ՄԱՀ ԻՄԱՑՅԱԼ ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՄԱՀ ԻՄԱՑՅԱԼ ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1013

Մեր զրուցակիցը, ով դեռահասության շրջանում ինքնասպանության փորձ էր արել, պատմեց, որ 2 անգամ փորձել է ինքնասպանություն գործել, սակայն ոչ մի անգամ չի կարողացել ինքն իրեն վնասել, քանի որ վախեցել էր։  «Մի ֆիլմում էի տեսել ինքնասպանության ձևը, ռոմանտիկ մահ էի ուզում, այնպիսին, ինչպիսին տեսել էի այդ ֆիլմում։ Պատկերացնում էի, թե ինչպես են հարազատներս լաց լինելու, տանջվելու, որ չկամ։ Մտածում էի, որ միշտ տխուր կլինեն ու ինձ կհիշեն»,– նշեց «Journalist.am»-ի զրուցակիցը, ում անունը, իր խնդրանքով, չենք հրապարակում։


Նրա խոսքով՝ 2-րդ փորձն իր համար կարող էր ճակատագրական լինել, սակայն ինքը փրկվեց և միայն դրանից հետո հասկացավ, որ չէր ուզում մեռնել․ «Այսօր, երբ մտածում եմ, որ փորձս հանկարծ կարող էր հաջողությամբ պսակվել, սարսափում եմ»։


Ըստ վիճակագրական տվյալների՝ 2018 թվականին Հայաստանում գրանցվել է 337 ինքնասպանության փորձ( 132-իգ., 205-ար.), որոնցից 96-ը՝ մահվան ելքով։ 2019 թվականին գրանցվել է 353 ինքնասպանության փորձ( 114-իգ., 239-ար.), որոնցից 86-ը՝ մահվան ելքով։

Հոգեբան Հովհաննես Մանուկյանը «Journalist.am»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց,  որ ինքնասպանությունները կանխարգելել հնարավոր չէ, որովհետև ցանկացած դեպրեսիվ անձ ինքնասպան լինելու նախահակվածություն ունի, և եթե անձը նախահակվածություն չունենա, ոչ մի արտաքին գործոն նրան ինքնասպանության հասցնել չի կարող։

Հոգեբանը նշեց, որ ինքնասպանություն գործող մարդու հարազատները ոչինչ չեն կարող անել, բացի հոգեբանին դիմելուց։ Եվ այստեղ կարևորն այն է, որ հենց իրենք դիմեն հոգեբանին, այլ ոչ թե իրենց ինքնասպանության մտադրություն ունեցող հարազատին տանեն հոգեբանի մոտ։

Իսկ ինքնասպանության մտադրություն ունեցող անձին տարբերակելու համար հոգեբանը մի քանի խորհուրդ տվեց։ «Մարդկանց, ովքեր պատրաստվում են ինքնասպանություն գործել, կարող ենք տարբերակել երկու եղանակով. խորը դեպրեսիան` անձը ամիսներ և տարիներ շարունակ ծայրահեղ ինքնամեկուսացված է կամ ծայրահեղ ուրախ կյանքով է պարում։ Իսկ երբ երկարատև դեպրեսիվ վիճակներից հետո հանկարծ անձը միանգամից, այսպես ասած, կարգավորվում է, դառնում է ուրախ, սկսում է ապրել նորմալ կյանքով, ապա պետք չէ ուրախանալ, քանի որ շատ հավանական է, որ նա արդեն ինքնասպան լինելու որոշում է կայացրել և հաջորդ փուլը ինքնասպանությունն է կամ դրա փորձը»։

Մեր այն հարցին, թե արդյո՞ք հարկավոր է աշխատանքներ տանել դպրոցական երեխաների հետ, հոգեբանը պատասխանեց. «Կարծում եմ՝ դպրոցում ուսուցիչների հետ պետք է աշխատանքներ տարվեն։ Ցանկացած մանկավարժ մինչև ուսուցչի աշխատանքին անցնելը, պետք է իր անձնական հոգեթերապիան անցնի կամ զբաղվի սեփական ես-ի ինքնավերլուծությամբ»։

