«ՔԵԶ ՍԻՐԵԼՈՎ՝ ՏԱՆՆ ԵՄ ՄՆՈՒՄ»

«ՔԵԶ ՍԻՐԵԼՈՎ՝ ՏԱՆՆ ԵՄ ՄՆՈՒՄ»

1067

Կարանտինային սիրո երեք պատմություն։

Աննան ու Նարեկը

«Բանակ հաղթահարած զույգի համար կարանտինը խաղ ու պար է». միմյանցից անկախ նույն արտահայտությունն են անում Աննան ու Մերին՝ իրենք իրենց սփոփող տոնով:

Աննան հպարտորեն հայտարարում է՝ ինքն արդեն 26 օր է՝ տանից դուրս չի եկել, մի կողմից սոցիալական պատասխանատվությունն է զսպում, բայց մյուս կողմից էլ, ախր, Նարեկն է՝ սիրելին, այս օրերի իր կարոտը:

«Ամեն օր խոսում ենք, երկար, ժամերով խոսում ենք, բայց եթե հնարավորություն չկա մի անգամ գոնե գրկելու, ո՞նց կլինի․ պիտի գրկես, չէ՞, որ կարոտն անցնի»,- ասում է Աննան:

Զույգի համար Արմավիր-Երևան ճանապարհն երբևէ այսքան երկար չի եղել․ եթե առաջ կիլոմետրերը միայն չափման միավոր էին, հիմա դրանք թվում են անհաղթահարելի պատնեշներ:

«Նարեկի հայրը Երևանում է աշխատում, ու տեսականորեն հնարավոր է իր հետ գնալ Արմավիր, բայց ինչպե՞ս մի սիրելիին տեսնելու համար վտանգեմ մյուսին: Ես ինձ համար չեմ վախենում, այլ՝ հորս. սրտի խնդիրներ ունի ու սովորական գրիպն անգամ անհետևանք չի անցնում»,- բացատրում է 21-ամյա Աննան:

Նարեկ-Աննա զույգը արդեն 5 տարեկան է, ու չնայած, իրենց խոսքով, ամեն րոպե գրելու, զանգելու փուլն անցել է, բայց հո տեսնելունն անժամկե՞տ է: Մնում է միայն համբերել, բայց, թե է՞լ ինչքան՝ հայտնի չէ:

Մերին ու Գրիգը

«Շաբաթը մեկ կամ երկու անգամ գալիս է, մի քանի ժամով տեսնվում ենք, գալը խնդիր չէ, Էջմիածնի գրանցում ունի, բայց հետ գնալու համար զարտուղի ճանապարհ գիտի, դրանով է գնում, թե չէ չեն թողնի, եթե հիմնավոր պատճառ չունես»,- հանցագործություն մասին հաղորդում տալու նման ասում է Մերին՝ նկատի ունենալով Երևանում բնակվող ընկերոջը՝ Գրիգին:

7 տարի ընկերություն անող զույգի համար սա միմյանց չհանդիպելու ամենամեծ ժամանակահատվածն է՝ չհաշված բանակային 2 տարին:

«Ինչ կարանտինը սկսվել է, Գրիգը շատ է փոխվել, ես իրեն էսքան էմոցիոնալ չգիտեի. զանգում է, գրում է անընդհատ․ ինչ խոսք, հաճելի է: Իսկ հանդիպելիս հիմնականում մեր տանն ենք լինում, ես նախապես ինչ-որ բան եմ պատրաստում իր գալուց առաջ, ու իրեն էլ թվում է, որ ես ամեն օր բան եմ պատրաստում»,- ծիծաղում է Մերին:

Շփվելու համար զույգը նախընտրում է Viber ու Telegram՝ էդպես հարմար է, բայց խոսքը ամենևին էլ 24-ժամյա շփման մասին չէ, յուրաքանչյուրն իր համար առանձին ժամանակ ունի: Մերին նկարիչ է, քաղաքային տեսարաններից ֆոտոներ ունի արած, հիմա էլ դրանց նմանությամբ կտավին ձևեր է փոխանցում:

«Մտածում էինք վեր կենալ, գնալ Սաղմոսավանք, մարդ չէր լինի, ես էտյուդներ կանեի, բնության հետ կշփվեինք, բայց չգնացինք․ պատկերացրեք, եթե բոլորը մեզ պես մտածեն ու գնան, ինչ կլինի»,- ասում է նա:

Հիմա նրանք բավարարվում են միասին ֆիլմեր դիտելով, հետո քննարկելով ու մեկ-մեկ էլ մարզանք անելով. «Մի երկու օր որոշեցինք մարզվել միասին, բայց էնքան էինք ծիծաղում ընթացքում, որ տատիկը խնդրեց հրաժարվել էդ մտքից»,- ասում է Մերին: Կարանտինի ավարտից հետո նրանք շատ պլաններ ունեն, բայց առաջին հերթին գնալու են ձիարշավարան. դա դեռ ապրիլի 7-ի համար էր պլանավորված:

Լիանան և Հարությունը

«Երբ ողջ օրը լարված աշխատում ես, ժամանակ չի լինում ուրիշ բանի վրա կենտրոնանալ, բայց հենց ավարտում եմ, կամ ազատ ժամանակ է լինում, միանգամից հեռախոսը վերցնում եմ, զանգում Լիանին ու թեկուզ երկու բառ, բայց խոսում ենք»,- ասում է Հարությունը․ նա ինժեներ է, ու տանից աշխատելիս գործն ավելի շատ է լինում:

Նրա սիրելին Լիանան է՝ լրագրող, ում հետ հանդիպումներն էականորեն կրճատվել են:

«Գործի բերումով այն օրերին էլ ամեն օր հանդիպել չէր ստացվում, իսկ հիմա տեսնում ենք իրար միայն կիրակի օրերին: Եթե առաջ դրսում էինք զբոսնում, սրճարան գնում, հիմա ժամանցը միայն ընտանեկան է: Հարութենք մեծ բակ ունեն, սիրուն շունիկ, ուստի շաբաթվա մեջ մի օր չարություն ենք անում ու հանդիպում»,- պատմում է Լիանան:

Բայց միայն կիրակի օրերին հանդիպելով՝ շատ բան չի փոխվում: Շաբաթվա մյուս օրերին գործին են խառնվում բազմատեսակ մեսենջերները ու կապի միջոցները, հիմնականում նախընտրում են WhatsApp-ը.

«Օրվա ընթացքում գրում ենք, զանգում, բայց քնելուց առաջ տեսազանգը պարտադիր է, իրար տեսնում ենք, նոր հանգիստ քնում, ու էդպես ամեն օր»,- ավարտում է Լիանան:

Ռիմա Գրիգորյան

 3-րդ կուրս

Կիսվել