«ԱՄԲՈՂՋ ԳԻՇԵՐ ԵՐԵԽԱՆ ԲՂԱՎՈՒՄ ԷՐ, ԼՈՒՅՍԸ ՎԱՌԱԾ ՔՆՈՒՄ». ՄՈՒԼՏՖԻԼՄԸ՝ ԵՐԵԽԱՅԻ ԲԱՐԵԿԱ՞Մ, ԹԵ՞...

«ԱՄԲՈՂՋ ԳԻՇԵՐ ԵՐԵԽԱՆ ԲՂԱՎՈՒՄ ԷՐ, ԼՈՒՅՍԸ ՎԱՌԱԾ ՔՆՈՒՄ». ՄՈՒԼՏՖԻԼՄԸ՝ ԵՐԵԽԱՅԻ ԲԱՐԵԿԱ՞Մ, ԹԵ՞ ՎՆԱՍԱՏՈՒ

1804

Հոգեբանների դիտարկմամբ՝ ծնողների զբաղվածության և անուշադրության պատճառով երեխաների՝ մուլտֆիլմերից կախվածությունը տարեցտարի  աճում է: Երեխաներն օրվա մեծ մասն անցկացնում են էկրանների առջև, հետևաբար անխուսափելի է դառնում մուլտֆիլմերի ազդեցությունը երեխաների վրա: Մուլտֆիլմերի միջոցով է սկսում ձևավորվել երեխայի աշխարհայացքը և արժեհամակարգը:

Մանկական հոգեբան Լիլիթ Սայադյանի վստահեցմամբ՝ կարևոր է ծնողների վերահսկողությունը մուլտֆիլմ ընտրելու հարցում. «Բոլոր մուլտֆիլմերը դասակարգվում են «օգտակար» և «վնասակար» խմբերի: Դրական ազդեցություն կարող է ունենալ, եթե կա մեծահասակների հսկողություն մուլտֆիլմների ընտրության հարցում, և այն նպատակաուղղված է անձի ներդաշնակ ձևավորմանը»:

Մեր փոքրիկ հարցախույզին մասնակցած ծնողների մոտ 30 տոկոսը պնդում էր, որ երեխայի մոտ ոչ մի բացասական ազդեցություն չի նկատվել մուլտֆիլմերի պատճառով: Ծնող Հռիփսիմե Ղազարյանը պատմեց. «Աղջիկը երկուսուկես տարեկան է: Մուլտերի շնորհիվ անգլերեն և ռուսերեն բոլոր երգերն անգիր գիտի, դեռ ոչ մի բացասական բան չեմ նկատել»:

Թեև ծնողների մեծամասնությունը կարծում է, որ մուլֆիլմերը ուսուցողական են՝ հատկապես լեզուների տիրապետման առումով, սակայն հոգեբանն ու լոգոպետն այլ բան են խորհուրդ տալիս. «Մինչև 3 տարեկանը երեխայի խոսքի զարգացման ակտիվ շրջանն է: Ցանկալի է՝ երեխան լսի միայն մեկ լեզու, խոսքի ճիշտ և նորմալ զարգացման ընթացքի համար։ Երեխան նախադպրոցական տարիքում շատ լեզուներով չպետք է ծանրաբեռնվի»:

Ծնողների մի մասն էլ մուլտֆիլմերի հետ կապեց երեխայի խոսքի ուշացումը: Ծնող Լիլիթ Զաքարյանն այս առիթով ասաց. «Իմ տղայի մոտ մուլտերը խոսքի զարգացումն ուշացրին, որովհետև տարբեր լեզուներով մուլտեր էր դիտում:

Մտահոգությունը փոխանցեցինք լոգոպետ Աննա Փայտյանին: Նա ասաց. «Միանշանակ ասել, որ երեխայի խոսքը չի զարգանում մուլտֆիլմերից, ճիշտ չէ: Հնարավոր է՝ լինի նաև այլ խնդիր: Կարող է մի երեխայի վրա չազդել, իսկ մյուսի մոտ հանգեցնել անգամ աուտիզմի սիմպտոմատիկայի: Մուլտֆիլմերը կարող են ազդել խոսքի զարգացմանը: Երբ երեխան ամբողջ օրը միայն մուլտֆիլմ է նայում, կտրվում է արտաքին աշխարհից, կորցնում ուշադրությունը արտաքին ձայների նկատմամբ և կլանվում է մուլտֆիմի գույների մեջ: Նման խնդրից խուսափելու համար երեխան պետք է մուլտֆիլմ դիտի այն լեզվով, որը ընկալում է՝ մեր դեպքում հայերեն: Պետք է ծնողը երեխային բացատրի ու մեկնաբանի մուլտֆիլմը․ այսպիսով հակառակը կլինի, և երեխայի մոտ բառապաշար կձևավորվի»: Այնուհետև հավելեց. «Եթե երեխայի մոտ նկատվում է խոսքի զարգացման խնդիր մուլտֆիլմերի պատճառով, պետք է բացառել դրանց դիտումը և խաղալ բառապաշարը զարգացնող խաղեր»:

Ծնողնեը պատմեցին նաև դեպքեր, երբ մուլտֆիլմի ազդեցությունը երեխայի վրա բացասական հետևանքներ է ունեցել: Երկու տարեկան յոթ ամսական Հայկի մայրը պատմեց . «Չէի նկատել, որ ավտոմատ մուլտերի շարքով միացել էր հելոուինի մասին տեսանյութ՝ կմախքներով, ուրվականներով, գերեզմանների տեսարաններով։ Հետո հենց անջատվել էր մուլտը, ինձ անընդհատ հասկացնում էր, որ միացնեի։ Գիշերն արթնացավ ու ասաց, որ վախենում է մուլտիկի միջի վախենալու բաներից։ Մի քանի օր էդպես եղավ, նույն կերպ արթնանում էր։ Մի որոշ ժամանակ առհասարակ չէի միացնում մուլտեր, ինքն էլ մոռացավ դա»:

2-ամյա Արամի մայրը մեզ հետ զրույցում նշեց, որ իր որդին արտասահմանյան մուլտեր նայելուց հետո վախենում էր մութ սենյակում մնալ, ճչում էր, ամբողջ օրը հիստերիաներ էր ունենում և մանրամասնեց. «Քուն չունեինք՝ ամբողջ գիշեր բղավում էր, լույսը վառած էր քնում: Արգելեցինք հեռախոսը, հաճախ էինք տանում զբոսանքի: Նկարելուց խզբզում էր, բայց ասում էր, թե շունիկ է նկարել:  Հիմա էլ ասում է, մամա′, ձայն է գալիս, հաֆո է: Զգում եմ, որ դեռ ինչ-որ բանից վախ կա»:

Մանկական հոգեբան Լիլիթ Սայադյանն ասում է, որ սարսափ առաջացնող մուլտֆիլմերը կարող են վնասել երեխայի ֆիզիկական առողջությունը. «Վախ և սարսափ առաջացնող մուլտֆիլմերը բացասաբար են անդրադառնում նաև ֆիզիկական առողջության վրա՝ նպաստելով նևրոզի, կակազության, գիշերամիզության, տեսողության թուլացման, գլխացավերի և մի շարք այլ հոգեսոմատիկ հիվանդությունների»:

Մեկ այլ հոգեբան Գայանե Գևորգյանն էլ ներկայացրեց մի շարք  ուսումնասիրությունների արդունքներ. «Տեսաֆիլմերի հաջորդականության փոփոխության արագությամբ մուլտֆիլմերը՝ ուժեղ դինամիկայով, առաջացնում են երեխաների հիպերակտիվություն, որոշ դեպքերում՝ նույնիսկ ագրեսիա իրենց հասակակիցների նկատմամբ, ուսուցիչին անհնազանդություն: Վառ (օգտագործելով հակապատկեր, աչք գրավող, «թթվային», անբնական գույներ) մուլտֆիլմերը հետագայում ուժեղ զգացողություններ են առաջացնում երեխաների մոտ: Ժամանակակից հանրաճանաչ մուլտֆիլմերը դիտելուց հետո արված գծագրերի վերլուծությունը ցույց է տալիս նյարդային համակարգի որոշակի լարվածություն կամ հոգնածություն, արտաքին ազդեցություններից պաշտպանվելու անհրաժեշտություն»:

Վարդուհի Հովհաննիսյան

2-րդ կուրս

Կիսվել