«Երբ ինչ-որ չափով տիրապետում էի գործիքին, հայրիկիս ասացի, որ նա ինձ նոր կիթառ գնի, իսկ նրա պատասխանն էր՝ դու երաժի՞շտ ես դառնալու, թե՞ ծրագրավորող» (ժպտում է),- մեզ հետ զրույցում նշեց կիթառահար Արտյոմ Դադունցը։
Կիթառ․ գործիք, որի ելևէջները դիպել են և շարունակում են դիպչել շատերի սրտերին, այդ թվում նաև իմ։ Ուստի որոշեցի գրել կիթառի մասին, որը, ըստ իս, ունի մարդուն բնորոշ որոշ հատկություններ: Օրինակ՝ կիթառի հետ կարելի է խոսել քո մտորումների մասին, հանգստանալ, նրան տալ այն, ինչ զգում ես առհասարակ։
Կիթառահարուհի Գայանե Ավդալյանը գրեթե տասը տարի է, ինչ նվագում է։ Միշտ երազել է տիրապետել գործիքին. «Տասներեք տարեկանում հորեղբայրս կիթառ նվիրեց ինձ։ Դրա մեջ ինձ գրավել էր բացառապես ձայնը, հատկապես՝ թավ ձայնը։ Կիթառն ինձ օգնում է, որ արտահայտեմ իմ բոլոր զգացողությունները, ապրումները։ Կիթառի միջոցով շատ հեշտ կարողանում եմ դուրս թողնել զգացումներս»։
Ինքս ունկնդրել եմ Գայանեին։ Նա իր ապրումները կիթառի և իր ձայնի միջոցով փոխանցելու հիանալի տաղանդ ունի։ Շատ դժվար է անտարբեր անցնել նրա կատարումների և ստեղծագործությունների կողքով։
Գայանեն կիթառի հետ կապված շատ-շատ հուշեր ունի, բայց ընդգծեց ամենակարևորը․ «Կիթառս «շուրջերկրյա ճանապարհորդ» է․ ինձ հետ գրեթե ամբողջ աշխարհով ման է եկել։ Եվ ամեն վայրից վերադառնալիս՝ ես իր վրա միշտ մի փոքր բան գրում էի»։ Կիթառահարուհին ասաց, որ գործիքից հիասթափություններ չեն եղել․ «Ուղղակի եղել են փուլեր, որ մենք իրարից «հանգստացել ենք»»։
Ահա, թե որքան մեծ դեր է ունեցել գործիքն իր կյանքում․ «Առանց կիթառի Գայանեի կերպարը չէր լինի այն, որը հիմա է»։
Արտյոմ Դադունցի համար էլ շարժառիթ է եղել այն, որ հորեղբայրը դեռ խորհրդային շրջանից ունեցել է կիթառ, և նրանց տուն գնալիս Արտյոմը միշտ փորձել է հին, ոչ լարված կիթառով ինչ-որ երաժշտություն ստանալ, և այդտեղից էլ առաջացել է սերը կիթառի հանդեպ. «Հետո համոզեցի ծնողներիս, որ ինձ կիթառ գնեն ու սովորեմ նվագել։ Ծննդյանս օրը նրանք ինձ անակնկալ մատուցեցին, և ստացա այդքան սպասված գործիքը։ Արդեն գրեթե ինը տարի է՝ նվագում եմ։ Դեռ մանկուց սիրահարվել էի գործիքին, սիրում էի Հախվերդյանի, Մեսչյանի երգերը, իսկ նրանք փայլուն վարպետներ են։ Գործիքն արդեն իսկ իմ ձեռքերի մեջ հանգստություն է տալիս. կիթառի շնորհիվ արտահայտվում ես մի ուրիշ լեզվով, դա անբացատրելի հաճույք է։ Գործիքի շնորհիվ ծանոթացել եմ շատ լավ մարդկանց հետ։ Ինձ համար առանձնակի հաջողություն էր բենդի հետ նվագելը, իսկ դրա էներգիան և հաճույքը տիեզերական է»։
Իսկ ես Հասմիկն եմ, ում կյանքում ևս կիթառի դերն անգնահատելի է։ 2016 թվականը դիմավորեցի կիթառով. այն հայրիկիս ամանորյա անակնկալն էր: Գործիքը նվագելու շարժառիթս ապրիլյան պատերազմն էր։ Ես գիտեի ընդամենը երկու ակորդ, որով գրեցի առաջին ստեղծագործությունս։
Հետագայում ստացա նաև երկրորդ կիթառս, որին անվանել եմ Նախշունիկ: Այն չափսերով ավելի մեծ է, ձայնով՝ ավելի հնչեղ: Ու դրա շնորհիվ՝ ավելի մեծ ու հնչեղ են իմ ելույթներն ու տպավորությունները: Կիթառն իմ հոգեբանն է, այն օգնում է ճանաչել ու հասկանալ ինքս ինձ, գտնել իմ տեղը, դրսևորվել։ Ինձ համար կիթառի հնչյունները դեղամիջոց են, որոնք կարող են օգնել ցանկացած իրավիճակում:
Կիթառս «շնչել է» ու ինձ հետ հավասար շարունակում է «շնչել» ոգեշնչում, հիասթափություն, սիրահարվածության թրթիռներ, դժվարություններ, անգամ քաղաքի օդը, երթուղայինում առկա փոշին ու ուտելիքի անուշ բուրմունքները: Գործիքն իմ խաղաղության ու հանգստության միջոցն է, «հոգուս գաղտնիքների» ու ապրումներիս պատասխանատու լսողն ու իր մեջ պահողը: Նրա հիմնական ներկայացուցիչները` լարերը, երբեք մենակ չեն թողնում ինձ, չեն կտրվում այն ժամանակ, երբ դեռ արտահայտվելու կարիք ունեմ: Գուցե առանց կիթառի ես չլինեի այն, ինչ հիմա եմ:
Հասմիկ Անդրեասյան
2-րդ կուրս