատմամբ կարող են կիրառվել ցանկացած ճնշում և հոգեբանական բռնություն, որովհետև քիչ չեն այն դեպքերը, երբ խաբեբաները փորձում են թիրախավորել հենց երեխաներին։ «Այն կերպարը, ում  հետ երեխան փորձում է նույնականանալ, դեռահասության ժամանակ առաջացած մոլուցքների հասարակ օրինակներից է: Նրանք իրենց համար ստեղծում են կուռքեր՝ կորցնելով իրենց իրական «ես»-ը։ Արդյունքում իրական և կերպարային «ես»-երի միջև առաջանում է բախում, որում գրեթե միշտ հաղթում է վիրտուալ իրականության տիրույթում ապրող կերպարը»,- նշում է մասնագետը։

           Սոցիալական ցանցերում, ինչպես հասկանում ենք, ստեղծվել են վիրտուալ համայնքներ ՝ առանց ֆիզիկական սահմանների։ Սոցիալական ցանցերը կարող են վտանգ առաջացնել խոցելի խմբերի համար, ովքեր այդ վիրտուալ համայքների մաս են կազմում:  Ոչ բավարար տեղեկացվածությունը, անհետևողականությունը, անուշադրությունը և այլ իրողություններ, որ կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների: Խոցելի են հատկապես երեխաներն ու դեռահասները, քանի որ վերջիններս սոցիալական մեդիայից գրագետ օգտվել չգիտեն, ծնողների ոչ բավարար ուշադրության պատճառով հեշտ են ենթարկվում հոգեբանական ներազդմանը՝ չգիտակցելով  իրենց սպառնացող վտանգը: Հանրային առողջապահական արշավներ և մեդիագրագիտության դասընթացներ իրականացնելը որոշակի չափով  կօգնի մարդկանց գրագետ օգտվել համացանցից և սոցիալական ցանցերից: Խնդրի վերաբերյալ դպրոցներում, քոլեջներում և այլ վայրերում տեղեկացվածության ապահովումը կարող է օգտակար լինել: Իրազեկվածությունը և բավարար ուշադրությունը կարող են ետ պահել անդառնալի հետևանքներից։

Վերոնիկա Բեկնազարյան

4-րդ կուրս

Կիսվել