«ԱՆԵԼԻՔՆԵՐՍ ՀԱՄԵՄՈՒՄ ԵՄ ՍԻՐՈՎ ԵՎ ՀԱՍՑՆՈՒՄ». Լ. ՄԱՏԻՆՅԱՆ

«ԱՆԵԼԻՔՆԵՐՍ ՀԱՄԵՄՈՒՄ ԵՄ ՍԻՐՈՎ ԵՎ ՀԱՍՑՆՈՒՄ». Լ. ՄԱՏԻՆՅԱՆ

1444

Երևանի Վ. Գ. Բելինսկու անվան համար 38 հիմնական դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Լեյլի Հմայակի Մատինյանը շատ սիրված է ոչ միայն դպրոցի ուսուցչական կոլեկտիվի, այլև աշակերտների կողմից նաև որպես պատմության ուսուցչուհի: Արդյոք դժվար չէ համատեղել անձնվեր աշխատանքը, լինել նվիրված մայր և դրա հետ մեկտեղ ձգտել կատարելագործման. զրուցել ենք  Լ. Մատինյանի հետ:

-Տիկի՜ն Մատինյան, գիտեմ, որ հիմա նաև սովորում եք ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Քաղաքագիտություն» մասնագիտության  Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն կրթական ծրագրով հեռակա ուսուցման մագիստրատուրայի առաջին կուրսում: Ինչպե՞ս եք համատեղում աշխատանքը, ընտանիքը և նոր կրթությունը:

-Այո՛, կրթությունն ունի իր դժվարությունը: Դժվարություն զբաղվածության և համատեղելու առումով` ընտանիք, աշխատանք, բայց երբ այդ ամենն անում ես սիրով և նվիրումով, ստանձնած գործիդ նկատմամբ մեծ պատասխանատվությամբ` չպակասեցնելով ոչ մեկի հասանելիքը, ամեն ինչ իր տեղն է ընկնում: Ընտանիքը բնության հրաշալիքներից մեկն է, հասարակության հիմքը, ուստի ամուր, կիրթ ընտանիքը, որը նաև ժողովրդի գոյության, պահպանման անհրաժեշտ գործոններից մեկն է, համարում եմ կյանքի հիմնաքարը և ամեն ինչ սկսում ընտանիքից:

Նույնքան պատասխանատվությամբ, սիրով ու նվիրումով եմ կատարում իմ աշխատանքը: Ուսուցչի բարոյական պատասխանատվությունն է յուրաքանչյուր աշակերտի հնարավոր լավագույն կրթություն տալը, ուստի քո զբաղվածությունը ոչ մի կերպ չպետք է անդրադառնա աշակերտի կրթության վրա: Ամեն օրս  պլանավորում եմ, անելիքներս՝ համեմում սիրով, հասցնում ու համատեղում ընտանիք, աշխատանք, կրթություն:

– Մեր երկրի ՝ առանց այն էլ դժվարին սոցիալ-տնտեսական պայմաններում ինչո՞ւ որոշեցիք երկրորդ բարձրագույն կրթությունն  ստանալ:

– Երբ ստեղծել ես ընտանիք, ջերմություն, աշխատանք, ընկերություն, շատ ճիշտ ժամանակն է զբաղվելու ինքնակրթությամբ, ինքնազարգացմամբ, ձգտելու կատարելագործման:  Հենց այդ կատարելագործման ձգտումն էլ մղեց սովորելու: Ուզում եմ ավելի ընդլայնել աշխարհայացքս, գիտելիքներս, դառնալ ավելի քան պայքարող ու մրցունակ և իմ օրինակով դաստիարակել երեխաներիս:

Թավշյա հեղափոխությունից հետո դրական փոփոխություններ տեսնո՞ւմ  եք հայ կնոջ մեջ՝ որպես ղեկավարի և առաջնորդի:

-Ինչպես բոլոր ժամանակներում, Թավշյա հեղափոխությունից հետո ևս, կարևորում եմ կնոջ դերը` ընտանիքից սկսած, ամուսնուն զորավիգ լինելուց մինչև առաջնորդ, լիդեր: Պատմությունը փաստում է, որ մենք ունեցել ենք նաև կին թագավորներ` Էրատո, Փառանձեմ,  Զապել: Դեռևս 12-րդ դարում Մխիթար Գոշն ասել է. «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»: Ուրեմն պետք է հզորանանք, իսկ հզորանում են կրթությամբ և ռազմավարությամբ:

-Ի՞նչը կփոխեիք մեր իրականության մեջ կնոջ կերպարում:

-Թերևս կանացի շրջապատում իմ չհավանած երկու երևույթները` անդեմությունն ու ծառայամտությունը:

Նորա Ղազարյան

2-րդ կուրս

Կիսվել