ՈՒՂԵՑՈՒՅՑ

ՈՒՂԵՑՈՒՅՑ

2891

Հաղորդակցության և տեղեկատվական մենեջմենթի չափանիշները և սկզբունքները արտակարգ իրավիճակներում

Հայաստանում վերջին տասնամյակներին գրանցված արտակարգ իրավիճակները, մասնավորապես, 1988թ. երկրաշարժը, Արցախյան պատերազմը, 2016 թ. ապրիլյան ռազմական թեժ գործողությունները, հանրային առողջությանը սպառնացող վտանգների ու սպառնալիքների, սողանքների ու հրդեհների լուսաբանման փորձը  առաջին պլան մղեցին այն կանոնների ու սկզբունքների կարևորությունը, որոնց պետք է հետևեն լրագրողները իրենց առաքելությունը կատարելիս: Գործնականում մարդկանց տեղեկացնելը պետք է նպաստի արդյունավետ որոշումների կայացմանը։ Սակայն, լրագրողների աշխատանքը տեղեկատվության փոխանակման գործընթացի ընդամենը մեկ հատվածն է։ Հատկապես արտակարգ իրավիճակներում (պատերազմ, համաճարակներ, տարերային աղետներ, վթարներ և այլն) տեղեկատվության տրամադրման, փոխանակման, մարդկանց արդյունավետ որոշումների կայացման հարցում առանձնահատուկ տեղ ունեն պետական գերատեսչություններն ու, հատկապես, նրանց մամուլի ծառայությունները։ Անկախ յուրաքանչյուրի աշխատանքի առանձնահատկությունից, գլխավոր նպատակը պետք է լինի մեկը՝ հասարակական շահը։

Ուստի իրականում արդյունավետ լուսաբանմամբ  են պայմանավորված

ա. Մարդկանց իրազեկվածությունը:

բ. Հնարավոր վտանգներին պատրաստ լինելն ու արդյունավետ որոշումներ կայացնելը:

գ. Հասարակական համագործակցության մեխանիզմների արդյունավետ կիրառումը։

դ. Ստեղծված արտակարգ իրավիճակներից անվնաս կամ նվազագույն վնասներով դուրս գալը:

Սա է պատճառը, որ տեղեկություններ հավաքելու, տրամադրելու, փոխանցելու գործառույթներում ընդգրկված բոլոր օղակների աշխատանքների հիմքում դրված լինի հետևյալ խնդիրների կատարումը․

1․ ապահովել արտակարգ իրավիճակներին վերաբերող տեղեկատվության տրամադրումը,

2․ պատրաստ լինել՝ պատասխանելու հասարակությանը հետաքրքրող բոլոր հարցերին,

3․ տրված տեղեկատվությունը պետք է մղի սթափության, անհրաժեշտ գործողությունների իրականացման,  բացառի խուճապը,

4․ մարդու մոտ անվտանգության զգացում, իսկ վտանգների դեպքում հաղթահարելիության զգացում առաջացնի։

 Արտակարգ իրավիճակները լուսաբանող լրագրողների համար առաջարկվող սկզբունքներից շատերը նույնական են՝ անկախ արտակարգ իրավիճակի տեսակից, սակայն կան նաև առանձնահատկություններ, որոնց կանդրադառնանք  աշխատանքում:

 Առաջարկվող ուղեցույցը գործնական խորհուրդներ է առաջարկում արտակարգ իրավիճակներում աշխատող գերատեսչությունների մամուլի ծառայությունների և արտակարգ տարբեր իրավիճակներ լուսաբանող լրագրողների համար: Այստեղ անդրադարձ է արված արտակարգ համարվող տարբեր իրավիճակների (պատերազմ, համաճարակներ, տարերային աղետներ, վթարներ և այլն) և դրանց լուսաբանման առանձնահատկություններին ու սկզբունքներին:

Ուղեցույցը հիմնված է տեսական ու գործնական ուսումնասիրությունների, տեղական և միջազգային փորձի համադրության վրա: Այն  օգտակար կարող է լինել ԶԼՄ ներկայացուցիչներին, լրատվական ծառայությունների աշխատակիցներին, տեղեկատվություն տնօրինող և արտակարգ իրավիճակներում տեղեկատվության տրամադրման համար պատասխանատուներին, բուհերի ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողներին:

Առաջարկներ մամուլի ծառայությունների համար

Տեղեկատվական օպերացիայի պլանավորում[1]

Արտակարգ իրավիճակներում տեղեկատվության տրամադրման առաջնային աղբյուրները պետական մարմիններն են, որոնք պարտավորություն ունեն արագ, համակարգված ու սպառիչ տեղեկատվություն ապահովել հասարակության և լրատվամիջոցների համար: Ըստ այդմ՝ տեղեկատվություն տնօրինողները պետք է սկսեն պլանավորել և իրականացնել արդյունավետ «տեղեկատվական օպերացիա»՝ հավասարակշռելով մարդկանց իրավունքները, հասարակական շահն ու ազգային անվտանգությունը:

Առանձնացնենք այն գլխավոր քայլերը, որոնք կարող են իրականացնել պետական մարմինները արդյունավետ հաղորդակցում իրականացնելու համար: Ստորև ներկայացնում ենք մի հարացույց (մոդել), որի հիման վրա մամուլի ծառայությունները կարող են  իրականացնել իրենց քայլերը:

Հարց 1. Ինչպիսի՞ն է իրավիճակը

Սա առաջին հարցն է, որից պետք է սկսել պլանավորումը: Հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է, որ տեղեկատվություն տնօրինողները ախտորոշում իրականացնեն և պարզեն, թե օբյեկտիվ առումով ինչպիսին է իրավիճակը, որքան է արտակարգ իրավիճակների տարածման ծավալը, մարդկային շրջանակի վրա ազդեցության չափը, վիճակագրությունը, միջոցները և այլն: Այլ կերպ ասած՝ հնարավոր բոլոր դետալները, անգամ առաջին հայացքից աննշան թվացող մանրամասնությունները:

Հարց 2. Ինչո՞ւ հաղորդակցվել

Այս հարցին պատասխանելիս առաջնորդվել կոնկրետ խնդիրները նախանշելով. ինչո՞ւ է անհրաժեշտ հաղորդակցվել, և ի՞նչ կարևորություն ունեն տարբեր գերատեսչությունների միջև տեղեկատվության փոխանակումը, հասարակության իրազեկումը:

Հարց  3. Ո՞ւմ տրամադրել

Սա նշանակում է, որ պետք է հստակ որոշել և առանձնացնել թիրախային լսարանը՝ ընտրելով մարդկանց այն խումբը, որին պետք է տեղեկացնել: Արտակարգ իրավիճակներում թիրախային լսարան են հատկապես արտակարգ իրավիճակի գոտում հայտնված մարդիկ, նրանց հարազատները, զբոսաշրջիկները, մասնագիտական խմբերը:

Հարց  4.  Ինչպե՞ս

Այս դեպքում տեղեկատվություն տնօրինողները պետք է մշակեն ու առաջարկեն տեղեկատվական օպերացիայի իրականացման կոնկրետ ռազմավարություններ, ծրագրեր, նշեն միջոցներ ու գործիքներ, որոնք կարող են կիրառվել տեղեկատվությունը տարածելու և արդյունավետ հաղորդակցություն իրականացնելու առումով:

