Սթրեսն ինձ խեղդում է…
Ուժերս սպառվում են…
Սթրե՞ս, ես անգամ չգիտեմ՝ ինչ է դա..
Ինչու՞ գտնվելով նույն պայմաններում՝ որոշ մարդիկ հուսահատության մեջ են, իսկ որոշները՝ ոչ: Սթրեսի հաղթահարման խնդիրը, դեռևս համարվում է հիմնականներից մեկը:
Սթրեսն ավելորդ լարում է, ապրումներ, հույզեր: Բայց իրականությունն այն է, որ մեր կյանքն առանց սթրեսային իրավիճակների, առանց դրանց հաղթահարման՝ անհետաքրքիր կլիներ: «Սթրես» բառը գործածվում է բացասական իմաստով, սակայն միշտ չէ, որ այն վնասակար է: Հոգեբանների ամերիկյան ասոցիացիան համարում է, որ սթրեսի ազդեցությունը մարդու վրա կարելի է համեմատել ջութակի լարերը լարելու հետ, եթե լարը շատ քիչ է ձգված, ապա այն խուլ ու տհաճ ձայն կարձակի, իսկ եթե լարը չափից շատ է ձգված, ապա սուր ձայն կարձակի, կամ լարը կկտրվի։ Նույնը՝ մեր կյանքում, եթե սթրեսը շատ քիչ է կամ ընդհանրապես բացակայում է, ապա մեր կյանքը համ ու հոտ չի ունենա, սակայն մյուս կողմից, չափից շատ սթրեսը կարող է նույնիսկ մահվան պատճառ լինել։
Հոգեբան Նելի Հարոյանի խոսքով` սթրեսը կյանքի անբաժանելի մասն է, և շատ հաճախ մենք գրեթե բոլոր բասացական հոգեկան վիճակներն անվանում ենք սթրես, բայց այդտեղ տեղի են ունենում տարբեր երևույթներ. «Հոգեֆիզիոլոգ Սելյեյի խոսքով, եթե դուք սթրեսի մեջ չեք, չափեք Ձեր զարկերակը. դուք ո՞ղջ եք, թե՞ չէ: Սա նշանակում, որ եթե մարդն ապրում է՝ պարբերաբար սթրեսային իրավիճակների մեջ է հայտնվում: Այսինքն ստեղծվում են արտաքին կամ ներքին այնպիսի իրավիճակներ, որոնք խանգարում են ներքին բալանսը, և մարդն ունենում է տարաբնույթ հույզեր: Մարդն ուղակի հիասթափվում է, երբ իր ցանկությունները չեն իրականանում։ Գոյություն ունեն նաև տագնապային վիճակներ, դեպրեսիաներ, տրամադրության անկումներ. Սրանք տարբեր բաներ են, որ մենք, որպես կանոն, ասում ենք, թե սթրեսի մեջ ենք»,-նշեց հոգեբանը:
Պետք է հաշվի առնել, որ մարդիկ ունեն տարբեր խառնվածք և առողջական վիճակ։ Օրինակ՝ այն, ինչը սթրեսային վիճակի մեջ է գցում մեկին, մյուսի վրա գուցե այդպիսի ազդեցություն չունենա։ Դիմանալու համար որոշ մարդիկ սկսում են օգտագործել ալկոհոլ, թմրանյութեր կամ ծխախոտ։ Ոմանք էլ սկսում են սխալ սնվել, աննպատակ նստել հեռուստացույցի կամ համակարգչի առջև։ Սակայն այդպես նրանք ոչ թե լուծում են խնդիրը, այլ ընդհակառակը՝ ավելի են ծանրացնում։ 39-ամյա տիկին Մարինեն մեզ հետ զրույցում պատմեց, որ իր կյանքում եղել է մի պահ, երբ նրան պարբերաբար վատ մտքերն ու զգացողություններն են պատել, և ինքն էլ սկսել է ժամանկի մեծ մասն անիմաստ վատնել. «Եկավ մի շրջան, երբ ինքս ինձ չէի ճանաչում: Շուրջբոլորս միայն բացասական էներգիա ու մռայլ մտքեր էին, կյանքս, ասես, հակառակ ընթացք էր ստացել ու չէր ենթարկվում ինձ: Մտքերս իրար էին խառնվել, ու չէի կարողանում կառավարել: Սկսում էի ինչ-որ բաներ հետաձգել։ Իսկ հետո մտածում, որ այն դեռ չեմ արել։ Հետո էլ շտապելով էի անում, և դա ինձ սթրեսի մեջ էր գցում»,-ասաց տիկին Մարինեն:
Տիկին Մարինեն բացառություն չէ։ Աշխարհում ամեն 5 աշխատողից մեկն ասել է, թե իր աշխատանքային գործունեության ընթացքում սթրեսի հետևանքով առողջական խնդիրներ է ունեցել, իսկ ամեն 4 աշխատողից մեկը ծանր ճնշումների պատճառով լաց է եղել հենց աշխատավայրում։
Մեզանից յուրաքանչյուրը հաճախ է հայտնվում նման իրավիճակներում և չգիտի` ինչպես հաղթահարել այն: Հոգեբանի խոսքով կան տարբեր ներքին կարողությունների տեր մարդիկ: Մի մասը ինքնուրույն կարողանում է հաղթահարել իր ապրումները, իսկ որոշները միայն մասնագետին դիմելուց հետո են կարողանում դուրս գալ սթրեսից. «Մեկի մոտ ստացվում է, քանի որ իր հոգեկան կերտվածքն այնպիսին է, որ ավելի դիմացկուն է հոգեկան առումով, իսկ մյուսի մոտ ավելի քիչ է: Պետք է հասկանալ, որտե՞ղ են մարդու սեփական ռեսուրսները սպառվում, որ ինքն ինքնուրույն չի կարողանում հաղթահարել, և ե՞րբ պետք է դիմել մասնագետին»,-ասաց հոգեբանը:
Խորհուրդ չի տրվում սթրեսից ազատվելու կամ հաղթահարելու այլընտրանքային ճանապարհներ փնտրել: Փոխարենն առաջարկվում է՝ զբաղվել սպորտով, և, առհասարակ, ֆիզիկական որևէ ակտիվություն ունենալ: Հոգեբանի խոսքով պետք է հասկանալ և դասել սթրեսները տարբեր գործոնների՝ արտաքին և ներքին: Առանձնացվում է 3 հիմնական կետ, և յուրաքանչյուրն ինքն արդեն պետք է ընտրի, թե սթրեսի ժամանակ որ մոտեցումն է իրեն ավելի հոգեհարազատ․
1․ Հնարավորության դեպքում փոխե′ք իրավիճակը, այսինքն կատարեք կոնկրետ գործողություններ, որպեսզի իրավիճակը փոխեք:
2․ Եթե չեք կարողանում փոխել իրավիճակը, ապա պետք է աշխատել դիրքորոշման, վերաբերմունքի փոփոխության վրա:
3․Խուսափե′ք այն իրավիճակներից, որոնց հաղթահարմանն այս պահին պատրաստ չեք։
Ամեն մարդ պետք է հասկանա, թե իր մոտ որն է ավելի գերիշխողը՝ արտաքին գործոնները ( սկսած եղանակից, վերջացրած քաղաքական իրավիճակից) թե ՝ ներքինը (դրանք մեր ներքին վախերն են ապագայի կամ անցյալի հետ կապված):
Տիկին Մարինեն ասաց, որ նա ևս նման մտավախություններ է ունեցել ապագայի հետ կապված. ի՞նչ կլինի, եթե նա շարունակի նույն կերպ, ավելի շատ կվնասի իրեն, թե՞ երեխաներին ու ամուսնուն. «Ինձ անօգտակար ու ավելորդ էի զգում, աշխատանք չէի կարողանում գտնել, ու ամեն բան կապում էի դրա հետ: Ամեն կերպ փորձում էի կառավարել մտքերս, բայց չէր ստացվում: Այդ շրջանում ինձ մոտ ամեն բան գրեթե անհնար էր թվում,անգամ տնային գործերս մեծ դժվարությամբ էի անում: Սթրես ասվածն ինձանից ուժեղ էր»,-նշեց տիկին Մարինեն:
Տիկին Մարինեի դուսրը՝ Աննան, ասաց, որ իր մայրիկի մոտ այդ շրջանն, իսկապես, ծանր էր, չէին հասկանում, թե ինչ է կատարվում: Նա շատ լարված էր. տան մթնոլորտն էլ անհասկանալի էր. «Չէինք կարողանում առաջվա պես կիսվել, զրուցել միմյանց հետ, դարձել էր ինքնամփոփ: Ու այդ ամենն ազդում էր մեր վրա: Լարված գնում էինք դասի, գալիս տուն, ու ամեն մեկս մեր սենյակում էինք փակվում»,-պատմեց Աննան:
Սթրեսը նորմալ ռեակցիա է ոչ նորմալ կյանքի նկատմամբ: Այն օրգանիզմի արձագանքն է ցանկացած փոփոխության` ուրախության, տխրության, ողբերգության և այլ երևույթների նկատմամբ: Մարդու համար ավելի մեծ նշանակություն ունի ոչ թե կենսաբանական, ֆիզիոլոգիական, այլ հոգեբանական հարմարվողականությունը: Եթե մարդը հոգեպես չի կարողանում հարմարվել, այսինքն ներքին հավասարակշռությունը չի կարգավորվում, այն ազդում է օրգանիզմի տարբեր համակարգերի վրա:
Մարինեի դուստրը պատմեց, որ նրանք ուժ են հավաքել և զրուցել մայրիկի հետ, քանի որ հասկանում էին, որ այդպես այլևս չի կարող շարունակվել. «Իրականում շատ ծանր զրույց էր, կամ պետք է իրարից հեռվանայինք ու կորցնեինք մայր-աղջիկ հարաբերությունները, կամ դառնայինք ավելի հարազատ: Բայց ամեն բան լավ ընթացավ: Հիմա ապրում ենք առողջ ընտանիքում»,-ավելացրեց նա:
Տիկին Մարինեն երկար մտածելուց հետո, կարողանալով հաղթել ինքն իրեն ու իր մտավախությունները, հեշտությամբ դուրս է եկել սթրեսից ու վերադարձել բնականոն կյանքին. «Ընտանիքիս հետ զրուցելուց հետո հասկացա, որ անիմաստ ժամանակ եմ վատնել, եսասեր կյանքով եմ ապրել։ Ես ընտրեցի մի աշխատանք, որն ինձ հնարավորություն էր տալիս ավելի շատ ժամանակ անցկացնելու ընտանիքիս հետ։ Այսօր ավելի պարզ կյանքով եմ ապրում, անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս: Այլևս մշտական սթրեսի մեջ չեմ և ավելի շատ ժամանակ ունեմ ընտանիքիս ու ընկերներիս հետ շփվելու համար։ Այն ներքին խաղաղությունը, որ ունեմ հիմա, ոչ մի շահավետ աշխատանքի հետ չեմ փոխի»,-ավելացրեց նա:
Հոգեբանի խոսքով՝ միևնույն երևույթը կարող է միաժամանակ մի քանի հոգու կյանքում տեղի ունենալ, բայց բոլորի ընկալումը նույնը լինել չի կարող: Այսինքն, խնդիրը ներքին ընկալման մեջ է, իսկ ընկալումը ստեղծվում է մեր դիրքորոշումներից, աշխարհայացքնե րից. «Ամենակարևոր կետերից մեկը մարդու աշխարհաընկալման փոփոխությունն է, այսինքն այնպիսի ներքին փոփոխություն, ինչը կօգնի սթրեսային գործոններին չնայել այդքան բարդացված: Եթե չվարենք առողջ ապրելակերպ (դրա մեջ մտնում է նաև առողջ սննդակարգը), չունենանք ֆիզիկական ակտիվություն, ապա մենք կունենանք թույլ դիմադրողականություն՝ սթրեսը հաղթահարելու համար»,-հավելեց մասնագետը:
Մարդը կարող է ապրել դրական և բացասական սթրես: Օրինակ, երբ օրգանիզմը, ինչ-որ ազդեցությունների պատասխանելով, հյուծվում է, մարդու մոտ նկատվում է էներգետիկ սպառում, և նա տհաճ ապրումներ է ունենում. դա բացասական սթրեսն է: Եթե ինչ-որ լարվածությունից հոգեկան հաճույք ես ստանում, և օրգանիզմը դրանից լիցքեր է հավաքում, ապա ապրում ես դրական սթրես: Պետք չէ «չար աչքով» նայել սթրեսին, ընդամենը պետք է անցնել այդ ամենի միջով և երբեք «կուլ» չգնալ նրա կապանքներին, հակառակ դեպքում՝ այն կարող է անգամ կործանարար լինել:
Էլիզա Գրիգորյան
2-րդ կուրս