«ՍԱ ԷԼ ԽՈՍՔԻ ԲՈՒԺՈՒՄ Է». ԼՈԳՈՊԵԴ

«ՍԱ ԷԼ ԽՈՍՔԻ ԲՈՒԺՈՒՄ Է». ԼՈԳՈՊԵԴ

2578

Իրինա Գալստյանն ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի լոգոպեդիայի ֆակուլտետը։ Այժմ աշխատում է Հովհաննես Հովհաննիսյանի անվան համար 52 հիմնական դպրոցում և զբաղվում է երեխաների խոսքային խնդիրներով. օգնում է, որ նրանք ձերբազատվեն արտաբերական խնդիրներից։ Ստորև ներկայացնում ենք հարցազրույց լոգոպեդ Իրինա Գալստյանի հետ։

Շատերն են լսել ու գիտեն լոգոպեդի մասնագիտության մասին, բայց քչերն են ծանոթ, թե ինչով են զբաղվում այդ մասնագետները։ Կպատմե՞ք մեզ։


– Այո՛, նախկինում այնքան էլ տեղեկատվություն չկար, թե ով է լոգոպեդը, ինչով է զբաղվում, և շատ անգամ ծնողներն ուղղակի խուսափում էին լոգոպեդի այցելելուց՝ մտածելով, որ լոգոպեդը նաև զբաղվում է մտավոր թերզարգացած երեխաների հետ, բայց հարկ է նշել, որ լոգոպեդիա բառը նշանակում է խոսքի շտկում, խոսքի ուղղում։ Նախկինում քիչ մարդիկ են տիրապետել այս մասնագիտությանը, սակայն մեր օրերում տեխնիկայի լայն զարգացումը նպաստեց նաև այս մասնագիտության մեծ պահանջարկին և բազմաթիվ որակավորված լոգոպեդների գոյությանը։ Կան խոսքային այնպիսի խանգարումներ, որ ունենում են նաև մեծահասակները, օրինակ՝ աֆազիան շատ հաճախ առաջանում է ինսուլտից հետո։ Մասնագետները զբաղվում են ցանկացած տեսակի խոսքի շտկմամբ, փորձում են օգնել հաղթահարել այս կամ այն խնդիրը, որովհետև գոյություն ունեն խոսքի տարբեր տեսակի խնդիրներ։

– Ինչո՞վ էր պայմանավորված, որ հենց այս մասնագիտությունն ընտրեցիք։

– Դեռ մանկուց երազել եմ դառնալ բժիշկ, սիրել եմ բժշկությունը, որն ուսումնասիրել եմ նաև համալսարանում: Չէ՞ որ սա էլ խոսքի շտկում է, խոսքի բուժում է: Իհարկե, դպրոցում մենք ավելի շատ իրականացնում ենք խոսքի դաստիարակություն։ Մասնագիտական կողմնորոշմանս մեջ մեծ դեր է խաղացել նաև երեխաների հետ աշխատելս՝ հատկապես նախադպրոցական տարիքի։

Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա լոգոպեդը։


– Կարծում եմ` ցանկացած մասնագիտության մեջ կարևոր է համբերատարությունը, նվիրվածությունն այն աշխատանքին, որով զբաղվում ես։ Կարևոր եմ համարում նաև ինքնակրթության ձգտումը, որովհետև ժամանակներն այնպիսին են, որ շարժվում ենք առաջ, և նոր ու շատ ավելի հետաքրքիր մեթոդներ են մշակվում, որոնց պետք է անպայման տիրապետել։ Երեխաների հետ աշխատելիս շատ կարևոր են հոգատարությունն ու ջերմությունը, որոնք ստեղծում են փոխադարձ կապ մասնագետի և երեխաների միջև։

Եթե մեծահասակների հետ ավելի հեշտ է աշխատել խոսքի խանգարումները շտկելու ուղղությամբ, ապա ինչպե՞ս է դա ստացվում երեխաների մոտ։

– Անշու′շտ, երեխաների հետ աշխատանքն ավելի տևական է, քան մեծահասակների հետ։ Յուրօրինակ առանձնահատկություններ կան տարբեր տարիքային խմբերի երեխաների խոսքի շտկումներում։ Հնչարտաբերական շտկումն իրականացվում է հայելու առջև: Նույնիսկ եթե երեխաների մոտ մեկ անգամից չի ստացվում, միևնույն է, երկրորդ, երրորդ անգամ կատարելիս ունենում ենք դրական արդյունք։

– Գուցե դեռ կան ծնողներ, որ կաշկանդվում են դիմել լոգոպեդի՝ մտածելով, որ դա ամոթ է։ Ինչպե՞ս կառարկեք դրան:

-21-րդ դարում ծնողների բարձր գիտակցությունն ստիպում է նրանց ճիշտ ժամանակին հասկանալ երեխաների արտաբերական խնդիրները և անմիջապես դիմել մասնագետի։ Մասնագիտությունն արդիական է. այսօր ավելի շատ ծնողներ են դիմում՝ հասկանալով, որ երեխաներն ունեն թեկուզ մեկ տառի սխալ հնչարտաբերություն։ Այսօր ՀՀ գրեթե բոլոր նախադպրոցական հիմնարկներում, մանկապարտեզներում, դպրոցներում առկա է լոգոպեդի հաստիքը։ Սա շատ կարևոր քայլ է փոքր տարիքից անձի խոսքային խանգարումները հայտնաբերելու և շտկելու ուղղությամբ։ Վաղ տարիքից մասնագիտական միջամտությունը նպաստում է, որ անձն ավելի շուտ ձերբազատվի իր խնդրից։

Նորա Ղազարյան

2-րդ կուրս

Կիսվել