Հարց  5.  Ե՞րբ

Հարցի պատասխանը ենթադրում է նշել կոնկրետ քայլերի՝ տեղեկատվության տրամադրման հետ կապված գործողությունների հստակ ժամանակացույցը:

Հարց  6. Ո՞վ 

Անհրաժեշտ է հստակ նշել պատասխանատու կոնկրետ կողմերը, գերատեսչությունները, առանձին ոլորտների համար պատասխանատու անձանց, կարևոր տեղեկատվությունը տրամադրող նյուզմեյքերներին՝ հաշվի առնելով նրանց լիազորությունների չափն ու հնարավոր հարցերին պատասխանելու առանձնահատկությունը:

Հարց 7. Ինչո՞վ

Սա նշանակում է առանձնացնել մարդկային ու տեխնիկական ռեսուրսները, որոնք առանցքային են տեղեկատվության ապահովման գործընթացում, և կոնկրետ աշխատանքի սոցիալական բաժանում իրականացնել:

Հարց  8. Ի՞նչ է տեղի ունենում

Այս հարցի պատասխանը ենթադրում է մոնիթորինգ անել, հետևել հասարակական արձագանքին ու ապահովել հետադարձ կապ:

Հարց  9. Որքանո՞վ է արդյունավետ

Հետևել տեղեկատվական օպերացիայի իրականացմանը և գնահատում իրականացնել: Գնահատման շնորհիվ հնարավոր է որոշել այն ցուցիչները, որոնք կարող են վկայել տեղեկատվական օպերացիայի իրականացման արդյունավետության կամ հակառակ արդյունքի մասին և ըստ այդմ՝ փոփոխություններ մտցնել իրականցվող գործողություններում:

Արտակարգ իրավիճակներում գործող մամուլի ծառայության աշխատանքի առանձնահատկություններ (պատերազմ, համաճարակներ, տարերային աղետներ, վթարներ և այլն)

Արտակարգ իրավիճակներում մամուլի ծառայությունների աշխատանքը առավել արդյունավետ կլինի, եթե

1.  Արտակարգ իրավիճակի առաջացման հենց սկբից տեղեկացնեն ԶԼՄ-ներին: Հակառակ դեպքում վերջիններս այդ տեղեկատվությունը կարող են ստանալ այլ աղբյուրներից, որի դեպքում կնվազի մամուլի ծառայության վստահելիությունը:

2. Անմիջապես հրապարակային հայտարարություն անեն՝ ցույց տալով նախ լրատվամիջոցներին, ապա նաև նրանց միջոցով՝ հասարակությանը, որ իրենք տիրապետում են իրավիճակին[2]:

3.  Ապահովեն լրատվամիջոցների հասանելիությունը արտակարգ իրավիճակի վայրին, եթե դա հնարավոր է: Այս դեպքում խորհուրդ է տրվում ստեղծել նաև Press-pool–եր՝ առանձին լրատվամիջոցների խմբերի համար՝ կախված նրանց առանձնահատկություններից: 

4. Պարբերաբար թարմացնեն տեղեկատվությունը և հայտնեն, թե երբ կլինի հաջորդ թարմացումը:

5. Գործարկեն կայք՝ այնտեղ զետեղելով մամուլի բոլոր հաղորդագրությունները, հայտարարությունները, տեղեկանքները և այլ տեղեկությունների հղումները[3] :

6. Պաշտոնական հաղորդագրությունների ու հայտարարությունների հրապարակման համար ստեղծել նաև էջեր սոցիալական կայքերում:

7․ Բոլոր հարթակներում տեղադրեն միևնույն տեղեկատվությունը՝ տեղեկատվական հակասություններից, խեղաթյուրումներից և շփոթութուններից խուսափելու համար։

Պաշտոնական խոսնակները

«Խոսնակներ» հասկացությունը վերաբերում է բոլոր այն պաշտոնական ներկայացուցիչներին, որոնք այս դեպքում լիազորություն ունեն տեղեկություն հաղորդելու ստեղծված իրավիճակի՝ պատերազմի, բնական աղետի, հանրային առողջությանը վերաբերող և արտակարգ այլ իրավիճակների մանրամասների վերաբերյալ: Նախ, ամբողջ տեղեկատվությունը համակարգված ներկայացնելու և հակասություններից խուսափելու համար անհրաժեշտ է.

1. Մեկ խոսնակի վստահել հիմնական տեղեկատվական հոսքի փոխանցումը[4], սակայն նրա հետ մեկտեղ՝ ապահովել հարակից այլ խոսնակների ներկայությունը։

2. Խոսնակի հայտնած տեղեկությունը նաև անհրաժեշտ է փոխանցել գրավոր կերպով՝ մամուլի հաղորդագրության տեսքով:

Հարցեր, որոնց պատասխանները պետք է առաջնահերթ տալ

1. Ի՞նչ է տեղի ունեցել: Որտե՞ղ և ե՞րբ է դա տեղի ունեցել: Ինչպիսի՞ երևույթ է այն:

2. Ի՞նչն է եղել պատճառը: Ինչո՞ւ է դա տեղի ունեցել:

3. Որքա՞ն մարդ է տուժել, մահացել: Որքա՞ն մարդու է դա առնչվում, որքա՞ն մարդ է կորած համարվում:

4. Ի՞նչն է վնասվել: Արդյո՞ք այդ վնասից կարող են տուժել կենսապահովման ու առողջապահական հաստատությունները:

5. Արդյո՞ք տուժածները օգնություն ստանում են:

6. Ի՞նչ պետք է անի բնակչությունը: Ուղղորդել անվտանգ վայրեր:

7. Հնարավոր բոլոր դեպքերում ներկայացնել, թե ինչպիսին կլինեն հնարավոր հետևանքները՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով[5] :

Խորհուրդներ պաշտոնական խոսնակներին

  • Եղե՛ք հանգիստ, ազնիվ, թափանցիկ և բաց հաղորդակցման համար։
  • Ուշադրությո՛ւն դարձրեք Ձեր ձայնի և բառերի արտասանության հստակությանը։
  • Հստակ և պարզ ուղերձ հաղորդե՛ք: Խուսափե՛ք յուրահատուկ և տեխնիկական բառապաշարից։
  • Հստակ նշե՛ք այն լսարանը, որին ուզում եք տեղ հասցնել Ձեր խոսքը։
  • Հստակ առանձնացրե՛ք այն դեպքերը, երբ խոսում եք լրատվամիջոցների կամ բնակչության հետ։
  • Անկե՛ղծ եղեք էմպատիա արտահայտելիս։
  • Ասե՛ք այն, ինչ գիտեք, և ոչ այն, ինչ մտածում եք։
  • Վստա՛հ եղեք։
  • Հանգի՛ստ մնացեք, տիրապետեք Ձեզ, երբեք պաշտպանողական դիրք մի՛ ընդունեք։
  • Համաձայնե՛ք հարցազրույցի, երբ փոխանցելու հստակ ուղերձ ունեք։
  • «Օff the record» հայտարարություններ մի՛ արեք։
  • Առանց հապաղելու հերքե՛ք բամբասանքները: Եղե՛ք առաջինը:

