ՎԱԽ, ԸՆԿԵՐ ՈՒ ԴԵՂ

ՎԱԽ, ԸՆԿԵՐ ՈՒ ԴԵՂ

1389

Ֆրանսիական ասացվածքն ասում է. «Սենյակի լավագույն զարդարանքներն են փոքրիկ շեկ աղջիկները, գրքերն ու կատուները»: Այն ժամանակ, երբ որոշ կատուներ զարդարում են իրենց սիրողների մենակությունը, մյուսները «զարդարում են» իրենց չսիրողների վախը: Աիլուոֆոբիա՝ այսպես է կոչվում վախը կատուներից: Այս ֆոբիայով տառապող մարդուն կարող է վախեցնել կատվի մլավոցը, նրա մորթին կամ պարզապես կենդանու տեսքը:

Կատուների հանդեպ  վախը Օֆելիայի մոտ դրսևորվում է շրջակայքում կենդանուն պարզապես նկատելիս: Նրա մոտ առաջանում է տագնապ, նյարդային ցնցումներ և ուժգին լաց:

Կատուների որոշ տեսակներ, նույնիսկ, մարդկանց մոտ կարող են ալերգիա հարուցել: Ըստ մասնագետների՝ պատճառը հատուկ նյութերն են, որոնք առաջանում են կատուների մոտ պաշտպանական ռեակցիաների ժամանակ:

Կենդանասեր Սիլվիի խոսքերով`կատուները մարդկանց նման սիրո և ուշադրության կարիք ունեն: Մորֆի Արևացի Քնքուշյան՝ այսպես է իր կատվին անվանել աղջիկը, որին սիրում ու խնամում է երեխայի պես: Սիլվին փոքրիկ կատվին գտել է դրսում անձրևոտ եղանակին, պատսպարել նրան, հետո այնքան է կապվել հետը, որ շուտով կենդանին դարձել է իր ընտանիքի անդամը: Մորֆիկն ինստագրամյան էջ էլ ունի, որտեղ հրապարակվում են լուսանկարներ ու տեսանյութեր իր մասնակցությամբ:

Կատուների մեծ սիրահար Սուսաննան խոստովանում է, որ այդ կենդանիներն իր համար մի ուրիշ աշխարհ են՝ մի առանձին աշխարհ, որտեղ սեր ու ներդաշնակություն է տիրում: Սուսաննան կարծում է, որ կատուների հետ նման բնավորության գծեր ունի, ինչումն էլ կայանում է կենդանու գրավչությունը: Կենդանասեր աղջիկը իր փորձով է հաստատում, որ կատուները զգում են մարդկանց ցավն ու վերացնում այն, հանգստացնում մարդկանց նյարդերն ու հավասարակշռում նրան:

Իրականում, կատուներն ունակ են կլանելու բացասական էներգիան՝ այդպիսով նպաստելով ցավի անհետացմանը: Բուժումը կատուների միջոցով կոչվում է ֆելինեթերապիա: Տարբեր հիվանդություններ կատուները բուժում են տարբեր կերպ: Գտնելով ցավի օջախը՝ կատուն կամ նստում է տվյալ հատվածին՝ փորձելով տաքացնել այն, կամ իր ճանկերով մերսում է ցավող հատվածը՝ նման ասեղնաբուժական թերապիային: Որոշ երկրներում էլ կատուներին վաճառում են դեղատներում՝ որպես ասպիրին կամ այլ ցավազրկող միջոց:

Գերմանացի արվեստի տեսաբան Լեսսինգն ասել է. «Կատուն հենց ուրվականն է, նույն ինքը՝ սատանան, նույն ինքը՝ հանգստությունն ու ինքը՝ կտակը»:

Լիլիթ Հովսեփյան
3-րդ կուրս

Կիսվել