«Ես CV էի ուղարկել մի կազմակերպություն համապատասխան աշխատանքի համար: Կանչեցին հարցազրույցի առաջին փուլին: Հաղթահարելով` հասա մինչև 4-րդ փուլ, երբ արդեն քննարկում էինք ֆինանսական ու այլ լոգիստիկ հարցեր: Նրանք ընտրել էին երեք թեկնածուներ. մեզանից մեկն էր աշխատանքի անցնելու: Երկուսս իգական սեռի ներկայացուցիչ էինք, մեկը՝ արական: Երբ իմացա, որ նրան (արական սեռի մասին է խոսքը) մեզ հայտնած աշխատավարձի գրեթե կրկնակին են ասել, զարմացա, չգիտեի՝ ինչպես արձագանքել»,-պատմում է Ս.-ն:
Նա դրա մասին իմանալուց հետո հրաժարվել է աշխատանքից, ոչ թե աշխատավարձի, այլ խտրական վերաբերմունքի պատճառով:
«Գիտեք, աշխատավարձը կարևոր է, բայց դրանից ավելի կարևոր է առողջ աշխատաշուկա ունենալը: Ի՞նչ է նշանակում կնոջը քիչ վճարել, քանի որ նա կին է: Կարևորն աշխատանքի լավ ու պարտաճանաչ կատարումն է, ոչ թե սեռը: Նույնիսկ ինձ ընտրելու դեպքում չէի համաձայնի աշխատել այդպիսի աշխատանքային միջավայրում»,-ասում է Ս.-ն:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ միջինում, ողջ աշխարհում կանայք աշխատաշուկայում դեռևս վաստակում են 24%-ով ավելի քիչ, քան՝ տղամարդիկ: Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 33%:
Իրավապաշտպան Զարուհի Հովաննիսյանը նշում է, որ Հայաստանի Հանարապետությունը վավերացրել է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի մասին» և «Համարժեք աշխատանքի դիմաց կանանց և տղամարդկանց հավասար վարձատրության մասին» կոնվենցիանները, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածը փաստում է, որ կանայք և տղամարդիկ իրավահավասար են։
«Ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի, աշխատանքային հարաբերությունների կողմերը իրավահավասար են` անկախ նրանց սեռից, ինչպես նաև սեռը չի կարող լինել աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ: Միևնույն ժամանակ, Աշխատանքային օրենսգրքում չկա որևէ արգելող կանոն, որը պահպանելով՝ գործատուն չդրսևորի խտրականություն: Այսինքն՝ գործատուն կարող է անարգել աշխատանքի ընդունման հայտարարության մեջ նշել և՛ սեռային, և՛ տարիքային, և՛ այլ պահանջներ, քանի որ չկա որևէ արգելք: Հայաստանում հակախտրականության համապարփակ օրենսդրություն չկա, ուստի չկան նաև հստակ ձևակերպումներ և սանկցիաներ՝ խտրականության դեմ պայքարի ուղղությամբ»։
Իրավապաշտպանն ընդգծեց, որ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 19-րդ գլխում հստակ /հոդված 178․2/նշված է, որ տղամարդկանց և կանանց միևնույն կամ համարժեք աշխատանքի դիմաց վճարվում է նույն չափով աշխատավարձ: Իսկ մեկ այլ հոդվածում նշվում է, /հոդված 178.4/, որ աշխատողի աշխատավարձը կախված է աշխատողի որակավորումից, աշխատանքի պայմաններից, որակից, քանակից, բարդությունից:
«Միևնույն ժամանակ օրենսդրությունն արգելում է նույն պաշտոնի համար ավելի ցածր վարձատրել կնոջը, քան տղամարդուն:
Դա տարածվում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտի գործատուների վրա: Բայց
օրենքը չի բացառում տղամարդու և կնոջ վարձատրությունը ստվերային եղանակով տարբերակելու հնարավորությունը: Աշխատավարձի տարբերության
պատճառն այն չէ, որ նույն պաշտոնում աշխատող կանայք և տղամարդիկ տարբեր են վարձատրվում,
այլ աշխատատեղերի գենդերային բաժանումն է, գենդերային սեգրեգացիան: Այն ոլորտներում,
որտեղ տղամարդիկ են աշխատում, աշխատավարձն ավելի բարձր է, քան այն ոլորտներում, որտեղ
կանայք են զբաղված»,-ընդգծեց Զարուհի Հովհաննիսյանը:
Աշխատանքային շուկայում խտրական վերաբերմունքի հանդիպում են
ոչ միայն աղջիկները, այլև՝ տղաները: Նարեկը պատմում է, որ մանավանդ սպասարկման ոլորտում
աշխատանք գտնելը տղայի համար մեծ փորձություն կարելի է համարել․ «Գրեթե ամենուրեք փակցված
են հայտարարություններ հետևալ շարադրմամբ․ «Պահանջվում են վաճառողուհիներ/մատուցողուհիներ»:
Դրանք տեսնելով՝ չես էլ համարձակվում գնալ, ասել՝ ես նույնպես պատրաստ եմ լավ աշխատել:
Չգիտես ինչու, գործատուները որոշում են, որ իգական սեռի ներկայացուցիչներն ավելի համապատասխան
են այդ աշխատանքի համար»:
Հասկանալու համար, թե ինչու է իգական սեռի ներկայացուցիչների աշխատուժն այդքան պահանջված՝ փորձեցինք զրուցել մի քանի գործատուների հետ: «Զորավար Անդրանիկ» մետրո կայարանի հարևանությամբ գտնվող մի խանութի սեփականատեր նշեց. «Դե մերը շորի խանութ ա, համ տղերքի համար տեսականի ունենք, համ էլ աղջիկների: Գրում ենք վաճառողուհի, որովհետև տղերքի հետ դժվար ա, չեն աշխատի էլի, հո՞ չեն գալու շոր ծալեն»:
Մեկ այլ խանութի սեփականտեր էլ ասաց. «Դե պատկերացրու մի աղջիկ ուզում ա գա, մի բան առնի, տեսնում ա տղա ա աշխատողը, ամաչում ա, թողնում, գնում ա: Գործը դրանից տուժում ա: Իսկ աղջիկ աշխատողների հետ զրուցում են, խորհուրդ հարցնում»:
Հայաստանում գործում է Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ։ Այնտեղից փորձեցինք ճշտել, արդյոք եղե՞լ են դեպքեր, որ իրենց դիմեն խտրականության վերաբերյալ բողոքով:
«Մեզ խտրականության հարցերով չեն դիմել: Հիմնականում դիմում են աշխատանքից ապօրինի հեռացումների, աշխատանքային պայմանագրեր չկնքելու, արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրության և նմանատիպ այլ խնդիրներով»,-տեղեկացրին գրասենյակից:
Սոնա Մկրտչյան
4-րդ կուրս