«Խոսքի իրավունքը ուղղակիորեն կախված է նրանից, թե քո սեփական պատմությունը որքանով է իրոք քոնը։ Հենց հասկանում ես քո պատմությունը և սիրում ես այն, սկսում ես ճանաչել ինքդ քեզ, և երբ լավ ես ճանաչում, կարող ես պաշտպանել քո իրավունքները և քո ձայնը լսելի դարձնել»։ Newmag-ը հայերենով ներկայացրեց համաշխարհային նոր բեսթսելլերը՝ ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամայի «Becoming. իմ պատմությունը»։
Սա ինքնակենսագրական գիրք է, որտեղ Միշել Օբաման առաջին անգամ խոսում է իր ամուսնության վաղ շրջանից, երբ ձգտում էր և՛ աշխատել, և՛ ընտանիքի հոգսերը հոգալ, և՛ նպաստել ամուսնու քաղաքական վերելքին: Նա անկեղծորեն պատմում է ընտանեկան վեճերից, թե իր ամուսինը պետք է առաջադրվի նախագահի թեկնածու, և թե ինչպես ինքը դարձավ քարոզարշավի ամենաճանաչված ու հաճախ քննադատված դեմքը, հետո էլ՝ ԱՄՆ առաջին տիկինը։
Առաջին անգամ Newmag-ը ներկայացրել է գիրք, որի ստեղծման ճանապարհն անցել է ուսանողների ձեռքի տակով: Գիրքը թարգմանել են Հայաստանի Ամերիկյան համալսարանի մագիստրատուրայում սովորող 4 ուսանողուհի։
Newmag-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի խոսքով, նման դեպքերում մեծագույն խնդիրը գիրքը մեկ միասնական լեզվամտածողությամբ ներկայացնելն է: Եթե գրքի տարբեր գլուխներ տարբեր մարդիկ են թարգմանում, յուրաքանչյուր գլուխ ձեռք է բերում ոճային առանձնահատկություն: Ոճային առանձնահատկության խնդիր չունենալու համար թարգմանչական խմբի ղեկավար նշանակվեց Newmag-ի գրքերի թարգմանիչ Լիանա Զաքարյանը:
«Չորս աղջիկների հետ անհրաժեշտ էր համաձայնեցնել ամեն ինչ, որովհետև չորս տարբեր մարդիկ, չորս տարբեր կարծիք, չորս տարբեր թարգմանություն, չորս տարբեր մոտեցում, և բացի քո կարծիքը թելադրելուց, նաև հաշվի առնել իրենց կարծիքը»,- ասում է Լիանա Զաքարյանը։
«Սկզբում մտադիր էի մենակ թարգմանել, իմ փորձի պակասն էր, որ կարծում էի՝ նման մեծ գիրքը, նման սեղմ ժամկետներում կկարողանամ ավարտին հասցնել»,-նշում է գրքի թարգմանիչ Մոնիկա Կեսոյանը։
«Մտածում ես՝ թիմային աշխատանքի ընթացքում կկարողանաք հեշտ ու արդյունավետ աշխատել, բայց, ամեն դեպքում, դժվարությունների եք բախվում»,-ավելացնում է գրքի թարգմանիչ Նարե Հարությունյանը։
Գայանե Գրիգորյանն էլ պատմում է, որ ուրիշներին էր խնդրում կարդալ իր իսկ թարգմանությունը։
Միշել Օբամայի «Becoming. Իմ պատմությունը» գիրքը անհատի անձնական հաջողության պատմությունն է: Իր գրքում Միշել Օբաման խոսում է կասկածների մասին, մտածում՝ իրո՞ք այնքան լավն է, որ տեղափոխվի մեծ հնարավորությունների քաղաք: Մի՞թե այնքան խելացի է, որ Փրինսթոնում սովորի: Օբաման ընդգծում է՝ շատ հեշտ է ընդամենը մեկ բառով կոտրել մարդկանց;
«Կարծում եմ, որ իմ անկեղծ պատմությունը մարդկանց կօգնի գեղեցիկը տեսնել իրենց պատմություններում և օգտագործել իրենց բացահայտելու համար։ Կօգնի խոսել, պատմել և չամաչել, թե ո՞վ են ու որտեղի՞ց են եկել»,-նշում է գրքի հերոսուհին։
Միշել Օբաման Գրեմմիի արժանացած միակ առաջին տիկինն է: Նրա «Becoming. Իմ պատմություն» գիրքը հաղթել է «Խոսակցական ժանրի լավագույն ալբոմ» անվանակարգում:
Միշել Օբամայի աշխատանքը պարզապես կնոջ կամ սևամորթ կնոջ գիրք չէ, այլ վերաբերում է յուրաքանչյուր անհատի: Հեղինակն այս գիրքը գրել է այն մարդկանց համար, ովքեր ամեն օր նույն դժվարությունների միջով են անցնում ու կարծում են, թե մենակ են այդ ճանապարհին․ «Ես հավատացած եմ, որ այն պատմությունները, որոնք պատմում եմ իմ գրքում, վերաբերում են բոլորին։ Այս պատմությունները կոգեշնչեն մարդկանց, որովհետև բոլորն ունեն այսպիսի պատմություններ․ հենց դա է մեզ դարձնում այն, ինչ կանք»,-ընդգծում է Միշել Օբաման։
2018 թվականի նոյեմբերին ամերիկյան գրախանութներում հայտնվեց «Becoming. Իմ պատմությունը» գիրքը։ Հենց առաջին շաբաթում այն վաճառվեց ավելի քան 1.4 մլն օրինակով։ Իսկ այժմ, ամբողջ աշխարհում վաճառվել է գրքի 11 մլն օրինակ։
Այս օրերին աշխարհի կանանց գլխավոր գիրքը հնարավոր է ձեռք բերել միայն առաքմամբ։ Ի դեպ, այն տպագրվելուց հաշված ժամեր անց դարձավ ամենապահանջված գրեքերից մեկը նաեւ Հայաստանում։
Արփինե Հակոբյան
3-րդ կուրս