Առաջարկներ արտակարգ իրավիճակներում աշխատող մամուլի ծառայությունների և այդ իրավիճակները լուսաբանող լրագրողների համար

Տեղեկատվական մենեջմենթի սկզբունքները արտակարգ իրավիճակներում

ատերազմ, համաճարակներ, տարերային աղետներ, վթարներ և այլն)

Թափանցիկություն

   Տեղեկատվություն տնօրինողները, լրատվամիջոցները պարտավոր են հանրությանը տրամադրել արտակարգ իրավիճակին (պատերազմ, համաճարակներ, տարերային աղետներ և այլն) վերաբերող ողջ տեղեկատվությունը, որը օրենքով գաղտնիք չի համարվում:

                                                         Մատչելիություն

   Այս դեպքում տեղեկատվությունը տրամադրվում է հնարավորինս հեշտ, օգտագործելի ձևաչափերով՝ ներառյալ տեղեկատվության տրամադրման online և offline միջոցները, նաև ԶԼՄ-ները: Սա նշանակում է, որ միևնույն տեղեկատվությունը պետք է հասանելի դարձնել պաշտոնական փաստաթղթղերի, օնլայն գրառումների, ինֆոգրաֆիկաների, տեղեկատվությանը տիրապետող newsmaker-ների ասուլիսների և առանձին հարցազրույցների, սոցիալական ցանցերի պաշտոնական գրառումների, հատուկ այդ նպատակով պատրաստված կայքերի միջոցով:

Ներառականություն

   Տեղեկատվության տրամադրումը, տարածումը պետք է տեղի ունենա համագործակցության, համակարգվածության, տեղեկատվությունը միմյանց հետ փոխանակելուց ստացված արդյունքների հիման վրա, ինչը հնարավորություն կտա հասարակությանը տրամադրել համակարգված, համապարփակ ու ամբողջական տեղեկատվություն՝ պատասխանելով նրան հետաքրքրող բոլոր հարցերին: Համեմատություննե՛ր արեք նախորդ օրերի տվյալների հետ, որպեսզի հասկանալի լինեն  իրադարձությունների հետ կապված աճի կամ նվազման տեմպերը:

Հաշվետվողականություն

Տեղեկատվություն ստացողները պետք է հնարավորություն ունենան գնահատելու տեղեկատվության հավաստիության ու վստահելիության չափը, ինչը նշանակում է, որ պետք է հստակ նշված լինի տեղեկատվության աղբյուրը: Դրանք պետք է լինեն առաջին ձեռքից և պաշտոնական: Այս դեպքում անհրաժեշտ է նկատի առնել, թե որքանով է տեղեկություն տրամադրող անձը իրավասու կրելու այդ տեղեկատվությունը:

Ստուգելի

Տեղեկատվությունը ճշգրիտ լինելուց զատ պետք է ապահովվի նաև տեղեկատվության տրամադրման հետևողականությունը: Այսինքն՝ տեղեկատվությունը սպառողի համար պետք է հստակ լինեն այն միջոցները և աղբյուրները, որով հնարավոր լինի համադրել և հավաստիանալ տեղեկատվության իսկության մեջ:

Կարևորություն

Տեղեկատվությունը տրամադրելիս անհրաժեշտ է նկատի առնել, թե այն որքանով է պրակտիկ, որքանով կարող է նպաստել բնակչության տեղեկացված լինելուն, պատասխանել նրան հետաքրքրող ու անհանգստացնող հարցերին, նպաստել նրա որոշումների կայացմանը:

Օբյեկտիվություն

 Տեղեկատվության հավաքման ու տարածման գործընթացում անհրաժեշտ է ուսումնասիրել ու վերլուծել  տարբեր աղբյուրներից եկող տեղեկատվությունը՝ հավասարակշռված որոշումներ կայացնելու համար:

Մարդակենտրոնություն

 Տեղեկատվությունը չի կարող օգտագործվել ապակողմնորոշելու, խուճապի կամ հանրությանը ռիսկի ենթարկելու նկատառումներով:

Ժամանակին

Տեղեկատվության տրամադրումը պետք է տեղի ունենա հստակ պարբերականությամբ՝ բացառելով տեղեկատվական վակուումը: Եթե անգամ տրամադրվող փաստերի մեջ ժամանակի ընթացքում տեղեկություն չի փոխվել, սա ևս նորություն է: Ուստի հստակ պարբերականությամբ անհրաժեշտ է ասել այդ ժամին եղած փաստը: Դա նույնպես  նպաստում է դինամիկայի ընկալմանը:

Առաջարկներ արտակարգ իրավիճակներ լուսաբանող լրագրողներին

Աղբյուրները

Վստահելի պաշտոնական աղբյուրներ

  1. Արտակարգ իրավիճակներում ստեղծված օպերատիվ շտաբների պատասխանատուներ,
  2. Երկրների  ղեկավար կազմի անդամների՝ նախագահների, վարչապետների, առանձին գերատեսչությունների ղեկավարների հայտարարություններ,
  3. Ոլորտային պաշտոնյաներ,  որոնք կարող են հայտարարություն անել՝ կապված իրավիճակի հետ,
  4. Պաշտոնական հաղորդագրություններ,
  5. Պաշտոնական կայքեր,
  6. Գերատեսչությունների, պաշտոնյաների՝ սոցիալական կայքերում  պաշտոնական էջերը,
  7. Միջազգային կազմակերպությունների պաշտոնական կայքերի ու սոցիալական կայքերում պաշտոնական էջերի հաղորդագրություններ ու հայտարարություններ,
  8. Մասնագիտական հեղինակավոր կառույցների հայտարարություններ: 

 Ի՞նչ աղբյուրներից խուսափել

  1. Ոչ առաջնային աղբյուրներ, որոնք, ի պաշտոնե, իրավասու չեն  տեղյակ լինելու տվյալ իրավիճակին և հայտարարություն անելու  դրա վերաբերյալ,
  2. Տուժածների բարեկամներ, հարազատներ, ծանոթներ, որոնց հայտարարությունները հիմնված են ոչ թե հաստատված փաստի, այլ կարծիքի և ենթադրությունների վրա,
  3. Սոցիալական ցանցերի օգտատերեր, որոնք,  ի պաշտոնե, տվյալ իրավիճակի մանրամասներից տեղեկացված լինելու իրավասություն չունեն,
  4. Մասնագետներ համարվող անձանց կարծիքներ, որոնց հայտարարությունները հիմնված են ոչ թե  գիտականորեն ապացուցված տվյալների, այլ հնարավոր կանխատեսումների վրա,
  5. Խուսափել տվյալ երկրի հակառակորդ ու թշնամական տրամադրված երկրների պաշտոնյաների հայտարարությունները միանշանակորեն ընդունելուց, 
  6. Հակառակորդ ու թշնամական երկրների լրատվամիջոցների հրապարակումներ:

Անհրաժեշտ ցուցումներ

  • Ստացված բոլոր տեղեկությունները անհրաժեշտ է ճշտել պաշտոնական իրավասու աղբյուրների հետ:
  • Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգել միմյանցից բոլորովին անկախ երեք իրավասու աղբյուրներից:

Մարդկային կյանքի պաշտպանությունն ու ազգային անվտանգության ապահովումը գերնպատակ

Միակ շահառուն հասարակությունն է, ուստի տեղեկատվություն տրամադրելիս անհրաժեշտ է նկատի առնել, որ տեղեկատվական օպերացիայի իրականացման նպատակը ոչ թե պետք է լինի զուտ հանրությանը տեղեկացնելը, այլ հանրությանը տեղեկացնելով՝ մարդկանց կյանքի պաշտպանությունն ու անվտանգության ապահովմանը նպաստելը: Այդ նպատակն իրագործելու համար անհրաժեշտ է, որ տեղեկատվություն տրամադրելիս այն համապատասխանի հետևյալ խնդիրների իրականացմանը.

