ՄՍԻՑ ՀՐԱԺԱՐՎՈՂՆԵՐԻ ԹԻՎՆ ՕՐԸՍՏՕՐԵ ԱՃՈՒՄ Է

ՄՍԻՑ ՀՐԱԺԱՐՎՈՂՆԵՐԻ ԹԻՎՆ ՕՐԸՍՏՕՐԵ ԱՃՈՒՄ Է

1223

Global Data Report-ի (հետազոտական-խորհրդատվական ընկերություն) տվյալներով`  մսից և կենդանական ծագման այլ սննդատեսակներից հրաժարվողների թիվն աշխարհում օրըստօրե աճում է: Նրանք, ովքեր հրաժարվում են կեդանական ծագման սննդամթերքից և առհասարակ կենդանական ծագման ամեն ինչից, վեգաններն են:  Նրանք չեն օգտագործում  միս, ձուկ, ձու, կաթնամթերք, մեղր, կենդանական  յուղեր: Չեն օգտագործում նաև կենդանիների մորթին, կաշին, դեմ են կենդանիների վրա կատարվող փորձարկումներին և դրանց օգտագործմանը(խոսքը կոսմետիկ միջոցների մասին է): Անգամ տանը ընտանի կենդանիներ չեն պահում։

19-ամյա Լուսինեն,ով մոտ  երկու տարի է, ինչ վեգան է, որոշել է փոխել կենսակերպը, պաշտպանել բնությունն ու կենդանիներին: Երկար ուսումնասիրելուց  հետո հասկացել է, որ վեգան լինելով՝ նա ավելի մեծ օգուտ է տալիս կենդանիներին ու բնությանը: Նրա խոսքով` սկզբում որպես կատակ է սկսվել  բուսակեր դառնալու որոշումը, իսկ հետո այն դարձել է նրա կենսակերպը: Մի օր խոհանոցում մայրիկին ասել է, որ որոշել է՝ երեք ամիս միս չուտել. «Ու այդ ժամանակ, երբ հարցնում էին, թե ինչի որոշեցի միս չուտել, միշտ ասում էի, որ կամքի ուժ եմ դաստիարակում. պետք է փորձեմ, տեսնեմ՝ կկարողանամ երեք ամիս միս չուտել: Ու երեք ամիսն էլ անցավ, 2-3 տարի էլ անցավ, բայց ես այդպես էլ միս չկերա»,-նշեց Լուսինեն:

Վեգան դառնալիս Լուսինեն սննդակարգը փոխելու հարցում լուրջ խնդիրների չի բախվել, քանի որ դեռ մանկուց միս գրեթե չի կերել:Մարդիկ տարբեր պատճառներով են դառնում վեգան. որոշ մարդիկ իրենց առողջության ու կազմվածքի, որոշներն էլ կենդանիներին ու բնությանը չվնասելու համար: Սննդաբան Արմեն Մկրտչյանի խոսքով, երկար ժամանակ նշվում էր, որ «վեգան» սննդակարգը դժվար է ապահովում օրգանիզմի համար անհրաժեշտ սպիտակուցների  կամ այլ սննդանյութերի քանակը. «Այժմ արդեն այդ միֆը վաղուց վերացած է, որովհետև ժամանակակից հետազոտության արդյունքները փաստում են, որ վեգանների ստացած սպիտակուցների քանակը բավարար է և´ որակով, և´ քանակով»,-նշեց սննդաբանը:

Նրա խոսքով, շատերը մտածում են, որ վեգանական դիետան վնասակար է հատկապես  երեխաների, դեռահասների համար, բայց բավականին հեղինակավոր մասնագետներ ապացուցել են, որ այն վնասակար չէ, ոչ մի տարիքի, սեռի համար. «Ըստ բազմաթիվ հեղինակավոր գիտնականների հայտարարության՝ վեգան սննդակարգը ընդունելի է կյանքի ցանկացած փուլում»,-հավելեց սննդաբանը:

Լուսինեն կենդանական ծագման կաթնամթերքի փոխարեն օգտագործում է բուսական ծագման կաթնամթերք, օրինակ՝ սոյայի կաթ, բանանի, նշի, կոկոսի կաթ. «Այլ հարց է, որ Հայաստանում բնակվող բուսակերների համար է դժվար բուսական հիմքով կերակուր  ձեռք բերելը, որովհետև բավականին թանկ արժեն, ինչպես նաև ամեն խանութում չէ, որ կարող ես գտնել»,-ասաց նա:

Սննդաբանի խոսքով ինչ-որ բանից հրաժարվելը դեռ չի նշանակում, որ ավելի առողջ սնունդ ենք օգտագործում: Երբ վեգանները կենդանական կաթնամթերքը փոխարինում են բուսականով, ապա պետք է ուշադիր լինեն, քանի որ շատ հաճախ նման տիպի կաթերը հարստացվում են երկաթով, կալցիումով. «Օրինակ, ասենք,  բնական նշի կաթը գրեթե կալցիում չի պարունակում, բայց հարստացվածը  2 անգամ ավելի կալցիում է պարունակում, քան ասենք կովի կաթը»,-ասում է մասնագետը:

Սննդաբանը համեմատական անցկացրեց նաև կովի կաթի և բուսական կաթերի միջև: Մի դեպքում մենք կարող ենք ավելի շատ սպիտակուցներ կամ կալորիաներ ստանալ, քան մյուսի պարագայում. «Էներգետիկ առումով կովի կաթը բացառապես գերազանցում է մյուս բոլոր տեսակներին: Եթե համեմատենք նշի կաթի հետ, ապա այն մեզ կտա 38-42 կալորիա, մինչդեռ մեկ բաժակ կովի կաթը կտա 150 կալորիա»,-ասաց սննդաբանը:

Սննդակարգը փոխելիս պետք է հստակեցնել նաև ալերգիայի հավանականությունը: Օրինակ, սոյայի կաթից կարող է ալերգիա առաջանալ, քանի որ առկա սպիտակուցնե րը  կարող են ալերգիկ ռեակցիա դրսևորել. նույնը կարող է լինել նաև մնացածի դեպքում:

Նա նշեց նաև, որ վիտամին B12-ը կամ D-ն բացառապես կենդանական ծագում ունեն, և վաղ, թե ուշ արտահայտվելու են այդ վիտամինների անբավարարությունը վեգան սննդակարգին անցնելուց հետո. «Դա կարող է լինել մի քանի տարի հետո, բայց ամեն դեպքում գրեթե բոլոր մասնագետները միաբերան պնդում են, որ B12-ի լրացուցիչ սապլիմենտացիան (այսինքն հաբերի կամ այլ ձևով ընդունելը) անհրաժեշտ է»,-նշեց պարոն Մկրտչյանը:

Վեգան դառնալը միայն սննդակարգին չի վերաբերում, այն դառնում է կենսակերպ, այսինքն հրաժարվում են նաև կենդանու մորթուց, կաշվից կարված հագուստից, կոշկեղենից, պայուսակներից, չեն օգտագործում նաև կոսմետիկ միջոցներ, որոնք փորձարկվում են կենդանիների վրա. «Ինքս չեմ օգտագործում կենդանու մորթուց, կաշվից պատրաստված որևէ հագուստ. հիմա բավականին այլ տարբերակներ կան՝ էկոկաշիներ, արհեստական կաշիներ, որոնք ևս հարմար են կրելու համար»,- ասում է Լուսինեն:

Նա երբևէ չի դիմել բժշկի կամ սննդաբանի, քանի որ վստահ է, որ յուրաքանչյուրն իրեն ուղղորդելու է ոչ թե ինչպես ճիշտ սնվի, ինչ անի, որ չվնասի առողջությանը, այլ համոզելու են, որ հրաժարվի իր որոշումից. «Դրա համար մտածված չեմ դիմել բժշկի: Բայց մեկ այլ պատճառ էլ կա, որ երբևէ առողջական խնդիր կամ գանգագատներ չեմ ունեցել, անգամ քաշիս մեջ գրամների փոփոխությունի չի եղել»,-նշեց Լուսինեն:

Լուսինեն մի դեպք հիշեց, որ շատ է ցանկացել միս ուտել.«Մի անգամ խոհանոցում նստած էի, ու սիրտս թթվասերով երշիկ ուզեց, բայց հետո անցավ-գնաց»,-ասաց նա:

Հոգեբանական մակարդակում՝ ուտելու ցանկությունը զսպելը, մի քանի գործընթացների հետ է կապված: Տվյալ դեպքում մենք գործ ունենք պահանջմունքների անբավարարության  հետ. «Այս նպատակադրումից կախված կարող է բացասական հուզական ֆոն առաջանալ, կամ ինչ-որ հաղթանակի զգացում»,-ասում է հոգեբան Աննա Հակոբջանյանը:

Իսկ 23-ամյա Մարիան  անցել է բուսական սննդակարգի, քանի որ տարիներ առաջ դպրոցից տուն վերադառնալիս նկատել է մի խումբ  տղամարդկանց իրենց բակում, մոտեցել է պապիկին, տեսել,թե ինչպես են խոզին մորթում. «Դե փոքր էի, ու հետաքրքիր էր, թե ինչ են անում:Ինձ թվացել էր, թե պապիկն ուզում է խոզին կերակրել, բայց մինչև շրջվեցի, տեսա, որ խոզի վիզն արդեն կտրել էին»,- ասաց նա:

