ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ ՊԵՏՔ Է ՕԳՏՎԵՆ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ ՊԵՏՔ Է ՕԳՏՎԵՆ ԻՐԵՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ

2168

Հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց ոչ բավարար ներգրավվածությունը աշխատանքային ոլորտում առաջին հերթին պայմանավորված է շենքային պայմանների անհարմարությամբ՝ գրասենյակներ, շենքային կառույցներ, կրթական հաստատություններ:

Րաֆֆի Գրիգորյանը 25 տարեկան է, քաղաք Աշտարակից։ Դպրոցական հասակում կրթությունը սկզբնական շրջանում ստացել է տնային պայմաններում, դպրոցում բավարար պայմաններ չլինելու պատճառով: Այնուհետև կրթությունը շարունակել է դպրոցում, որտեղ արդեն ներդրված է եղել ներառական կրթությունը, սակայն կրկին պայմանները համապատասխան չեն եղել սահմանված նորմերին:

«Չեմ կարող ասել, որ դպրոցում  պայմանները բավարար էին, հիմնական անհարմարությունը ստեղծում էին աստիճանները, թեքահարթակների բացակայությունը․ դրանք խանգարում էին իմ ազատ տեղաշարժի հնարավորությանը: Ուսուցիչներս լավ վերաբերմունք ունեին իմ նկատմամբ, բայց ընկերներս էին հիմնականում օգնում, դպրոցում էլ, դպրոցից դուրս էլ, իսկ հասարակական տրանսպորտից չեմ օգտվում նույն պատճառով, մեքենայով եմ տեղաշարժվում»,- պատմում է Րաֆֆին:

2019 թվականի դեկտեմբեր ամսին նա հիմնադրել է իր հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությամբ: Րաֆֆիին բոլոր հարցերում օգնում և աջակցում է հայրը: Այլ կազմակերպության չի դիմել՝ աշխատանքի ընդունվելու համար բացակայող պայմանների հանգամանքից ելնելով:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում հաշվառված է 188 000 հաշմանդամություն ունեցող անձ: Հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձինք մեծ դժվարությունների են բախվում կրթության, հետագայում նաև աշխատանքի ոլորտում։

«ԷԽՈ» հասարակական կազմակերպության նախագահ Սերյոժա Օհանջանյանը նշեց, որ պետության կողմից ընդունված որոշումները հաշմանդամություն ունեցող մարդկանց վերաբերյալ մնում են թղթային մակարդակում և իրականում  ոչ մի տեղաշարժ չի գրանցվում:

«Հաշմանդամություն ունեցող մարդիկ կարող են ունենալ խնդիրներ կյանքի բոլոր բնագավառներում՝ իրավունքների պաշտպանություն, հարմարավետ միջավայր: Երևանի քաղաքապետարանից մեզ հավաստիացրել են, որ երթուղային նոր ցանցի ներդրմամբ մատչելի կդառնան պայմանները հաշմանդամություն ունեցող մարդկանց նաև տեսողական, լսողական խնդիրներով մարդկանց համար: Սակայն սա միայն Երևանում, մարզերում կամ միջքաղաքային ուղևորափոխադրումներից օգտվող մարդկանց տրանսպորտից օգտվելու ոչ մի հնարավորություն չկա:»:

Ներառականությունը իրենից ենթադրում է այն գաղափարը, որտեղ համակարգը պիտի հարմարվի անհատին, ոչ թե անհատը համակարգին:

Փորձեցինք կապ հաստատել Աշտարակի տարածաշրջանային զբաղվածության կենտրոնի հետ և ճշտել, թե, ինչպես են փորձում հաշմանդամություն ունեցող անձանց օգնել աշխատանքի ընդունման հարցում և ինչքան է կազմում դիմողների թիվը: Մեր զանգերը, սակայն, անպատասխան մնացին:

Սվետլանա Դավթյան

2-րդ կուրս

Կիսվել