1.         Բացառել կամ նվազեցնել հնարավոր վնասի ծավալները,

2.         Մեղմել վախերը, ցրել խուճապը, 

3.         Հասարակական վստահության հասնել,

4.         Կրթել, տեղեկացնել, նպաստել, որ փոխվի հասարակության վարքագիծը, և  նա պատրաստ լինի հաղթահարելու մարտահրավերները,

5.         Հասնել հասարակական համագործակցության,

6.         Հասկանալ հասարակությանը՝ նկատի առնելով, որ՝

Մարդիկ դժվար են հրաժարվում իրենց համոզմունքներից,

Սթրեսի մեջ գտնվող մարդը տեղեկատվությունը կարող է լսել կամ մասամբ, կամ աղավաղված, կամ ընդհանրապես չլսել

Տեղեկատվության հրապարակման առանձնահատկությունները ռազմական գործողությունների ժամանակ

Ժամանակակից պատերազմներում տեղեկատվական տարրը, առանց բացառության, կազմում է պատերազմների բաղկացուցիչ մասը: Այս առումով առանձնահատուկ նշանակություն ունի այն, թե ինչպես են կատարում իրենց պարտականությունները հատկապես լրատվամիջոցները: Նրանց աշխատանքը կարող է հանգեցնել թե՛ հակամարտության բռնկման և թեժացման, թե՛ խաղաղության[6]:

1994թ. ռուանդական RTLM ռադիոընկերության լուսաբանումները հանգեցրին թութսիների նկատմամբ դատաստանի կայացմանը[7]:  Եվ ընդհակառակը, նույն Ռուանդայի դեպքում լրատվամիջոցների աշխատանքի արդյունքը եղավ այն, որ ստեղծվեց ռազմական տրիբունալ, և պատասխանատվության կանչվեցին ցեղասպանության մեղավորները:

Այս դրույթներն ընդհանուր առմամբ կիրառելի են բոլոր դեպքերում, սակայն եթե լրատվամիջոցը կամ լրատվամիջոցները պատկանում են այն երկրներից  մեկին, որը հակամարտող կողմ է, ապա հակամարտությունների լուսաբանման իմաստով կարող է այլ պատկեր ստացվել: Ըստ այդմ՝ այս դեպքում ընդհանուր առմամբ լրատվամիջոցների եւ լրագրողների աշխատանքը, ըստ արտահայտած դիրքորոշման, կարելի է բաժանել երեք խմբի.

1.  Անկողմնակալ եւ օբյեկտիվ տեղեկացում՝ ելնելով միմիայն հումանիտար եւ համամարդկային սկզբունքների դիրքերից,

2.  Իրադարձությունների մասին տեղեկացում՝ սատարելով սեփական երկրի ռազմական քաղաքականությանն ու ջանքերին,

3. Իրադարձությունների մասին տեղեկացում՝ սատարելով հակառակորդի ռազմական քաղաքականությանն ու ջանքերին:

Ըստ էության, ռազմական հակամարտությունների լուսաբանմանը վերաբերող տեսական գրականության մեջ առաջնությունը տրված է առաջին սկզբունքին: Եվ հաճախ միակ ճիշտ տարբերակն է համարվում, սակայն ժամանակակից իրադարձությունները վկայում են, որ դա հաճախ հակասությունների տեղիք է տալիս: Ամերիկյան եւ եվրոպական լրատվամիջոցների աշխատանքը ցույց տվեց, որ Հարավսլավիայի, Իրաքի ու Աֆղանստանի, այժմ նաեւ Սիրիայի հակամարտության լուսաբանման ժամանակ այդ լրատվամիջոցները ակնհայտորեն ոչ միայն տեղեկատվություն էին տալիս, այլեւ սատարում էին սեփական երկրի ռազմական քաղաքականությանը:  Եվ դա օրինաչափ համարվեց: Միջազգային տեսաբանները նշում են, որ ամենևին պետք չէ ամաչել նրանից, որ իրենց պրոֆեսիոնալ պարտքը կատարելով եւ պահպանելով Ժնևի կոնվենցիայի դրույթները՝ լրագրողները ներդրում են ունենում իրենց երկրի կողմից ռազմական ջանքերի կիրառման գործում: Այդ դիրքորոշումը ընդունելի է եւ ամենևին չի հակասում պրոֆեսիոնալ էթիկային[8]:

Ի՞նչ հրապարակել

  • Հասարակությանը պետք է սպառիչ, ամբողջական ու համապարփակ տեղեկատվություն ստանալ գործողությունների ընդհանուր բնույթի, ծավալի, եղած կորուստների և վիրավորների թվի, վիճակի, ունեցած հաջողությունների մասին: Այսինքն՝ այնպիսի տեղեկատվություն, որն արգելված չէ ռազմական գաղտնիքի ապահովման տեսանկյունից:
  • Մեդիահրապարակումներում ապահովել մարդկանց կարծիքներ ու տեսակետներ, որոնք նպաստում են խաղաղությանը, միասնականությանը, համախմբմանը:
  • Լուսաբանումների առանցքում դնել խաղաղության հասնելու ճանապարհների որոնումը, իսկ լրագրողների աշխատանքում՝ հակամարտության խաղաղ ելքին նպաստելը[9]:

Ի՞նչ  չհրապարակել

  • Զորքերի բացազատման թիվը, մարտական կազմի կամ քանակի, նրանց մարտական պատրաստականության, օպերատիվ ծրագրերի, ռազմաքաղաքական կամ օպերատիվ իրադրության մասին, կազմը եւ զորքերի կառավարումը, զորքերի տեղաբաշխումը, թիվը կամ սահմանապահ զորքերի էությունը բացահայտող տեղեկություններ և նմանաբնույթ այլ տեղեկություններ[10],
  • Զորքերի ու ռազմական տեխնիկայի տեղաշարժը նկարագրող կադրեր, առավելապես ընդհանուր պլաններ,
  • Կադրեր, որոնցում երևում են թաքստոցները, կրակակետերը, տեխնիկայի տեղակայման խտությունը, ուղղությունը,
  • Համայնապատկերներ,
  • Խրամատում առաջանցիկ/(zoom in)  և հետանցիկ (zoom out) կադրեր, եթե դրանցում տեսանելի է դառնում զինվորականների ընդհանուր թիվը, դիրքի ընդհանուր դասավորությունը և կահավորումը, խրամատի գտնվելու վայրը, կրակակետերը,
  • Հատուկ նշանակության ստորաբաժանումների և զինծառայողների նույնականացնող դետալներ և մանրամասներ կամ տեքստային նկարագրություն: Տեսալուսանկարահանումներ կամ ձայնագրություններ իրականացնելիս հետևել, որ չերևա նրանց դեմքը և փոխել ձայնը: Անուններ չհրապարակել:

Ինչպե՞ս զտել տեղեկատվությունը

Ազգային անվտանգությանը վնաս չհասցնելու, պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն չհրապարակելու նկատառումներով լրագրողների ու պաշտոնյաների համար կիրառելի է Article 19 իրավապաշտպան կազմակերպության առաջարկած եռաքայլ  թեստը[11].