«Անտիսուիցիդ» սուիցիդների վերլուծության և կանխարգելման Հայկական կենտրոնի ղեկավար, հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ-ի անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ Լիլիթ Բաղդասարյանը կենտրոնը ստեղծել է 2015 թվականին: Նա «Journalist.am»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց գլխավոր նպատակն է վերլուծել Հայաստանում սուիցիդների վիճակագրությունը և պատճառեները, նպաստել դրանց քանակի նվազեցմանն ու կանխարգելմանը:

«Դա հավաքական կառույց է, որը միավորում է սուիցիդի փորձերի նվազեցմանն ուղղված տարբեր կառույցների, հոգեկան առողջության մասնագետների և հարակից ոլորտիների ներկայացուցիչների համակցված գործողությունները: Բացի բուն սուիցիդի իրականացման կանխարգելմանն ուղղված միջոցառումները (ուղղակի զրույց սուիցիդի մտքեր հայտնող այցելուի հետ, սուիցիդի հակվածության սկրինինգ), սուցիդի դեմ պայքարի հայկական կենտրոնի աշխատանքներն ուղղված են դեպրեսիայի հայտնաբերմանն ու բուժմանը, հաղթահարման ստրատեգիաների հզորացմանը, նպաստումը սուիցիդի սոցիալհոգեբանական պատճառների հայտնաբերմանը և լուծմանը»,–ասաց տիկին Բաղդասարյանը։

Կենտրոնի ղեկավարը պատմեց, որ իրենք բազմաթիվ վերապատրաստումներ են անցկացրել հոգեկան առողջության մասնագետների և թիրախային խմբերի հետ աշխատող մասնագետների հետ, ինչպես նաև կենտրոնում նախապատրաստվել և իրականացվել են դասընթացներ ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար՝ սուիցիդի կանխարգելման խնդրի և սուիցիդի դեպքերի արդյունավետ լուսաբանման նպատակով:

«Սուիցիդների խնդրով դիմողները դեռ շատ չեն, քանի որ բացակայում են ծրագրերը, որոնք հնարավորություն կապահովեն անվճար հոգեբանական ծառայություն մատուցել ինքնասպանության փորձ կատարած անձին և նրա ընտանիքի անդամներին»,–նշեց կենտրոնի ղեկավարը:

Նա ասաց, որ իրենք ուսումնասիրել են հատկապես սուիցիդների կանխարգելման առաջատար Նորվեգիայի ծրագրերը, որի գրեթե բոլոր ծրագրերը հիմնվում են սուիցիդների դեպքերի մասնագիտական վերլուծության, պատճառների վերհանման և մեկնաբանման հիման վրա։

«Կարևոր է նաև մշակութային առանձնահատկությունների ուսումնասիրումը՝ որպես սուիցիդի կանխարգելման կարևորագույն գործոն: Մոբայլ թիմերի մոդելը( մի քանի մասնագետներից բաղկացած խումբ, որի մեջ են մտնում հոգեբանը, սոցիալական աշխատողը և այլ մասնագետներ, ովքեր պատրաստ են ահազանգին արձագանքել և գալ օգնության՝ տնայց կատարելով) համարում ենք ամենաարդյունավետ ձևերից մեկը՝ մարդուն հենց տանը անհրաժեշտ առաջին օգնության ցուցաբերման մեջ: Այս ծրագրի ներդրումը Հայաստանում կնպաստի հոգեկան առողջության խնդիրների, այդ թվում նաև սուիցիդների կանխարգելմանը»,– ասաց Բաղդասարյանը:

Անի Մարտիրոսյան

2-րդ կուրս

Կիսվել