Հարցազրույց լուսանկարիչ Միլենա Մանուկյանի հետ
– Լուսանկարչությունը Ձեր մասնագիտությո՞ւնն եք համարում: Որևէ այլ ոլորտում Ձեզ փորձե՞լ եք:
-Դպրոցն ավարտելուց հետո ես մտադրություն չունեի որևէ բուհ ընդունվելու, քանի որ հստակ որոշել էի, որ պետք է մասնագիտանամ լուսանկարչության մեջ, և ինձ որևէ այլ մասնագիտության մեջ չէի պատկերացնում: Մտածում էի՝ եթե ընտրեմ ուրիշ մասնագիտություն, չեմ կարողանա լիարժեք հմտանալ այս ոլորտում: Երբևէ չեմ փոշմանել կայացրած որոշմանս համար:
–Միլե՛նա, ինչի՞ կամ ո՞ւմ շնորհիվ է առաջացել սերը դեպի լուսանկարչություն։ Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել լուսանկարչությամբ:
-Սկզբում նկարում էի սովորական սմարթֆոնով, հետո՝ սկսում մշակել նկարները։ Ինձ ուղղակի դուր էր գալիս այդ ամենը։ Բոլորին թվում էր, թե նկարներն արված են պրոֆեսիոնալ լուսանկարչական ապարատով, բայց դեռ մտքովս չէր անցնում, որ մի օր կորոշեմ ունենալ պրոֆեսիոնալ տեխնիկա ու կսկսեմ այդ գործով զբաղվել:
-Երբ սկսում էիք որպես լուսանկարիչ, կայի՞ն մասնագետներ, որոնցից սովորում էիք:
-Ես սովորել եմ ինքնուրույն, հետո գնացել եմ դասընթացների, բայց դա ինձ չի գոհացրել․ կարելի է ասել՝ նոր բան չեմ սովորել դասընթացից։ Կային մասնագետներ, որոնց դիմում էի հարցերի դեպքում, ու նրանք շատ օգնում էին ինձ:
–Ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
-Իմ ոգեշնչման աղբյուրն իմ աշխատանքն է։ Ամեն հաջորդ աշխատանքում փոփոխություն է երևում, իսկ դա ինձ ավելի շատ է ոգեշնչում և մղում ավելիին։ Մարդկանց կարծիքները նույնպես` թե՛ վատ, թե՛ լավ:
–Կա՞ որևէ հայտնի դեմք, որին կցանկանայիք լուսանկարել, բայց դեռ անհասանելի է թվում:
-Շատ կուզենայի աշխատել @krischerie-ի հետ (Kristine Agabaian)։ Հայ է, բայց, ցավոք, այլ երկրում է ապրում: 2018 թվականին եղել է Հայաստանում, բայց ես դեռ հույսեր ունեմ, որ նորից կգա այստեղ, և վերջապես կկարողանամ աշխատել նրա հետ:
–Ֆոտոշոփն ի՞նչ դեր ունի լուսանկարչության մեջ, և ինչպե՞ս եք վերաբերվում ֆոտոշոփին:
-Ֆոտոշոփը շատ կարևոր է․ նկարն ավելի է գեղեցկացնում, և այն ավելի հաճելի է դառնում մարդկանց աչքի համար։ Լուսանկարչության մեջ ամեն մեկն ունի իր ճաշակը, և ֆոտոշոփի օգնությամբ լուսանկարիչն առանձնանում է իր ոճով, նրանով, թե ինչպես է տեսնում:
-Ի՞նչն եք սիրում Ձեր աշխատանքի մեջ և ի՞նչը՝ ոչ:
-Իմ աշխատանքը շատ հետաքրքիր է․ ամեն օր նոր ծանոթություններ, նոր դեմքեր։ Երբեք չեմ ձանձրանա, քանի որ ամեն օր նոր մարդկանց հետ եմ աշխատում։ Բացի դրանից, այն ինձ պարզապես դուր է գալիս․ երևի թե չկա աշխատանքիս հետ կապված մի բան, որ չսիրեմ:
– Ապագայի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք:
-Ծրագրերս շատ են․ մտածում եմ իմ անհատական ցուցահանդեսի, ստուդիա բացելու մասին, որը կտարբերվի ամեն ինչով, իսկ մնացածի մասին դեռ չեմ կարող խոսել:
Ռիտա Մնացականյան
2-րդ կուրս