«ՈՒՂԵՂԸ ՈՉ ԹԵ ՀԻՇԵԼՈՒ, ԱՅԼ ՄՏԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ Է». ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՄՏԱԾՈՂ ԴԵՅՎԻԴ...

«ՈՒՂԵՂԸ ՈՉ ԹԵ ՀԻՇԵԼՈՒ, ԱՅԼ ՄՏԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ Է». ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՄՏԱԾՈՂ ԴԵՅՎԻԴ ԱԼԵՆ

1333

«Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքն ամենևին ժամանակի կառավարման, մեկ օրվա մեջ շատ բան անելու մասին չէ: Այն ընթերցողին օգնելու է ապրել ավելի հանգիստ ու արդյունավետ»,-ներկայացնելով «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքը՝ ասաց «Նյու մեգ» հրատարակչական ծրագրի ղեկավար Արտակ Ալեքսանյանը։

Օրերս «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ արդյունավետության տեսության առաջատար մտածող Դեյվիդ Ալենի «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը։ Այն հրատարակել է «Newmag»-ը «Դիջիթեյն Արմենիա» ընկերության աջակցությամբ։ Գիրքը  տպագրվել է 30 երկրում՝ ապահովելով վաճառքի միլիոնավոր օրինակներ։ «Նյու Յորք թայմսն» այն անվանել է վերջին տասնամյակների ամենաազդեցիկ բիզնես գրքերից մեկը։

Գրքում ներկայացվում է ՝ ինչպես ունենալ ավելի շատ էներգիա, ավելի հանգիստ լինել, կենտրոնացած ու քիչ ջանք գործադրելով՝ շատ բանի հասնել։ Հեղինակը գիրքը  բաժանել է երեք մասի. առաջին մասում ներկայացրել է իր մշակած տեսությունը, երկրորդում ՝ բացատրել մեթոդի կիրառման տարբերակները, իսկ երրորդ մասը ակնկալիքների մասին է:

Գրքի հիմքում արտաքին ուղեղ ունենալու գաղափարն է, որի վրա էլ հիմնված են հեղինակի առաջադրած խորհուրդները։ Դեյվիդ Ալենը պարբերաբար շեշտում է, որ ուղեղը ոչ թե հիշելու ,այլ մտածելու համար է։ Եվ երբ մենք դադարենք ուղեղն օգտագործել՝ որպես նոթատետր, կգրանցենք գերազանց արդյունքներ։

 «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գրքից բացի Դեյվիդ Ալենը նաև կատարում է դասընթացներ, որոնց մասնակցում են ամենահայտնի և կայացած գործարարները։ Իսկ այդ գործարարներից մեկը գիրքը կարդալուց հետո զանգել է հեղինակին և ասել, որ գիրքը հակացուցված է բոլոր ալարկոտներին, որովհետև այն կարդալը կարող է վտանագավոր լինել գործերը հետաձգելու հին սովորության համար, այս գիրքը պարունակում է նյութեր, որոնք կարող են օգնել՝ կարգի բերել բոլոր գործերը»։

Գիրքը հայերեն թարգմանել է Լիանա Զաքարյանը: Նա թարգմանության առաջարկը ստացել է Նյու մեգ հրատարակչությունից: Նա պատմեց. «Ես Նյու մեգի հետ համագործակցում եմ ավելի քան մեկ տարի։ «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքը լրամշակվել է երկու անգամ։ Ես թարգմանել եմ վերջին՝ 2016-2017 թվականներին լրամշակված տարբերակը։ Թարգմանելու համար անհրաժեշտ եղավ մոտ  2,5 ամիս, որովհետև խնդիր կար ոչ միայն անգլերենը հայերեն դարձնելու, որը երբեք էլ հեշտ չէ, այլ նաև մշակութային առանձնահատկությունները հայկականացնելու, ինչն ամենաբարդ խնդիրն է։»

Ըստ  նրա՝ գիրքն արդիական է բոլոր ժամանակների համար։ Գրքում առաջադրված մեթոդները թվում են հասարակ, բայց կիրառելի են և արդյունավետ։

Արտակ Ալեքսանյանը նշեց, որ գրքի հրատարակման պայմանագիրը Դեյվիդ Ալենի հետ կնքվել է ուղիղ մեկ տարի առաջ։ Իսկ արդյունավետության, աշխատանքի կառավարման և կարիերայի մասին հաջորդ գիրքը լինելու է Չառլզ Դահիկի  «Սովորությունների ուժը», որը ամենաշատ քննարկված գրքերից մեկն է։

Աննա Ասմանգուլյան

2-րդ կուրս

Կիսվել