ԲԱԶՄԱԹԻՎ ԽՈՇՈՐԱՑՈՒՅՑՆԵՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ Է

ԲԱԶՄԱԹԻՎ ԽՈՇՈՐԱՑՈՒՅՑՆԵՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ Է

960

Նախորդ տարի՝ «Թանգարանային գիշեր»-ի շրջանակում,  Տեր-Ղազարյանների միկրոարվեստի թանգարանն առաջին անգամ իր դռները բացեց  բոլորի առաջ:

Խոսել ենք Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերի հետ, ով  շարունակում է իր պապի` ՀՀ արվեստի վաստակավոր արտիստ, ծաղրանկարիչ, երաժիշտ Էդուարդ Տեր-Ղազարյանի գործը:

Պարոն Տեր-Ղազարյան,  ո՞ր տարիքից եք  սկսել հետաքրքրվել  Ձեր  պապի արվեստով:

-Միշտ ասել եմ, որ փոքր տարիքում կար նման երազանք, սակայն այն ինձ համար անիրականանալի էր թվում, հետո մեծացա, ընդհանրապես մոռացա այս ամենի մասին: Արդեն իրավաբանականը ավարտել էի և ուզում էի զբաղվել պրակտիկ իրավաբանությամբ, ու այդ ժամանակ պապիս եկավ, ասեց, որ ուզում է սովորեցնել ու փոխանցել իր մասնագիտությունը ինձ: Ասեցի` շատ լավ: Մի քիչ դժվար էր հասկանալը իր կատակն ու լուրջը, բայց, որ մի օր հաստատակամ ասեց` «Իջի, արկղերը բեր մեքենայից», հասկացա, որ լուրջ է, որովհետև գործիքներն էր բերել: Ասեց` «Նստի ու սկսի», այդ գաղափարը շատ ուժեղ է, որովհետև, երբ նստեցի ու սկսեցի ինչ-որ բան անել, իմ մեջ մի բան փոխվեց, ես հասկացա, որ իմ հին երազանքը ի կատար է ածվում: Երբ միասին մի փոքր աշխատեցինք, հասկացա, որ ուզում եմ սա դառնա իմ կյանքը և իսկ եթե  մի բան շատ ես ուզում ու աշխատում ես այդ ուղղությամբ, այն անպայման իրականություն է դառնում:

-Էդուարդ Տեր-Ղազարյանի մոտ ինչպե՞ս է առաջացել միկրոարվեստ ստեղծելու գաղափարը:

-Դա իր գրքում գրված է: Քանի որ նա նաև երաժշտական գործիքների վարպետ էր, դիրիժորներից մեկը խնդրել էր փոքրիկ ջութակ պատրաստել իր աղջկա համար: Պատրաստել էր փոքրիկ ջութակը, ու դրանից հետո միտք է հղացել ավելի փոքր ջութակ պատրաստելու, հետո ավելի փոքր, հասնելով մինչև 14 մմ-անոց ջութակի, ինչի վրա հնարավոր է նվագել: Այդպես միտք է ծնվում նաև ցորենի հասկի վրա փոքրիկ տրակտոր դնելու, դրա մասին շատ են գրում, ավելի քան 10 հաղորդում է արվել: Գերմանական «Berliner Zeitung» թերթը գրեց, որ մարդիկ կարդում են, բայց չեն հավատում, ինչպե՞ս կարող եք ապացուցել, ու այդպես 1.5 սմ-անոց մազի վրա նա գրում է` «Եղբայրական ողջույն հայ ժողովրդից Գերմանիայի ժողովրդին», ու այդ մազը ռուբիններով ամրացնում ու ուղարկում է: Մինչ այսօր այն ցուցադրվում է այնտեղ:

Հիմնականում ի՞նչ նյութեր եք օգտագործում և ինչերի՞ վրա եք աշխատում:

Կիսաթանկարժեք քարերի, կախված նրանից, թե գործի կոմպոզիցիան ինչ է պահանջում: Վերջում աշխատանքները տեղադրում ենք բրնձի հատիկի, մազի վրա, կամ ասեղի ծակի մեջ և այլն։

Ի՞նչ հետաքրքիր պատմություն կհիշեք, որ պատահել է աշխատելիս, կամ Ձեր պապի հետ:

Աշխատելիս փոշու հետ ես գործ ունենում ու այդ պահին անսպասելի փռշտում ես (իհարկե հիմա ես հատուկ դիմակով եմ աշխատում):

Պապս բրնձի հատիկը պատշգամբում դրել էր, որ չորանա, բայց «Փափագ» անունով աղունիկը եկել ու կերել էր այդ բրինձը: Այսպիսի պատմությունները շատ են:

Ե՞րբ առաջացավ թանգարան բացելու միտքը:

