ՍԱՀՄԱՆԻՆ ՄՈՏ ԱՊՐՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԴ «ԱՇՈՏ ՊԱՊ...

ՍԱՀՄԱՆԻՆ ՄՈՏ ԱՊՐՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԴ «ԱՇՈՏ ՊԱՊ Է»

823

Հեռուստացույցով կամ համացանցում հաճախ լսել, կարդացել եք՝ Հայաստանի հյուսիս-արևեյան սահմանին լարվածություն կա, հնչել են կրակոցներ կամ կան զոհեր..

Հայաստանում հյուսիս-արևելյան սահմանը Ադրբեջանի հետ ամենամեծ շփման գիծ ունեցողն է, Այգեպար գյուղը՝ այդ մեծ գծի փոքրիկ հատվածը։ Ինչպես բոլոր սահմանային գյուղերում, այնպես էլ այստեղ տարվա չորս եղանակներին կյանքը եռում է։ Մանավանդ գարնանը՝ վարուցանքի ժամանակ, կտեսնեք այստեղ-այնտեղ շտապող գյուղացիների, որոնք այս օրերին «վազում» են, որ աշնանը և ձմռանը հանգիստ վայելեն բերքը։

Գյուղի փողոցներում հաճախ կտեսնեք Աշոտ Ադամյանին. գյուղում նրան Աշոտ պապ են ասում։ Գյուղացիները զարմանքով են խոսում նրա՝ ամեն ինչ հասցնող տեսակի մասին․ առավոտյան այգին է խնամում, կեսօրին մեղուների մոտ է լինում, իսկ երեկոյան՝ գյուղամիջում՝ հարևաների հետ թղթախաղ է խաղում։

Աշոտ պապի կինը՝ Անահիտ Գալստյանը, պատմում է, որ իր ամուսինը գրեթե ամեն ինչ տեսել է՝ Արցախյան ազատամարտից մինչև քառօրյա մարտեր, Խորհրային միությունից մինչև մերօրյա հեղափոխություն։ 

 «Արցախյան ազատամարտին չի մասնակցել,- պատմում է Անահիտ տատը,- բայց այստեղի՝ Այգեպար գյուղի սահմանն է պահել, այդ տարիներին այստեղն էլ էր լարված։ Իսկ մենք՝ գյուղի  կանայք, հաց էինք թխում, հող էինք վարում, մի խոսքով՝ հա՛մ տղամարդու գործն էինք անում, հա՛մ կանանց, որ մեր տղամարդիկ հանգիստ սահման պահեն»:  Աշոտ պապի հիշողություններում 2016 թվականի ապրիլյան դեպքերը դեռ թարմ են։ Շատ լավ է հիշում՝ Արցախում մարտեր ընդհանալուն զուգահեռ, Այգեպարում էլ էր լարված՝ ամեն օր հակառակորդի կողմից հնչող կրակոցներ, ապաստարաններում անցկացրած գիշերներ։

«Մայիս ամիսն են «վայիս» ասում գյուղացիները, բայց ապրիլն իսկական «վայիս» էր բոլորիս համար: Ես իմ կյանքում շատ բան էի տեսել, բայց խորը ծերությունում ավելի մեծ ցավ էի ապրում, որովհետև դժվար է տեսնել, թե ինչպես են երիտասարդ տղաները  զոհվում, վիրավորվում, դժվար է տեսնել, թե ինչպես է տղայիս տունը կրակոցից վնասվում, կամ հարևանս՝ կրակոցի ձայնից վատանում»,- անկեղծանում է Աշոտ Ադամյանը:

Աշոտ պապը  յոթանասունհինգ տարեկան է, բայց  գյուղատնտեսական ոչ մի միջոցառում բաց չի թողնում՝ վարում, ցանում, խնամում, հավաքում է բերքը։ Հիմա էլ խաղողի այգին է մշակում. էտի ժամանակն է, բայց հաճախակի չի գնում խաղողի այգիներ. ասում է՝ վտանգավոր է՝ հակառակորդի դիրքերին շատ մոտ։ Խաղողի այգի գնում է կա՛մ առավոտյան, երբ դեռ մութ է, կա′մ երեկոյան, երբ էլի մութ է, որ չերևա։ Աշոտ Ադամյանը փաստում է՝ եթե ապրում ենք նման հակառակորդի հետ կողք կողքի, ուրեմն պետք է զգույշ լինել, որովհետև նմաններից ամեն ինչ սպասելի է։ Նաև հատուկ շեշտեց. «Կրկնում եմ՝ պետք է զգույշ լինենք, բայց ո՛չ խեղճացած»:

Աշոտ պապն ունի երեք զավակ, յոթ թոռ, երկու ծոռ: Բոլորն էլ կրակոցի տակ են մեծացել, բոլորն էլ զգացել են ապաստարանի սառնությունը և բոլորն էլ իսկական կռիվ-կռիվ խաղալ գիտեն։ Ամենափոքր ծոռը՝ Անահիտը, 5 տարեկան է, մյուս տարի դպրոց է գնալու, ասում է՝ աչքի բժիշկ է դառնալու, որ պապիկի աչքերը բուժի, էլ ակնոցներ չկրի։

Սահմանին մոտ ապրող յուրաքանչյուր մարդ «Աշոտ պապ» է, յուրաքանչյուրը՝ մեծից փոքր, Աշոտ պապի կյանքով է ապրում՝ մեկ օր մեղունների մոտ, մեկ օր խաղողի այգում, մեկ օր էլ ապաստարանում։

Լիա Ավագյան

2-րդ կուրս

Կիսվել