Այդ օրվանից Մարիան սկսել է ավելի քիչ միս օգտագործել, քանի որ մտածել է, որ հնարավոր է մի օր էլ իրեն «սպանեն» ու իր «միսն» ուտեն: Հոգեբանի խոսքով, նա չի օգտագործում կենդաական սնունդ, որովհետև մանկության տարիներին իր վրա ունեցած ազդեցությունը բերել է խուսափման. «Դա կապված է մանկության տրավմատիկ իրողությունների հետ, սա այլ հետևանքներ կարող է բերել, որովհետև մարդը սկսում է խուսափողական վարք դրսևորել»,-նշեց տիկին Հակոբջանյանը:

Մարիայի մոտ եկել է մի շրջան, երբ նա գիտակցել է, որ պետք չէ մոլորակին վնասել միայն նրա համար, որ դու սնվես: Հատկապես, եթե այդ սնունդը դու կարող ես ստանալ բույսերի միջոցով: Հիմա նա բացառապես բուսական սննդամթերք է օգտագործում. «Եթե դու սկսես վերացնել, ապա այս մոլորակից երկրորդը չի լինելու, ու կարևոր է այն, թե դու ինչ ես անում քո մոլորակի վրա, որ այն ապրի կամ չապրի»,-նշեց Մարիան:

Որոշ ժամանակ անց Մարիայի մոտ գլխացավեր և գլխապտույտներ են սկսվել, բայց որևէ մասնագետի օգնությանը չի դիմել. ցավերն էլ ստիճանաբար անցել են:

Սննդաբան Արմեն Մկրտչյանը նշեց, որ տեսականորեն կարող է խնդիր առաջանալ գերչհագեցած ճարպաթթուների հետ: Այսինքն այն ճարպաթթուները, որոնք անփոխարինելի են և օրգանիզմի համար կարևոր, մենք ստանում ենք միայն կենդանական սնունդից. «Եվ երբ մենք փոխարինում ենք բուսական սննդով, մենք ստանում ենք այն 2 ճարպաթթուները, որոնցից հետո պետք է սինթեզվեն մեզ համար մյուս անհրաժեշտ ճարպաթթուները, ինչը կարող է բերել անբավարարության»,-նշեց սննդաբանը:

Բուսական սննդակարգին անցնելիս՝ նախկինում առաջացած գլխացավերը հետ են զարգացել, և հնարավոր է, որ որոշակի ցավային մեդիատրներ, որոնք կենդանական սննդում ավելի շատ են, այս դեպքում պակասել են. «Ուղղակի չցվերցնել ամեն ինչ և փոխարինել բուսականով: Ավելի լավ կլինի այդ ամենն անել  մասնագետի հետ խորհրդակցելուց հետո, որից հետո յուրաքանչյուրն ըստ իր քիմքի կարող է որոշակի փոփոխություններ մտցնել իր կյանքում»,-ավելացրեց պարոն Մկրտչյանը:

Հոգեբանը նշում է, որ ցանկացած վարք միշտ փոխկապակցված է մեր մտքերի և հույզերի հետ: Նույն կերպ նաև սննդային վարքն է.սննդային փոփոխությունները սերտորեն կապված են մեր մտքերի և հույզերի հետ.«Երբ մենք ընտրում ենք ինչ-որ սննդակարգ, դա անպայման անդրադառնում է մեր մտքերի, մտածողության գործընթացների և հուզական վիճակների վրա»,-հավելեց հոգեբան Աննա Հակոբջանյանը:

Հոգեբանական տեսանկյունից սննդային վարքի փոփոխությունների հիմքում 2 խոշոր գործոններ են՝ մտքեր, հույզեր: Բայց այն անմիջականորեն կապված է նաև մեր կենսաբանական գործոնների հետ. այստեղ մենք գործ ունենք օրգանիզմի հետ, հետևաբար գործում է հոգեբանական և կենսաբանական կապը. «Անհրաժեշտ է հոգեբանական աշխատանք, որը միտված է միտք-վարք-հույզ շղթայի կարգավորմանը»,-նշեց հոգեբան Աննա Հակոբջանյանը:

Վեգաններն, օրինակ, կարող են չօգտագործել կենդանական սնունդ, բայց փոխարենն օգտագործել գազավորված ըմպելիք կամ օրինակ կարտոֆիլի ֆրի: Ամեն դեպքում նման սնունդը չի կարող առողջ համարվել: Սննդաբան Արմեն Մկրտչանը հավելեց նաև, որ ամեն մի փոփոխությունից հետո պետք է ստուգել օրգանիզմի ռեակցիան, ապա նոր շարունակել, ինչը կարող է մի փոքր երկար տևել: Բայց ամեն դեպքում պետք է զգույշ լինել, ինչ-որ բան սկսելուց առաջ:

Էլիզա Գրիգորյան
2-րդ կուրս

Կիսվել