Քայլ 1. Պարզել՝ արդյո՞ք պահանջվող տեղեկատվությունը առնչվում է այն տեղեկություններին, որոնք առնչվում են երկրի տեղեկատվության ազատության մասին օրենքով նախատեսված բացառություններին՝ ազգային անվտանգություն կամ այլոց իրավունքներ,

Քայլ 2. Արդյո՞ք նման տեղեկատվության բացահայտումը էական վնաս կհասցնի այդ նպատակին,

Քայլ 3. Պարզել՝ արդյո՞ք  այդ տեղեկատվության հրապարակումը ավելի մեծ օգուտ չի տա հասարակությանը, քան այն գաղտնի պահելը:

Եթե, օրինակ, որևէ մեկը[12] ցանկանում է տեղեկություններ հրապարակել բնակավայրով ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին, ապա, ըստ այս թեստի քայլերի, կստացվի հետևյալ պատկերը. 

  • Այն իսկապես առնչվում է անվտանգությանը,
  • Կարող է էական վնաս հասցնել,
  • Հրապարակումը կարող է նպաստել թշնամու առավել մեծ մոբիլիզացմանը:

Ավելին՝ տեսականորեն չի բացառվում, որ հատկապես ուղիղ եթերով ցուցադրելու պատճառով հարվածային ԱԹՍ-ի միջոցով հարված հասցվի շարասյանը, ինչի հետեւանքով կարող են վնասվել ոչ միայն զինտեխնիկան ու անձնակազմը, այլև շրջակա բնակավայրի խաղաղ բնակչությունը:

Մարդասիրություն և մարդկային արժանապատվության պաշտպանություն

Հոգեբաններն ընդգծում են, որ լսարանի համար առավել սթրեսային են լրագրողների որոշ գործողություններ, որոնք կարող են երբեմն անտեսվել՝ ելնելով  տեղեկատվություն ապահովելու անհրաժեշտությունից: Սակայն  առանձնակի դաժանություն ցուցադրող կամ սթրեսոգեն այլ տեղեկատվության՝ տեսանյութերի կամ լուսանկարների հրապարակումը պետք է տեղի ունենա միայն բացառիկ դեպքերում[13]: Մյուս բոլոր դեպքերում առաջարկվում է.

1.  Անհարմար վիճակում չնկարահանել վշտի ու հուսահատության մեջ գտնվող մարդուն,

2. Չցուցադրել մարդուն ստորացված կամ արժանապատվությունը նսեմացված վիճակում,

3.  Չցուցադրել կտտանքների, հոգեբանական ու ֆիզիկական ծաղրանքի ենթարկվածների կամ ենթարկման կադրեր ու լուսանկարներ, տեքստային նկարագրություններ:

2014թ. օգոստոսին ՀՀ սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը պատահաբար հայտնվել էր Ադրբեջանի տարածքում, որտեղ կտտանքի ու խոշտանգման ենթարկվելու հետևանքով մահացավ: Ադրբեջանական իշխանությունները նրան նկարահանել էին ծնկաչոք, ստորացված վիճակում ու աղերսող հայացքով: Այդ կադրերը ընդհանրապես չցուցադրել հնարավոր չէր, բայց գոնե օրեր անց  նախընտրելի էր հնարավորին չափ չեզոք կադրեր ու լուսանկարներ ցույց տալ, հատկապես, որ դրանք ևս կային: Բացի դրանից, այդ լուսանկարներն ու տեսանյութերը տեսնում էին նաև նրա հարազատները, ինչը կարող էր ավելացնել ցավի ու տառապանքի զգացումը: 

4. Չցուցադրել վիրավոր ու բուժում ստացող զինվորականների՝ խոշոր պլանով վնասվածքները կամ անդամահատված վերջույթները:

2016-ին էլեկտրոնային որոշ լրատվամիջոցներում հրապարակվեց երկու ոտքը անդամահատված մի զինվորի լուսանկար, որը հայտնի դարձավ «Ժպտացող զինվոր» անվամբ:  Այդ լուսանկարն արված էր այնպես, որ ուշադրություն կենտրոնում էին հայտնվել նրա կտրված ոտքերը: Եվ որքան էլ լուսանկարում նա ժպտում էր, հիշողության մեջ մնաց երկու ոտքը կտրված լինելու հանգամանքը: Մարդուն ֆիզիկական ծանր վիճակում ներկայացնող լուսանկարը, նախ,  հոգեբանորեն  ծանր տպավորություն է թողնում դիտողի վրա, ապա նաև կարող էր բացասական ազդեցություն ունենալ այդ պահին մարտական ծառայություն իրականացնող զինվորների մարտական ոգու և ծնողների հոգեկան վիճակի վրա:

5. Վախ, խղճահարություն, ֆիզիկական «թերություններն» ի ցույց դնող հրապարակումներ չանել,

6. Առանց անունների ճշգրտման զոհերի և վիրավորների թիվ չհրապարակել,

7. Խուսափել մարդուն զոհ կամ վիրավոր համարելուց, եթե անգամ կորած է նրան ողջ դուրս բերելու հավանականությունը, բայց նրա աճյունը գտնված չէ: Պահպանել մարդու՝ մինչև վերջ հույս ունենալու զգացումը և մահացած լինելու մասին հայտնել միայն այն դեպքում, երբ գտնված է նրա  աճյունը կամ մասունքները:

2014թ. նոյեմբերին Արցախի հետ շփման գոտում ադրբեջանական զինուժը խոցեց հայկական զինուժին պատկանող ուղղաթիռը: Խոցված ուղղաթիռի օդաչուների աճյունները դեռ դուրս չէին բերվել, նրանց ոչ ոք չէր տեսել, սակայն ակտիվորեն սկսեցին շրջանառվել նրանց լուսանկարներն ու զոհ անվանել: Մինչդեռ էթիկայի տեսանկյունից քանի դեռ որևէ մեկը չի տեսել, հատկապես հարազատներին պետք չէ զրկել ողջ լինելու հույսից: Նույն 2014–ին, երբ նավաբեկության ենթարկվեց հարավկորեական Սևոլ զբոսանավը, պաշտոնապես գրանցվեց 295 մահ: 9 հոգու այդպես էլ չգտան: Ոչ ոք գրեթե չէր կասկածում, որ նրանք մահացած կլինեն, բայց պաշտոնապես նրանք համարվեցին անհետ կորածներ:

Գործել հանուն հաղթանակի և ոչ ընդդեմ պարտության

Լրագրողները, պաշտոնական ներկայացուցիչները կարող են հասարակությանը շարունակ ապահովել տեղեկատվությամբ, սակայն կարող է ստացվել այնպիսի իրավիճակ, երբ տեղեկացված մարդը հայտնվի այդ տեղեկությունների բեռի տակ և չիմանա՝ ինչպես վարվել: Ուստի նախ՝ պետական մարմինների ներկայացուցիչներին, ապա նաև լրագրողներին խորհուրդ է տրվում առանձնակի ուշադրություն դարձնել տեղեկատվության մատուցման հիգիենային: Ըստ այդմ՝

•  Զգուշանալ կրկնակի տրավմա առաջացնելուց: Խուսափել ցավոտ պատմությունները որոշ ժամանակ անց կրկնելուց: Մարդուն մոռանալու հնարավորություն տալ:

   Ուշագրավ օրինակ է 1996 թ. Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում տեղի ունեցած դեպքը: Քաղաքի գրոհից հետո լրագրողներն այցելել էին դպրոցներից մեկը: Նրանք խնդրել էին երեխաներին նկարել, իրենց կարծիքով, ամենասարսափելի բանը: Լրագրողները ցանկացել էին իմանալ, թե ինչ են զգում երեխաները: Այնուհետև նրանք հավաքել էին նկարներն ու գնացել: Իսկ երեխաները մնացել էին իրենց ապրումների հետ: Նրանց մոտ կրկնակի տրավմա էր առաջացել, որը հաղթահարելու համար հոգեբանական օգնության անհրաժեշտություն էր առաջացել:

Մատնանշել դրական միտումները, եթե անգամ իրադարձությունների ընդհանուր ծավալի մեջ դրանք փոքր տեղ են զբաղեցնում:

2016 թ. ապրիլի 2-ին ռազմական ակտիվ գործողությունների ընթացքում ՀՀ ՊՆ–ն հայտնեց հայկական դիրքերի ուղղությամբ գործողություններ ծրագրող ադրբեջանական ուղղաթիռի խոցման մասին: Ռազմական գործողությունների ընթացքում հաջողության ընդգծումը դրական ու վտանգի հաղթահարելիության զգացում է առաջացնում:

  2020թ. փետրվարից կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն համարվող Չինաստանում սկսեց նվազել թե՛ մահվան ելքերով, թե՛ վարակման նոր դեպքերի թիվը: Խրախուսելի է, որ լրատվամիջոցները շեշտադրեն հենց այդ տեղեկատվությունը:

•   Հրապարակել մարդկային պատմություններ, որոնք ցույց կտան, թե ինչպես է բարդ իրավիճակում հայտնված մարդը հաղթահարել այն:

2020թ. մարտին կորոնավիրուսի պանդեմիայի հայտարարումից հետո «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» ծրագիրը հարցազրույց էր արել միջազգային կրթական ծրագրերի շրջանակում համաճարակային երկու գոտիներում՝ Էկվադորում և Կոլումբիայում, ամիսներ անցկացրած մարդու հետ: Հարցազրույցում նա պատմում էր, թե ինչպես է, հետևելով առողջապահական միջազգային կազմակերպությունների, այդ երկրների պետական մարմինների ցուցումներին, խուսափել այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են տիֆը, մալարիան, դեղին տենդը, դենգեն[14]:

•   Հրապարակել հայտնիների ոգևորիչ խոսքը, միասնականության կոչերը և այլն:

•   Պատմել հաջողությունների և հնարավորությունների մասին:

2020թ մարտին՝ կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում, տարբեր երկրներում հայտարարված կարանտինի օրերին, ՆԱՍՍԱ-ի արբանյակային տվյալները բացահայտել էին, որ զգալիորեն նվազել է մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի ծավալը, նվազել է օդի աղտոտվածության մակարդակը հատկապես  Չինաստանում, որը հայտնի է աղտոտվածության բարձր մակարդակով և համարվում էր 2020թ. կորոնավիրուսի համաճարակի կենտրոնը:  Բացի դրանից, նույն ընթացքում համաշխարհային ԶԼՄ-ները գրեցին, որ նույն կարանտինի շնորհիվ Վենետիկի ջրանցքներում ջուրը մաքրվել է, քանի որ նավարկություն չի արվում: Խրախուսելի է, որ արտակարգ իրավիճակներում մարդկանց հասանելի լինեն նման բովանդակությամբ տեղեկություններ, որոնք մարդու մոտ  դրական տրամադրվածություն են առաջացնում, նպաստում դրական մթնոլորտի առաջացմանը:

•   Ցույց տալ արտակարգ իրավիճակում գտնվող մարդկանց տոկունությունն ու կամքը:

•   Հատուկ տեղ հատկացնել ճգնաժամի ընթացքում և այդ իսկ պատճառով արված նորարարություններին ու հայտնագործություններին: 

Լեզվի և բառապաշարի առանձնահատկությունները արտակարգ իրավիճակները լուսաբանելիս

Հատկապես արտակարգ իրավիճակներում գործող լրատվամիջոցների հրապարակումներում առանձնակի ուշադրության են արժանի գործածվող լեզուն ու բառամթերքը: Դրանից կախված է, թե որքան հստակ և ճշգրիտ տեղեկություն կստանա տեղեկատվության սպառողը, այն խուճապի չի մատնի նրան, այլ թույլ կտա պատկերացում կազմելու տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Ըստ այդմ՝

  1. Ուշադրությո՛ւն դարձրեք գործողություն արտահայտող բառերին: Հետևե՛ք, որ դրանք հստակ արտահայտեն տվյալ երևույթը:

Օրինակ՝ եթե համաճարակի ժամանակ 27 մարդ է տարվել բուժհաստատություն վարակի առկությունը ստուգելու համար, ապա չօգտագործել հոսպիտալացվել եզրույթը: Հակառակ դեպքում, անգամ եթե դուք օգտագործեք ստուգման նպատակով արտահայտությունը, տեղեկատվություն սպառողի գիտակցության մեջ ավելի շատ կամրանա «հոսպիտալացվել» արտահայտությունը, ինչը տպավորություն կստեղծի, որ վարակված լինելու հանգամանքը հաստատված է:

2.         Զե՛րծ մնացեք երևույթներին բնորոշումներ տալուց: Դրանք հաճախ սուբյեկտիվ ընկալման արդյունք են և կարող են սխալ պատկերացում տալ իրավիճակի մասին:

2009–ին H1N1-ի, իսկ 2020-ին աշխարհում կորոնավիրուսի տարածման ընթացքում լրատվամիջոցների ձևակերպումներում հաճախ սկսեցին գործածվել Killer virus-մարդասպան վիրուս կամ deadly disease-մահացու հիվանդություն արտահայտությունները: Մինչդեռ՝

  • Դրանցից ոչ մեկը չի արտահայտում օբյեկտիվ իրականությունը, քանի որ նույն վիրուսը կրող բազմաթիվ մարդիկ առողջացել են:
  • Մյուս կողմից, դա անհարկի վախի ու խուճապի տրամադրություն է ստեղծում և կարող է հանգեցնել նաև կիրառվող միջոցների անարդյունավետությանը:

3. Մարդկանց և երևույթների մասին խոսելիս առաջնորդվե՛ք de jure կարգավիճակը ցույց տվող ձևակերպումներով: 

