ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՆ ՀԵՌԱՎԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՆ ՀԵՌԱՎԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

2416

Հեռավար կրթությունն իր դրական և բացասական կողմերով շարունակում է իրականացվել Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի օրերին։ Սակայն հեռավար կրթության գործիքները հիմնականում հասանելի չեն առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին:

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից փորձեցինք պարզել՝ որքանով են հեռավար կրթության գործիքները հասանելի ներառական կրթություն ստացող երեխաների համար, նախարարությունն այս հարցով ի՞նչ ծրագրեր ունի: ՀՀ ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը մեր հարցմանն ի պատասխան ասաց, որ համապատասխան սարքավորում ունենալու դեպքում, ներառական կրթություն ստացող երեխաները ծնողների օգնությամբ միանում են առցանց դասերին, ինչպես նաև աջակցության ծառայությունների կողմից շարունակվում են մանկավարժահոգեբանական ծառայությունները հեռավար եղանակով։

Երևանի թիվ 196 դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանը տեղեկացրեց, որ առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների հետ հեռավար դասեր անցկացնում են և՛ խմբային, և՛ անհատական տարբերակներով՝ ելնելով երեխայի կարիքից ու մանրամասնեց. «Որոշ երեխաների հետ արդյունավետ են հենց անհատական պարապմունքները։ Հատկապես, եթե երեխան ուշադրության կենտրոնացման խնդիր ունի»: 

Սակայն պատկերը մի փոքր այլ է մարզերում։ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի դպրոցներից մեկում սովորող երեխաներից մեկի մայրը (չցանկացավ ներկայանալ) պատմում է, որ իր երեխան դասերին չի մասնակցում, քանի որ տեխնիկական միջոցները սուղ են, երեխայի քույրն ավարտական դասարանում է, և նա է դաս անում տան միակ հեռախոսով։ Սակայն մայրը կարծում է, որ հեռավար դասին միանալու դեպքում երեխան դժվար կհասցնի դասարանի հետ։ Ասում է, որ դասղեկը շատ ուշադիր է և հանձնարարություններն առանձին է ուղարկում երեխային։
«Եթե դասղեկը չլինի, իմ երեխան կկորչի դասարանում։ Ես չեմ հասկանում, թե ինչ են անում սոցաշխատողները։ Արդեն 2 շաբաթ է՝ օնլայն դասեր են անում, բայց էսօր նոր երեխաս իր մտքին է եկել, որ զանգի, աշխատի հետը»,-պատմեց մայրը։

Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոցի դասվար Սոնա Հովհաննիսյանն (անուն֊ ազգանունը փոխված է) էլ ասում է, որ իր դասարանում կա առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա, ում հետ անհատական աշխատանք է տանում։
«Կարծում եմ՝ ավելի արդյունավետ է, որ անհատական աշխատեմ իր հետ, այլապես դասարանից հետ կընկնի»,- ասաց դասվարը։
Մեր հարցին՝ երեխայի հետ սոցմանկավարժն աշխատանք տանո՞ւմ է այս օրերին, դասվարը պատասխանեց՝ ոչ, չի տանում։

«Արմավ» շարունակական կրթության կենտրոնի  հիմնադիր, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենուհի Ավագյանն ասում է, որ այս շրջանում նեղ մասնագետների, աջակցող մասնագետների հասցեներին քննադատություններ շատ են լինում, ասում են, որ ուսուցիչները «ZOOM» հարթակում դասեր են անում, իսկ հատուկ մասնագետները չեն պարապում երեխաների հետ։ Մասնագետներն էլ իրենց հերթին են խնդրի առաջ կանգնում, թե ինչպես պարապեն։ Այս առիթով Արմենուհի Ավագյանը նշեց. «Ահա այս խնդիրներից ելնելով՝  մեր կենտրոնով նախաձեռնեցի մի վեբինար, որտեղ ներկայացնում ենք, թե «ZOOM» հարթակում տեխնիկական ու ռեսուրսային առումով ինչպես կարող են արդյունավետ անհատական դասեր անցկացնել  նեղ մասնագետները: Այդ դասերը դրված են մեր էջին, և մարդիկ կարող են անվճար մտնել ու նայել»:

Կենտրոնի տնօրենը դպրոցում աշխատող մասնագետներին մի քանի խորհուրդ տվեց.
«Այսօրվա մանկավարժության մեջ շատ ընդունված է համատեղ դասավանդում իրականացնելը, երբ դասավանդման գործընթացում երկու մանկավարժ են ներգրավված. երկրորդը կարող է լինել որևէ նեղ մասնագետ։ «ZOOM» հարթակում ուսուցչի հետ կարող է լինել նաև նեղ մասնագետը՝ իր ջանքերը կենտրոնացնելով որոշ աշակերտների վրա»: 

Իսկ երկրորդ խորհուրդն այն է, որ նեղ մասնագետը կարող է նախապես հարմարեցված նյութեր ուղարկել ուսուցչին այն աշակերտների համար, որոնք առանձնահատկություններ ունեն և դասապրոցեսում առանց հարմարեցված նյութերի չեն կարող ներգրավվել։ Արմենուհի Ավագյանը կարևորեց ծնողի դերն այս հարցում։ Նեղ մասնագետների և ծնողների համագործակցությունը ևս շատ արդյունավետ է։

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը մարտի 18-ին կայացած ասուլիսի ժամանակ խոսել էր​ Հանրային հեռուստաընկերության հետ իրենց համագործակցության մասին, ինչպես նաև նշել.
«Հեռավար ուսուցման նյութերը և՛​ ձայնային​ են և՛​ տեքստային և՛​ պատկերային: Սա հնարավորություն կտա, որ մենք կարողանանք հաշվի առնել ուսուցման ընթացքում հատուկ կարիքներ ունեցող երեխաների առանձնահատկությունները և համապատասխան բովանդակություն հասցնել նրանց»։

  «Արմավ» կենտրոնի տնօրեն Արմենուհի Ավագյանն այս մասին ասաց, որ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող հեռավար դասերն առանձնահատուկ  պայմանների կարիքներ ունեցող երեխաների համար արդյունավետ կլինեն այն դեպքում, երբ ամբողջ տեքստը, որն արտասանում է դասընթացը վարողը, սլայդի նման լինի էկրանին, որ չլսող աշակերտը դա կարդա, կամ էլ պետք է ժեստերի լեզվով թարգմանություն ապահովվի։ Սակայն մասնագետի նշած երկու կետերն էլ դեռևս չեն կիրառվում հեռավար դասերում։

Մեր կողմից նախարարությանը հարցում ուղարկելուց հետո ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց, որտեղ մասնավորապես ասում էր. «Առաջիկայում կունենանք նաև տեսադասեր՝ նվիրված ժեստերի լեզվի ուսուցմանը, մեր կողմից նկարահանվող տեսադասերի համար կաշխատենք հնարավորինս ապահովել ժեստերի լեզվով թարգմանությունը»: 


Լուսինե Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել