«ՍԿԶԲՈՒՄ ՈՉ ԲՈԼՈՐՆ ԷԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍԵՐԻՆ, ԲԱՅՑ ՕՐ ՕՐԻ ԽՈՒՄԲԸ...

«ՍԿԶԲՈՒՄ ՈՉ ԲՈԼՈՐՆ ԷԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍԵՐԻՆ, ԲԱՅՑ ՕՐ ՕՐԻ ԽՈՒՄԲԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է»․ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1330

Հայաստանում արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներն անցել են հեռավար ուսուցման մեթոդին: Արմավիր մարզի Քարակերտ գյուղում նույնպես ուսումնական գործընթացը շարունակվում է հեռավար:

Քարակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում սովորող Մելանյա Պողոսյանի մոտ հենց առաջին դասից հետո հակասական տպավորություն է ստեղծվել:  Նրա խոսքով՝ մի կողմից նախընտրելի է հիմա դասերն այսպես լրացնելը, հատկապես իր ու բոլոր այն աշակերտների համար, ովքեր  այս տարի ավարտական դասարում են սովորում և ամռանն ընդունելության քննություններ ունեն: Մյուս կողմից էլ, նա չի կարծում, որ հեռավար դասերն արդյունավետ են. «Առաջին դասից հետո հասկացա, որ ավելի շատ էներգիա ծախսեցի ու շատ հոգնեցի: Ցանցը ծանրաբեռնվում է աշակերտների թվի պատճառով, հատկապես գյուղական պայմաններում ինտերնետային կապն այնքան էլ արագ չէ»,-ասաց Մելանյան:

Նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Նոյա Կարապետյանի կարծիքով՝ արտակարգ դրության պայմաններում ավելի նպատակահարմար է հեռավար ուսուցումը, բայց այն ամբողջապես չի ծառայում իր նպատակներին. «Ուսուցիչների մատուցման ձևն ընկալելի է, բայց կապի ընդհատումները խանգարում են դասի լիարժեք իրականացմանը»,-նշեց Նոյան:

«Ես էլ եմ կարծում, որ հեռավար ուսուցումն այնքան էլ արդյունավետ չէ: Եթե առաջ ուսուցիչը տեսնում էր, թե աշակերտն ինչով է զբաղված կամ ինչպես է պատրաստվել դասին, այս դեպքում այդ հնարավարությունը չկա»,-մեզ հետ զրույցում ասաց թիվ 1 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Մելինե Հակոբյանը:

Թիվ 1 դպրոցում  հայոց լեզու և գրականություն դասավանդող Կարինե Դավթյանի խոսքով՝ սկզբնական շրջանում դասերը հեռավար կազմակերպելը շատ հոգնեցուցիչ և աշխատատար գործընթաց էր: Բայց, հավատացնում է, որ այս պարագայում երեխաներն ավելի պատրաստակամ և սիրով են մասնակցում դասերին. «Նույնիսկ այն երեխաները, որ դասերին ծուլանում էին, հիմա ակտիվ անգիրները սովորում, նկարում և ուղարկում են»,-ասաց ուսուցչուհին:

Սակայն տնից աշխատելն իր համար ոչ միայն դժվար է, այլև անցանկալի, քանի որ անմիջական շփման կողմնակից է: Սիրում է իր աշակերտներին, երբ նրանց աչքերը չի տեսնում, դասը լիարժեք չի համարում: Բայց զարմանում է, թե ինչպես են իր 8-րդ դասարանի աշակերտները կարողանում այդքան լրջությամբ վերաբերվել  հեռավար դասերին. «Նրանք, որ իրար երբեք չէին զիջում, հիմա շատ հարգալից են իրար նկատմամբ, լուռ սպասում են խոսելու իրենց հերթին, ավելորդ աղմուկ չեն առաջացնում, մեջ չեն ընկնում»,-ավելացրեց Կարինե Դավթյանը:

Նրա խոսքով՝ սկզբում ոչ բոլորն էին մասնակցում դասերին, բայց օր օրի խումբը մեծանում է: Աշակերտների մի մասի համար ուղղակի հնարավոր չէ ինտերնետային կապ ապահովել: Շատերի կապն ընդհատվում է, բայց նրանք համբերատար սպասում են, մինչև մյուսները կմիանան. «Ես օգտվում եմ viber-ից, messenger-ից, քանի որ  zoom-ը ոչ բոլորին է հասանելի: Մենք իրար չենք տեսնում, միայն լսում ենք, որովհետև կապը երբեմն չի հերիքում»,-ամփոփեց նա:

12-րդ դասարանի աշակերտուհի Մելանյայի խոսքով՝ դասի ընթացքն անաղմուկ է անցնում, ուսուցիչներն էլ նույն ինֆորմացիան են տալիս, բայց խոստովանում է, որ այս տարբերակով ընկալելն ավելի դժվար է: Ժամանակն էլ չի հերիքում բոլորի հարցերին պատասխանելու համար. «Ինտերնետային կապի հետ ևս խնդիրներ են լինում: Աշակերտներ կան, որ համակարգիչներ, սմարթֆոններ չունեն ու իրենց հետ կապ հաստատելը շատ դժվար է լինում: Աշակերտներ էլ կան, որ հարևանի տուն են գնում ինտերնետից կամ համակարգչից օգտվելու համար»,- ասաց Մելանյան:

11-րդ դասարանում սովորող Նոյան ասում է, որ հանձնարարությունները տրվում են այնքան, որքան կա ծրագրում: Բոլոր դասերն իրենց ժամանակին են անում. չկա մի առարկա, որ դուրս մնացած լինի դասացուցակից՝ բացի ֆիզկուլտուրայից. «Դե բնական է, որ դպրոցում գրատախտակի օգնությամբ ավելի հեշտ ու ընկալելի կլիներ սովորելը»,-նշեց նա:

Թիվ 1 դպրոցում քիմիա դասավանդող Նելի Բարեյանի խոսքով՝ դասին ոչ բոլոր աշակերտներն են մասնակցում, այս կամ այն պատճառներով: Նա սիրում է դասի ժամանակ գրատախտակը շատ օգտագործել, սխեմաներ գծել, իսկ օնլայն տարբերակով դա չի ստացվում. «Իմ առարկան կապված է ռեակցիաների, խնդիրների լուծման հետ, որը շատ հաճախ դժվար է լինում բանավոր կերպով իրականացնել»,-ասաց քիմիայի ուցուցչուհին:

Նրա խոսքով` հանձնարարությունները ստուգելը, ինչպես նաև գնահատելը դժվար է: Նա կարծում է, որ այսպես հնարավոր չէ լիարժեք գնահատականներ ապահովել. «Ամեն դեպքում ուսուցչի և աշակերտի անմիջական շփումը, դասարանը, գրատախ- տակը, զանգը և դասամիջոցը ոչնչով փոխարինել չի լինի»,-ասաց Նելի Բարեյանը:

Նա նշեց նաև, որ կան երեխաներ, ովքեր տանը մեկ հեռախոսից են օգտվում և հաճախ դժվարանում են դասին մասնակցել, որովհետև այդ ժամին իրենց  քույրը կամ եղբայրն է դաս անում:

«Դե, համենայն դեպս, էս տարբերակով բոլոր առարկաներն էլ դժվար են յուրացվում, նույնիսկ այն առարկաները, որոնք առաջ ավելի հեշտ էին»,- ասաց 12-րդ դասարանում սովորող Մելինե Հակոբյանը:

Նույն դասարանում սովորող Մելանյա Պողոսյանի համար պատմողական առարկաներն ավելի հեշտ են ընկալվում. կարդում են դասը, վերլուծում, պատասխանում ուսուցիչների հարցերին, տալիս են իրենց հարցերը, և ստանում տնային հանձնարարություն. «Իսկ կոնկրետ ինձ համար ավելի դժվար է ընկալել բնագիտական առարկաները, հատկապես տվյալ առարկաների կիրառական (գործնական) դասերը»,-հավելեց Մելանյան:

Քիմիայի ուսուցչուհու խոսքով դժվարությունները կապված են լինում խնդիրներ լուծելու հետ. «Փորձում եմ այնպիսի խնդիրներ ընտրել, որ շատ երկար չլինեն և բանավոր բացատրելը հեշտ լինի»,-ասաց Նելի Բարեյանը:

Տիկին Գայանեն, ում աղջիկը 7-րդ դասարանում է սովորում, կարծում է, որ համակարգն ունի իր և´դրական, և´ բացասական կողմերը: Իր խոսքով, ամեն դեպքում, դպրոց գնալն ավելի արդյունավետ է.« Իհարկե, երեխաներն այսպես ավելի շատ գիտելիքներ չեն ստանում, քանի որ կապերը ծանրաբեռնված են. ամեն պահի կարող է ընդհատվել և դասը խափանվել: Անգամ մեկ դաս բաց թողնելը հետագայում երեխայի վրա լավ չի անդրադառնում»,-նշեց տիկին Գայանեն:

Նույն դպրոցի 12-րդ դասարանում սովորող Մելանյան ասաց, որ խնդիրը օրվա  հստակ բաշխված չլինելն է․ դասերն անում են ամբողջ օրվա ընթացքում, այսինքն չունեն հստակ ժամ՝  ե՞րբ սկսել և ե՞րբ վերջացնել. «Այդ պատճառով էլ հանձնարար- ությունների համար ավելի քիչ ժամանակ է մնում, ինչի պատճառով էլ ավելի շատ էներգիա ենք ծախսում, ու ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ տրվածը սովորականից շատ էր»,-ասաց նա:

Թիվ 1 դպրոցում հանրահաշիվ և երկրաչափություն դասավանդող Ամալյա Ներսիսյանի խոսքով՝ աշակերտները մեծ ոգևորվածությամբ են մասնակցում դասապրոցեսին. «Պատրաստակամ են, ինչն ավելի է պարտավորեցնում: Միշտ էլ նորարարությունը խթանում է աշակերների մեջ արթնացնել նոր բան սովորելու ձգտումը»,-ասաց թիվ 1 դպրոցի ուսուցչուհին:

Բայց այն  ունի նաև իր բացասական կողմերը: Նախ շատ են հոգնում, հետո կան ընտանիքներ, որ ունեն կապի դուրս գալու մեկ միջոց, իսկ տանը կա 3 սովորող երեխա. «Ժամային առումով բախումներ են լինում և երեխան դուրս է մնում դասապրոցեսից, իսկ դա բերում է նրան, որ այդ նյութը նորից պիտի անցնեմ»,-նշեց Ամալյա Ներսիսյանը:

Դպրոցի տնօրեն Աշխեն Մինասյանի խոսքով իրենց համար դժվարությունները կայանում էին նրանում, որ ոչ բոլորն ունեն համապատասխան տեխնիկա և ինտերնետային կապ. «Այդ պատճառով ծնողները ստիպված են լինում լիցքավորել հեռախոսները, որն էլ դժգոհության պատճառ է հանդիսանում, հատկապես այն ընտանիքների մոտ, ովքեր ունեն մեկից ավելի երեխաներ»,-ասաց տնօրենը:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ այս իրավիճակն ավելի շեշտված է դարձնում երկրում առկա անհավասարությունները: Եթե նախկինում դասարանի բոլոր աշակերտները նույն համակարգիչներից, գրադարանից էին օգտվում,ապա հիմա ամեն մեկն իր տանն է. «Եվ, եթե տանը համակարգիչ, ինտերնետ, առանձին սենյակ չկա, ապա աշակերտը զրկվում է կրթության հնարավորությունից: Այս երեխաները ոչ միայն հետ կմնան, այլև իրենց խտրականացված և օտարված կզգան»,-նշեց փորձագետը:

Տնօրենի խոսքով` նրանք նախկինում այս համակարգով աշխատելու փորձ ունեցել են: Խոսքը Dasaran.am-ի մասին է: Ուսուցիչներից յուրաքանչյուրն ամեն օր այնտեղ իր գրառումներն է անում՝գնահատականներ, տնային հանձնարարություններ, աշակերտների բացակայությունների մուտքագրում և այլն:

«Ես կառաջարկեի Հանրային հեռուստաընկերության ալիքն ամբողջությամբ տրամադրել հեռավար ուսուցմանը: Մենք դասերն անցկացնում ենք այն հարթակներով, որոնք տվյալ պահին հասանելի են երեխաներին՝ viber, zoom, messenger, whatsapp»,-հավելեց տնօրենը:

Իսկ մեր այն հարցին, թե աշակերտը միայն հեռուստատեսությամբ նայելով՝ կարող է յուրացնել թեման, կրթության փորձագետն ասաց, որ չի կարող, քանի որ հետադարձ կապ չկա. «Երեխան չի կարող հարցեր տալ: Բայց սա հնարավորություն է ինչ-որ բան սովորելու համար»,-նշեց Սերոբ Խաչատրյանը:

Էլիզա Գրիգորյան

2-րդ կուրս

Կիսվել