ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ՝ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ՝ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ

1294

Հայաստանում բրենդային համարվող խանութների մեծ մասը հագուստի վերադարձ չի կատարում, լավագույն դեպքում՝ փոխարինում է մեկ այլ ապրանքով: Դա էլ կատարվում է որոշակի փուլեր անցնելով՝ վաճառողների և  խանութպանների արհամարհանքը և  անտարբերությունը վայելելուց հետո: Նույնիսկ կան այնպիսի խանութներ, որոնց ցուցափեղկերին փակցված է «Գնված ապրանքը ետ չի ընդունվում» գրությունը:

Աբովյան փողոցում գտնվող խանութներից մեկում աշխատակիցներից մեկը, անտեսելով այն փաստը, որ հաճախորդին սպասարկելն իր պարտականությունն է, անգամ բողոք ներկայացրեց՝ ասելով. «Էս մարդիկ մտածում են՝ մենք պարապ ենք ու սպասում ենք, թե երբ են բերելու շոր հետ տան»:

Իսկ «LC Waikiki» խանութում հաճախորդներից մեկը դժգոհեց, որ մեկ շապիկ փոխանակելու համար 35-40 րոպե սպասել է: «Bossini» եւ «Mexx» խանութներից տեղեկացրին, որ վերադարձը գործում է բոլոր ապրանքների դեպքում: Նաև կային խանութներ, որոնց աշխատակիցներն ասացին, որ հագուստի վերադարձի հետ կապված հարցերով զբաղվում է խանութի տնօրենը, իսկ նրա հետ հանդիպել հաճախորդները հիմնականում չեն ցանկանում:

ՀՀ-ում սպասարկման ոլորտում առկա խնդիրները կարգավորվում են «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքով: 23-րդ հոդվածի համաձայն՝ սպառողն իրավունք ունի 14 օրվա ընթացքում վերադարձնել կամ փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը՝ այլ ձևի, չափի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով:

Այս հարցի մասին  պարզաբանումներ ստացանք «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանից: Նա մանրամասնեց. «Երկու տարվա կռիվներից հետո կարողացանք հասնել նրան, որ սպառողների իրավունքների մասին օրենքում ձևակերպումը տրվում է հստակ՝ առանց որևէ մեկնաբանության, ոչ պարենային ապրանքը 14 օրվա ընթացքում վերադարձի ենթակա է, եթե չի օգտագործվել և  պահպանված է սկզբնական տեսքը»:

Մինչդեռ ՀՀ կառավարության որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, եւ կրճատվել է այն ապրանքների ցանկը, որոնք վերադարձի ենթակա չեն: «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը հստակեցրեց, որ ելնելով հիգիենիկ նկատառումներից՝ փոխանակման կամ վերադարձի ենթակա չեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված հետեւյալ ապրանքները՝ կոսմետիկ միջոցներ (բացառությամբ օծանելիքի), հիգիենիկ միջոցներ, տեխնիկական սարքեր, դեղորայք, մետրով վաճառվող և  պատվերով ապրանքներ, թանկարժեք նյութերից պատրաստված զարդեր, բիժուտերիա: Այնուամենայնիվ, այս փոփոխություններից հետո խանութներում վաճառողների տեղեկացվածության աստիճանը չի բարձրացել:

Վերջերս «Parfois» խանութի հաճախորդներից մեկը գնված ապրանքը ցանկացել էր վերադարձնել: Սակայն մոտենալով վաճառակետ՝ տեղեկացել էր, որ խանութում բիժուտերիան հետ չեն ընդունում: Դեպքից օրեր անց այցելելով այդ խանութ՝ հասկացանք, որ աշխատակիցները օրենքից տեղյակ չեն եւ միայն գիտեն, որ ապրանքը հետ վերցնել չեն կարող: Հարցին՝ այդ ոլորտում աշխատելով՝ ինչո՞ւ տեղյակ չեն օրենքից, որը վերաբերում է վերադարձին, պատասխանեցին, որ խանութում կա ցուցանակ, որտեղ նշված են վերադարձի պայմանները: Փաստորեն, աշխատակիցները միայն գիտեին, որ հետ չեն ընդունում, բայց թե ինչ հիմնավորմամբ՝ չգիտեին:


Թինա Մելիքսեթյան
4-րդ կուրս

Կիսվել