ԱՆՈՒՆՆԵՐՈՎ ԶԱՐԴԵՐ ԹԱՓՈՆՆԵՐԻՑ

ԱՆՈՒՆՆԵՐՈՎ ԶԱՐԴԵՐ ԹԱՓՈՆՆԵՐԻՑ

1722

Նա արվեստի մարդ է: Իր փոքր անկյունը նրա համար մեծ աշխարհ է` երջանկությամբ լի:

Հարցազրույց անսովոր զարդերի վարպետ Գայանե Հովհաննիսյանի հետ:

Գայանե, գիտեմ, որ թափոններից ինքնատիպ զարդեր եք պատրաստում: Ինպե՞ս եք որոշել այդ կերպ ստեղծագործել, ո՞րն է եղել ոգեշնչման աղբյուրը, կպատմե՞ք:

-Ես իմ զարդերը փոքր տարիքից եմ պատրաստում: Երբ գյուղում էի ապրում, մեր տան կտուրում ունեի մի անկյուն, որտեղ հին իրեր էի հավաքում և փորձում էի դրանցով ինչ-որ բաներ ստանալ: Մանկական խաղը վերածվեց ավելի լուրջ բանի: Երբ տեղափոխվեցինք Երևան, քույրս, որ Ճարտարագիտական համալսարանում դասավանդում էր, հորդորում էր ինձ, որ իմ գործերն անպայման հանենք վաճառքի: Քանի որ ես վախենում էի մարդկանց արձագանքից, երկար ժամանակ հանրությանը չներկայացրեցի, սակայն մեկ անգամ փորձեցինք, և մեծ արձագանք եղավ, բավականին շատ վաճառվեց: Սկսեցինք մասնակցել ցուցահանդեսների, տարբեր միջոցառումների, նաև բարեգործական միջոցառումների` վաճառքի գումարը տրամադրելով բարեգործությանը:

-Հիմնականում տեխնիկական սարքավորումների մասեր եք օգտագործում՝ գնելով մարդկանցից, օգտագործում եք նաև թելեր, ուլունքներ։ Ինչպե՞ս եք ընտրում այն դետալները, որոնցից գեղեցիկ և նորաոճ զարդեր եք ստանալու։

– Շատերը կան, որ նվիրում են, շատերը զանգահարում են` ասելով, որ նյութ ունեն ինձ համար: Երբ գումար եմ առաջարկում, հրաժարվում են: Հիմնականում նյութերը լինում են ռադիոդետալներ, մասեր  հին ձայնարկիչներից, համակարգչային տեխնիկայից: Քանդում եմ, տեսակավորում եմ, և նյութն ինձ թելադրում է, թե ինչ ստանամ դրանից: Ընտրված դետալները մշակում եմ, նյութապատում եմ, որպեսզի մարդուն չվնասի, և փորձում եմ կոմպոզիցիա ստանալ:

Պատվերներ էլ եք ընդունում: Գիտեմ  նաև, որ ունեք Ձեր ֆեյսբուքյան էջը` «mieden accessories»: Մարդիկ իրենց առաջարկնե՞րն ունեն, թե՞ վստահում են Ձեզ՝ ստեղծելու այն, ինչ կցանկանաք։

-Սկզբում պատվերներ չէի ընդունում, նույն զարդից երկրորդն էլ չէի պատրաստում, հետո պահանջարկը շատացավ: Մարդիկ գրում էին, լինում էր նաև, որ խնդրում էին պատրաստել իրենց ուզածը. չկարողացա մերժել: Սկսեցի շուկային համաքայլ գնալ: Երբեք չեմ կարողացել կոնկրետ այսպիսի կամ այնպիսի զարդ ստեղծել. դա իմը չէ: Մարդիկ անում են իրենց առաջարկները, ես իմ ոճով ստեղծում եմ: Շատ անգամ հաճախորդներին չնեղացնելու համար, նույնիսկ, փորձել եմ նրանց հետ ստանալ իրենց ուզածը:

-Ձեզ տարբեր ոլորտներում եք փորձել, և վերջիվերջո հոգեհարազատ է դարձել այս աշխատանքը: Սա Ձեր բնավորության հե՞տ  է կապված։

-Գյուղում շատ սահմանափակումներ են եղել, շատ քիչ տեղեկատվություն: Երևի դա էլ բերեց նրան, որ ես չէի կարողանում հասկանալ՝ ինձ ինչ է պետք: Դետալներ հավաքելու իմ հետաքրքրությունը, կապվածությունս հին իրերի հետ մարդիկ տարօրինակ էին համարում: Այս ամենը բերեց բարդույթների, վատ մտքերի. փակվեցի իմ մեջ: Երբ տասներորդ դասարանն ավարտելուց հետո եկա Երևան, հասկացա, որ ոչինչ իմը չէ: Ինձ ձգում էր արվեստը, ես կարող էի ժամերով տարվել և մնալ այդ աշխարհում: Կարծում եմ՝ կապված չէր բնավորությանս հետ. հնարավորության և տեղեկատվության պակասից էր:

եր զարդերին անուններ եք տալիս: Ինչո՞ւ:

-Պատրաստման ընթացքում ես դրանք նմանեցնում եմ ինչ-որ բաների: Նրանց կոչում եմ տիեզերք, քամի, քար, երգեհոն, լույս, սկզբունք, վսեմախոհ, հարմոնիկ, դավթար, հանդուգն:

Ունե՞ք կյանքի կարգախոս:

-Կյանքում հստակ կարգախոսներ չեն լինում. ամեն ինչ փոփոխական է:

Վիկտորյա Հովեյան

2 -րդ կուրս

Կիսվել