Մարդու ամենակարևոր առաքելությունն ինչ-որ բանի հասնելն է, և մեզնից յուրաքանչյուրն ավելի է արժևորում իր կյանքը՝ հենց իր նպատակների ու երազանքների շնորհիվ։ Աննա Ցոկոլակյանը՝ 19 տարեկանում ստեղծելով իր բրենդը, և 22-ում արդեն խանութ-սրահը, հիմա` 25 տարեկանում, հանգիստ կարող է ասել, որ հասել է իր երազանքին։
– Ինչպես ծնվեց կարուձեւով զբաղվելու ցանկությունդ:
-Միշտ սիրել եմ կարել, ստեղծագործել ու փորձել իրականություն դարձնել խենթ գաղափարներս: Մի օր, մի առիթի ժամանակ, ես հագել էի զգեստ, որը շատ դուր եկավ իմ ծանոթներից մեկին, եւ նա նույնպես ցանկացավ ունենա դրանից։ Այդ օրվանից որոշեցի, որ կարող եմ ստեղծել իմ բրենդը, զգեստներ կարել իմ «ձեռագրով»․ Իմ առաջին հաճախորդը իր հետ բերեց իր քույրիկին, քույրիկը՝ ընկերուհուն, և այդպես շարունակ:
– Կարելի՞ է ենթադրել, որ խանութ-սրահ բացելու միտքը եկավ հենց պահանջված լինելուց:
-Այո, դա այդպես է: Ես ուսանող ժամանակվանից աշխատել եմ, ինչը խանգարում էր ուսմանս: Եկավ մի պահ, որ պետք է ընտրություն կատարեի․ ստիպված ընտրեցի աշխատանքը, ինչը նաեւ հոբի է:
– Երազանքիդ հասնելու ճանապարհին շա՞տ դժվարությունների ես բախվել։
-Ինձ շատ էին վախեցնում, որ կարող է չստացվել, բայց ես միշտ սիրել եմ ռիսկի դիմել: Այս պարագայում էլ այդպես վարվեցի ու չեմ զղջում:
– Առանց ո՞ւմ օգնության չէիր կարող հասնել այս ամենին:
– Հայրիկիս։ Նա միշտ ինձ ուժ էր տալիս: Հենց նրա ներշնչած ոգեւորության շնորհիվ հասա այն ամենին, ինչ ունեմ հիմա։
– Դժվար չէ՞ր 22 տարեկանում կառավարել սեփականություն՝ վերցնելով նման մեծ պատասխանատվություն:
-Իհարկե դժվար էր, մանավանդ իմ տարեկիցները վայելում էին իրենց երիտասարդությունը, իսկ ես շատ երկար աշխատում էի։
– Տարվա ընթացքում քանի հավաքածու ես ներկայացնում։
-Ներկայացնում եմ մոտ 3-4 հավաքածու՝ կախված եղանակից, տրամադրությունից, ոգևորությունից: Ցանկություն ունեմ ավելի ընդարձակել սրահս եւ ավելի շատ ստեղծագործել:
– Ամփոփելով մեր հարցազրուցը՝ ինչպե՞ս է պատկերացնում իրեն Աննան 5 տարի հետո։
-Չեմ սիրում պատկերացնել, ուզում եմ տեսնել։
Սիլվի Նազարյան
3-րդ կուրս