Ի ՎԵՐՋՈ ՀԱՂԹԵՑ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ի ՎԵՐՋՈ ՀԱՂԹԵՑ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1637

«Զրույց առաջին կուրսեցու հետ» շարքը պատմում է ԵՊՀ-ի նորեկ ուսանողների մասին, ներկայացնում, թե ինչպիսին էր  նրանց կյանքն ու առօրյան համալսարան ընդունվելուց առաջ և ինչպիսին է հիմա։

Մեր հերթական զրուցակիցն է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Ռոզա Խաչատրյանը։ Նա պատմել է մանկուց ունեցած մասնագիտական հետաքրքրությունների, կյանքում տեղի ունեցած փոփոխությունների ու նախասիրությունների մասին:

-Ի՞նչ նախասիրություններ ունեիք դպրոցական տարիքում, արդյո՞ք դրանք մասնագիտական էին:

-Նախասիրություններս շատ էին։ Հետաքրքրվում էի գրեթե ամեն ինչով՝ սպորտ, մշակույթ, պատմություն։ Բայց կարող եմ ասել, որ դեռ դպրոցական տարիքից սիրել եմ դերասանական արվեստը. դպրոցական միջոցառումների մշտական մասնակիցն էի։

Մասնագիտական ընտրությունը դժվար չի եղել, բայց տատանվում էի՝ կամ լրագրողի մասնագիտությունը պիտի ընտրեի,  կամ դերասանի։ Ի վերջո հաղթեց լրագրությունը, որովհետև 11 տարեկանից հաճախել եմ լրագրողական ստուդիա։ Սիրում եմ մասնագիտությունս ու վստահ եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել։

-Նշեցիք՝ հաղթեց լրագրությունը. ի՞նչ կար լրագրության մեջ, որ չկար դերասանի մասնագիտության մեջ հիմա չե՞ք փոշմանել:

-Ինչքան էլ շատ էի սիրում դերասանական արվեստը, բայց լրագրության մեջ ինչ-որ ձգող բան կար. միգուցե նրանից էր, որ ստուդիայում ինձ դասավանդում էին ոլորտի մասնագետներ, ինչն էլ մղեց՝ ավելի  սիրելու  այն։  Ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվելը կյանքիս լավագույն ձեռքբերումներից է։ Ու միանշանակ կարող եմ ասել, որ չեմ փոշմանել։

-Նախքան ընդունվելը եղե՞լ են կարծրատիպեր՝ կապված ուսանողական կյանքի կամ համալսարանի հետ: Իրականում կա՞  նման բան:

-Իրականում միշտ չէ, որ պատկերացումներդ համապատասխանում են իրականությանը։ Համալսարանական կյանքը միշտ պատկերացրել եմ դիտածս ֆիլմերի նման. ցերեկները սովորել, իսկ երեկոյան ուրախանալ ընկերների հետ։ Բայց հիմա այլ է, ամբողջ օրդ նվիրում ես դասերին, բայց կարծում եմ՝ այսպես ավելի լավ է, որովհետև ժուռնալիստիկայի ֆակուլտետում դասերը շատ հետաքրքիր են անցնում։ Կարող եմ հստակ ասել, որ դու ինքդ ես քո օրը ստեղծողը և կարող ես այն հետաքրքիր դարձնել։

-Բնավորության գիծ, մտածելակերպ փոխվե՞լ է: Զգում ե՞ք, որ այլևս աշակերտ չեք ։

-Միանշանակ հասունացել եմ։ Երբ աշակերտ էի, ամեն ինչին ավելի թեթև էի նայում, որոշ հարցերին՝ իմիջայլոց։ Այժմ ուսանող եմ՝ հասուն մարդ։ Երբ ունես հստակ նպատակ և դրա ճանապարհին ես, պատասխանատվությունդ ավելի է մեծանում, օրդ հագեցած է անցնում։ Ճիշտ է, լինում են օրեր, երբ չափից դուրս հոգնած եմ լինում, բայց հաճելի հոգնածություն է։ Համալսարանը տալիս է հնարավորություններ, որոնցից ուղղակի պետք է օգտվել։ Ամեն դեպքում պետք է միշտ լինել աշխատասեր ու անընդհատ ինքնակրթությամբ զբաղվել, հակառակ դեպքում չես հասնի նպատակներիդ։

-Ի՞նչը կփոխեիք, որ  ավելի լավը դարձնեիք համալսարանը, կամ իրականությունը լիարժեքորեն համապատասխանու՞մ է  պատկերացումներին:

-Համալսարանի  ՈւԽ-ը և ՈւԳ-ը կազմակերպում են հետաքրքիր հանդիպումներ, միջոցառումներ, որոնք օրդ ավելի հետաքրքիր են դարձնում։ Ամեն մեկս պետք է ներդրում ունենանք, որ համալսարանը դառնա էլ ավելի լավը, թեկուզ, հենց մեր լավ սովորելով ու աշխատասիրությամբ։

-Ի՞նչ խորհուրդ կտաք դիմորդներին, մասնագիտություն ընտրելիս:

– Մինչ ընդունվելը նախ հարց տվեք ինքներդ ձեզ. ո՞ր մասնագիտությունն է ձեզ հոգեհարազատ, ո՞ր ասպարեզում եք ձեզ տեսնում ապագայում, կամ, միգուցե արհեստն է ձե հետաքրքրում։ Պետք չէ լսել բարեկամներին, ծանոթներին, որ անընդհատ ասում են՝ այդքան սովորես, հետո որտե՞ղ ես աշխատելու։ Եթե ձեր ոլորտում լինեք լավագույնը, դուք աշխատանքի խնդիր հաստատ չեք ունենա։

Սիրելի՛ դիմորդներ, լսե՛ք ձեր սրտին, ընտրե՛ք այն, ինչ սիրում եք և երբեք մի՛ կասկածեք ձեր ուժերին։ Դեպի նպատակներ տանող ճանապարհը սկզբում դժվար կլինի, բայց երբեք չհիասթափվեք, քանի որ եթե կա մեծ ցանկություն և աշխատասիրություն, ապա ձեզ համար փակ դռներ չեն լինի։

Հիմա փորձենք հասկանալ որոշ հարցերում  ինչպե՞ս են փոխվել աշակերտ Ռոզայի և ուսանողուհի  Ռոզայի մոտեցումները:

-Ի՞նչ սկզբունքներով էր առաջնորդվում աշակերտուհի Ռոզան, և ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում ուսանողուհի Ռոզան:

– Միշտ  էլ սկզբունքային մարդ եմ եղել։ Տարիների ընթացքում որոշ  բաներ փոխվել են, որովհետև այն ժամանակ փոքրիկ աղջնակ էի՝ աշակերտական աթոռին, իսկ հիմա հասուն աղջիկ եմ դարձել։

Ահա՛ սկզբունքը, որ տարիների ընթացում չի փոխվել և որով առաջնորդվում եմ. «Երբե՛ք չլսել որևէ  մեկին, լինել վստահ, և եթե ունես հստակ նպատակ, ուրեմն հաստատուն քայլերով հասնել դրան՝ չվախենալով խոչընդոտներից։

-Աշակերտուհի Ռոզայի և ուսանողուհի Ռոզայի ամենասիրելի գիրքը:

-Ամեն կարդացած գիրք յուրովի եմ սիրում։ Դպրոցական տարիներին կարդացածս գրքերից կարող եմ առանձնացնել «Փոքրիկ իշխանը»։

Կթվեմ մի քանի գրքեր, որոնք խորհուրդ կտամ ուսանողներին ընթերցել․ «451° ըստ Ֆարենհայթի», «Դորիան Գրեյի դիմանկարը», «Կեցության անտանելի թեթևությունը», «Վերոնիկան որոշում է մահանալ», «Դա Վինչիի ծածկագիրը»։ Ցանկը կարելի է շարունակել,  բայց սրանք ինձ համար առանձնահատուկ գրքեր են։

Ռոզա՛, լավատեսորե՞ն եք մոտենում ցանկացած հարցի:

 Անկախ ամեն ինչից՝ միշտ պետք է լավատես լինել ու կյանքը ներկել վառ գույներով, որովհետև մեր կյանքի ներկապնակը հենց մեր ձեռքում է:

-Ինչպե՞ս  էիք  կազմակերպում  Ձեր ազատ  ժամանակը դպրոցական տարիներին և հիմա։

-Ամեն ինչ արել եմ, որ օրս հագեցած անցնի։ Դպրոցին զուգահեռ գնում էի ստուդիաներ,  մասնակցում միջոցառումների, որոշ ժամանակ եղել եմ  որպես կամավոր Հանրային ռադիոյի «Զարթուցիչ»  ծրագրի շրջանակում։  Ազատ ժամանակս նվիրում եմ ընկերներիս, ընտանիքիս, գիրք եմ կարդում և ֆիլմեր դիտում։ 

Քնարիկ Վարդանյան
1-ին կուրս

Կիսվել