Միջազգային լրատվամիջոցներից շատերը Սիրիայի պատերազմի մասին խոսելիս հաճախ գործածում էին «Ասադի ռեժիմ» կամ «կառավարամետ ուժեր» արտահայտությունները՝ նկատի առնելով համապատասխանաբար Սիրիայի de jure գործող վարչակարգը և Սիրիայի պետական բանակը, որոնք տեղ են գտնում նաև տեղական լրատվամիջոցներում: Մինչդեռ այստեղ պետք է առաջնորդվել  de jure կարգավիճակը ցույց տվող ձևակերպումներով:

4. Պահպանե՛ք անմեղության կանխավարկածը, զե՛րծ մնացեք մարդկանց պիտակավորելուց:

2001թ. Նյու Յորքում Առևտրի համաշխարհային կենտրոնի շենքերի վրա առևանգված երկու օդանավերով հարձակման լուրը հայտնելիս անգամ, քանի  դեռ պարզ չէր, թե ովքեր են հարձակումն իրականացնողները, Reuters լրատվական գործակալությունը իր հրապարակումներում նրանց մասին խոսելիս օգտագործում էր համեմատաբար չեզոք բնորոշում՝ rebel-fighters, թարգմանաբար «ապստամբ-մարտիկ»՝ զերծ մնալով ահաբեկիչ արտահայտությունից, քանի դեռ նրանց արարքին բնորոշում չտրվեց դատարանի վճռով[15]:

5. Պահպանե՛ք անձի պատիվն ու արժանապատվությունը: Խիստ զգուշավորություն ցուցաբերե՛ք նույնականացնող տեղեկություններ ու ձևակերպումներ հրապարակելիս:

2012թ. ВВС-ի Newsnight հաղորդման հեռարձակումից հետո առաջացած սկանդալի հետևանքով հրաժարական տվեց ընկերության գլխավոր տնօրեն Ջորջ Էնտուիսլը: Բանն այն է, որ հաղորդման ընթացքում, որտեղ խոսվում էր մանկապղծության մասին, տուժածներից մեկն ասել էր, թե դրանում մեղավորներից մեկը եղել է Մարգարետ Թետչերի ժամանակ պաշտոնավարած պահպանողական գործիչներից մեկը: ВВС-ն անուն չէր հրապարակել, սակայն «Մարգարետ Թետչերի ժամանակ պաշտոնավարած պահպանողական գործիչներից մեկը» արտահայտությունը լրատվամիջոցների համար հիմք դարձավ, որ նրանք  շրջանառեն ժամանակին Թետչերի խորհրդական, լորդ Ալիստեր Մակելպայնի անունը՝ անհարկի կասկածի տակ առնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:

   Չնայած ВВС-ն –ն զերծ էր մնացել անուն հրապարակելուց, սակայն ընկերության գլխավոր տնօրենը կարծում էր, որ Newsnight–ի այդ թողարկումը ընդհանրապես չպետք է եթեր հեռարձակվեր, և իր բացթողումն է եղել դա: Նա ներողություն  խնդրեց լորդից, բայց նաև պատասխանատվություն ստանձնեց այլ լրատվամիջոցների կողմից այդ անվան հրապարակման և մարդու պատիվն ու արժանապատվությունը վտանգի տակ առնելու համար և հրաժարական տվեց[16]:

6. Հարգե՛ք տեղեկատվության աղբյուրներին, պահպանե՛ք off the record զրույցների գաղտնիությունը՝ պաշտպանելով ձեր աղբյուրների անձնական կյանքի անվտանգությունը: 

2003-ին՝ Իրաքի պատերազմի օրերին, ինքնասպանություն գործեց Մեծ Բրիտանիայի կառավարության աշխատակից, կենսաբանական զենքի փորձագետ Դեյվիդ Քելլին: Դա հետևեց BBC Radio 4’s Today programme-ի հրապարակմանը, որտեղ հաղորդման հեղինակ Էնդրյու Գիլիգանը հայտնել էր, թե Իրաքում առկա քիմիական ու կենսաբանական զենքերից մի քանիսը հնարավոր էր տեղակայել այնտեղ ընդամենը 45 րոպեի ընթացքում: Սա հետևել էր Դեյվիդ Քելլիի և Էնդրյու Գիլիգանի off the record զրույցին, որտեղ նրանք խոսել էին Իրաքյան դոսիեից: BBC-ի հրապարակումից հետո Քելլին ինքը բրիտանական ՊՆ-ին հայտնել էր, թե հնարավոր է, որ ինքն է ասել այդ մասին Գիլիգանին, որից հետո նրա հարցով հետաքննություն սկսվեց, իսկ ընդամենը երկու օր հետո Քելլիին մեռած գտան[17]:

7. Հնարավորինս  խուսափե՛ք ժխտական միտք արտահայտող ձևակերպումներից, փոխարենը հնարավոր բոլոր դեպքերում այն փոխարինե՛ք նույն միտքը արտահայտող հաստատական նախադասություններով: 

 Համաճարակների ժամանակ «ախտահանիչ նյութերի պակաս չկա» արտահայտությունը փոխարինե՛ք «համապատասխան ծառայությունները ապահովված են անհրաժեշտ ախտահանիչ միջոցներով» արտահայտությամբ:

Կամ՝ «մեր ունեցած սպառազինությունները չեն զիջում» արտահայտության փոխարեն գործածե՛ք, օրինակ, «մեր սպառազինությունները հնարավորություն են տալիս արդյունավետ գործողություններ իրականացնել» արտահայտությունը:

Հաստատական նախադասություններով ձևակերպումների կիրառման դեպքում առավել մեծ ապահովության զգացում է առաջանում:  

Հետճգնաժամային լուսաբանումը

Ճգնաժամերի (պատերազմ, համաճարակ, տարերային և ոչ տարերային աղետներ և այլն) ակտիվ փուլի ավարտմամբ չի սահմանափակվում  լրատվամիջոցների լուսաբանումների անհրաժեշտությունը: Եթե ակտիվ փուլի ընթացքում ուշադրության կենտրոնում տեղի ունեցող երևույթների և իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվության տարածումն է, ապա այս  դեպքում լրատվամիջոցները մի քանի գործառույթ են իրականցնում՝

1Տեղեկատվություն տրամադրել արտակարգ իրավիճակի պասիվ շրջանի վերաբերյալ՝ ընդգծելով ընդհանուր միտումները,

2. Տեղ հատկացնել առանձին հերոսական դրվագների, մարդկային ճակատագրերի, ճգնաժամին դիմագրավելու նրանց փորձի, մարդու ներքին փոփոխությունների ներկայացմանը,

3. Վերլուծել տեղի ունեցածի հետևանքներն ու արդյունքները՝ ընդգծելով  առավելությունները, փնտրել սխալները,

4.  Ռազմական գործողությունների ավարտից հետո էլ հարթակ լինել  չհրահրող, ավելին՝ խաղաղությանը նպաստող ու ամրապնդող հրապարակումների համար,

5. Գործունեությամբ և ակտիվ լուսաբանումներով նպաստել միջազգային մարմիններում հարցի առաջ քաշմանը, պատասխանատվության խնդիրներին:

Օգտագործված և օժանդակ գրականություն

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

ՀՀ Սահմանադրություն, հոդված 42, ընդունվել է 06.12.15թ

ՀՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին

 ՀՀ կառավարության թիվ 173 որոշում, 13.03.1998թ.:

Գրքեր, Հոդվածներ

  1. Շ. Մ. Դոյդոյան. «Պետական գաղտնիքի իրավական կարգավորումը ՀՀ-ում», Օրենք և իրականություն, միջազգային իրավաբանական գիտական հանդես, Երեւան, 10 հոկտեմբեր, 2006, էջ 16-20:
  2. Ք. Ա. Ալագուլյան, Ապիլյան պատերազմի լուսաբանումը ՀՀ լրատվամիջոցներում. Իրավական և էթիկական խնդիրներ, «Ժուռնալիստիկա և հաղորդակցություն (տեսության և պատմության հարցեր)», 1(13), 2018,  էջ 111
  3. Илона Эльбрусовна Калоева։ Особенности освещения в СМИ вооруженных конфликтов (Чеченская республика: 1994-2004 гг.)
  4. Чемякин Ю.В «Политические коммуникации и информационная безопасность общества», Учебное пособие, Екатеринбург, 2008г, стр. 6
  5. Marguerite Hoxie Sullivan. A Responsible Press Office: An Insiders Guide, 2000
  • Timeline: the Gilligan affair, A complete transcript of Andrew Gilligan’s claims against the government on Radio 4’s Today programme. The Guardian, July 9, 2003
  • Information management and communication in emergencies and disasters: manual for disaster response teams, Washington, D.C.  2009;
  •  Allyn, B. J., & Wilkinson, S.. Proposed guidelines for journalists covering ethnic conflicts. Nieman Reports. Harvard University. (1994)
  • Altheide,D.L.(2001).CreatingFear:News and the Construction of Crisis.New York:AldinedeGruyter.
  • Anderson,!A.!(1991).Source strategies and the communication of environmental affairs. Media, Culture Society,13(4),459>476.
  • C. Critcher, (2002). Media, government and moral panic: the politics of paedophilia in Britain 2000–1.Journalism Studies, 3(4),!521>535.
  • Media in wartime: The code for the coverage of the Colombian armed conflict, 2014, p. 169.
  • Code of Ethics for Journalists Covering Conflicts, CaucasusEdition, journalof conflict transformation, 27 June, 2015

                                            Հարցազրույցներ

  1. Հատված՝ Reuters գործակալության մեդիա մենեջեր Մարիա Ֆիլատովայի հետ զրույցից, Երևան, 2005:
  2. Հարցազրույց Էկվադորի և Կոլումբիայի համաճարակային գոտիներում անցկացրած Վահրամ Այվազյանի հետ, Երևան, 20 մարտի  2020թ. :
  3. Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ զրույցից, Մոսկվա, 8.08.2008թ.

                            Օգտագործված կայքեր և հղումներ

  1. https://www.bbc.com/news/uk-20284124
  2. http://ren.tv/novosti/2016-04-02/po-ulicam-stepanakerta-v-zonu-konflikta-v-nkr-edut-tanki-video
  3. http://www.history-journal.ru/index.php?request=full&id=223
  4. https://caucasusedition.net/code-of-ethics-for-journalists-covering-conflicts/?fbclid=IwAR3Rb0ROGAXW1WsdP2CiejFVV2R8h_77hIFe2EKIXq_J6Wd98Ka8rv8g6rA
  5. https://emergency.cdc.gov/cerc/cerccorner/article_031517.asp?fbclid=IwAR3UrdPJWNLC7IZLoDdhtoxpXKWGTFr50xlXeg5O2ruNVqxEkLyUUsdpNfw

[1] Information management and communication in emergencies and disasters: manual for disaster response teams, Washington, D.C.  2009.

[2]  ԱՀԿ-ն, օրինակ, հատուկ ընդգծում է հանրային առողջութանը վերաբերող տեղեկատվության շատ վաղ հայտնելու կարևորությունը:

[3]   Marguerite Hoxie Sullivan. A Responsible Press Office: An Insiders Guide, 2000

[4] 2009թ «Նաիրիտ» գործարանում երկու պայթյունների ժամանակ տեղեկատվության զգալի մասը հաղորդում էր ԱԻՆ աշխատակազմի՝ հասարակության հետ կապերի վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը:  2016թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ տեղեկատվության զգալի մասը հաղորդում էր ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

[5] 2020 թ. մարտի 11-ին, օրինակ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մամուլի ասուլիսում հայտնեց, որ եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա երկրի բնակչության 70 տոկոսը կարող է վարակվել կորոնավիրուսով:

[6] Ք. Ա. Ալագուլյան, Ապիլյան պատերազմի լուսաբանումը ՀՀ լրատվամիջոցներում. Իրավական և էթիկական խնդիրներ, « Ժուռնալիստիկա և հաղորդակցություն (տեսության և պատմության հարցեր)», Երևան,  2018, 1(13), Էջ 111:

[7] RTLM ռադիոընկերության եթերից այսպիսի կոչեր էին հնչում՝ «Դուք պետք է սպանեք թութսիներին: Մենք պետք է վերջ տանք թութսիներին, նրանց պետք է մաքրել երկրի երեսից»։ Այսպիսի կոչերի համար այդ ռադիոընկերությունը նույնիսկ անվանեցին «ատելության ռադիոընկերություն»:

[8] http://www.history-journal.ru/index.php?request=full&id=223

[9] Media in wartime: The code for the coverage of the Colombian armed conflict, p. 169

[10]   ՀՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին  ՀՀ կառավարության թիվ 173 որոշում, 13.03.1998թ.

[11] Շ. Մ. Դոյդոյան, Պետական գաղտնիքի իրավական կարգավորումը ՀՀ-ում | Օրենք եւ իրականություն, միջազգային իրավաբանական գիտական հանդես, Երեւան, 10 հոկտեմբեր, 2006, էջ 16-20:

[12] http://ren.tv/novosti/2016-04-02/po-ulicam-stepanakerta-v-zonu-konflikta-v-nkr-edut-tanki-video

[13] http://hetq.am/arm/news/66976/vayragutyunner-talishum-zgushacum-hraparakvats-e-gndakaharvats-andzanc-lusankar.html «Հետքը» ներողություն է խնդրել իր ընթերցողներից անհրաժեշտաբար դաժաբություն ցույց տվող լուսանկարներ հրապարակելիս։

[14] Հարցազրույց Էկվադորի և Կոլումբիայի համաճարակային գոտիներում անցկացրած Վահրամ Այվազյանի հետ: Երևան, 20 մարտի 2020թ.:

[15] Հատված՝ Reuters գործակալության մեդիա մենեջեր Մարիա Ֆիլատովայի հետ զրույցից, Երևան, 2005թ. :

[16] https://www.bbc.com/news/uk-20284124, 2012, Sep. 11

[17] Timeline: the Gilligan affair, A complete transcript of Andrew Gilligan’s claims against the government on Radio 4’s Today programme. The Guardian, July 9, 2003

Քրիստինե Ալագուլյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս

Կիսվել