Թանգարանի միտքը միշտ եղել է, նույնիսկ անցած տարի ինձ շատ էին գրում, թե որտե՞ղ կան գործեր, որտե՞ղ կարող ենք տեսնել դրանք: Բացի այն, որ Էուարդ Տեր-Ղազարյանը ուներ աշխատանքներ թանգարաններին տված, ես նույնպես ունեի, օրինակ` Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում, Պատմության թանգարանում և այլն: Անցած տարի, Մշակույթի նախարարության և Քաղաքապետարանի հետ համատեղ, նշեցինք Էդուարդ Տեր-Ղազարյանի 95 ամյակը, ինչից հետո լրացավ ժամկետը, որ պետք է վերցնեինք աշխատանքները, ու հենց այդ ժամանակ մտածեցինք՝ ինչու՞ ոչ, կարելի է թանգարան բացել, որովհետև պահանջարկը մեծ էր, հենց դա էլ մեծ խթան հանդիսացավ թանգարան բացելու:

Այստեղ ամբո՞ղջն է ներկայացված, թե կան գործեր, որ այստեղ չեն:

Այստեղ գործերի շատ քիչ մասն է: Էդուարդ Տեր-Ղազարյանը 1000-ից ավելի աշխատանք է արել, բայց այստեղ ընդամենը 15-ն է ներկայացված, մյուս 10-11-ն էլ իմն են: Տեղը քիչ է, ուզում ենք մեծացնել: Մտածում ենք սրահի մեջտեղում ստենդ դնել, որ ավելի շատ աշխատանքներ ցուցադրվեն:

Հնարավո՞ր է արտասահմանում  նույնպես բացվի միկրոարվեստի թանգարան:

Հիմա ВДНХ-ում ( Выставка достижений народного хозяйства) ցուցադրվում են մեր գործերը, ես վարձով եմ տվել իմ հավաքածուի մի մասը: Բացի դրանից, նաև ԱՄՆ-ում ունենք շրջիկ ցուցադրություն: Այո, մտածում ենք նաև թանգարանի մասին:

Հիմա ունենք մի ծրագիր, և  փնտրում ենք հովանավոր, ով կֆինանսավորի նախագիծը, որը հնարավորություն կընձեռնի  մարզերում և սահմանամերձ գոտիներում նույնպես ցուցադրել միկրոքանդակները։ Ուզում ենք նաև զորամասերում կազմակերպել ցուցահանդեսներ:

Երբևէ առաջացե՞լ է միկրոարվեստի  դպրոց բացելու գաղափար:

Այո, մտածում եմ, որ պետք է միկրոքանդակագործության դպրոց հիմնել, որը կկրի Էդուարդ Տեր-Ղազարյանի անունը, որովհետև տաղանդավոր ազգ ենք, Վերնիսաժ, երբ մտնում ես, զարմանում ես, թե ինչ գործեր են անում: Բայց այս պահին դեռ որևէ քայլ չենք ձեռնարկել, չենք դիմել դպրոցի ֆինանսավորման համար, բայց մտքերը կան, այս արվեստը պետք է մնա հայ ժողովրդի մոտ, երեխաները ավելի կկատարելագործվեն հետագայում ու կզարմացնեն ամբողջ աշխարհին:

Եղե՞լ են մարդիկ, որ ցանկություն են հայտնել սովորելու այս արվեստը:

Այո՛, եղել են, բայց ինչ-ինչ պատճառներով ես հրաժարվել եմ, իսկ ծրագրերիս մեծ մասը դեռ իրագործված չէ:

Ո՞րն է Ձեր ամենասիրելի աշխատանքը, որ առանձնանում է մյուսներից:

Բոլորն էլ սիրում եմ, բոլորն էլ հավասարաչափ տանջում են: Այս բոլոր աշխատանքներն էլ ամիսներ են պահանջում, չի ստացվում միանգամից, նորից վերադառնում ես, նորից ու նորից։

Կարծես ինքդ քեզ մարտահրավեր ես նետում, որ պետք է նստես, անես հաղթահարես այդ պահը, ու բոլոր աշխատանքները, որ դուք տեսնում  եք, դրանք արդեն երկրորդ, երրորդ, չորրորդ նմուշն են, արդեն ավելի կատարելագործված ու պատրաստի:

Հենց այս պահին ինչ-որ գործի վրա աշխատու՞մ եք:

Հիմա շատ գործերի վրա եմ աշխատում, հա՛մ շարժական աշխատանքի, հա՛մ Էդուարդ Տեր-Ղազարյանի դիմանկարն եմ ուզում անել հենց բրնձի հատիկի վրա: Էլի մտքեր կան, բայց դեռ հում են:

Անի Սուքիասյան
4-րդ կուրս

Կիսվել